Quantcast
Channel: Hairenik Weekly Newspaper
Viewing all articles
Browse latest Browse all 8334

ՏԱՍՆԱՄԵԱՅ ՎԱՂԵՄՈՒԹԵԱՆ ԴԱՒԱԴՐՈՒԹԻՒՆ

$
0
0

levon-ter-petrosyan  Գէորգ Աղապապեան
(յապաւումով)

Խորհրդարանում Եւրասիական Տնտեսական Միութեանն անդամակցելու պայմանագրերի քննարկման ժամանակ Հ.Յ.Դ. խմբակցութիւնը հրապարակ հանեց դեռեւս 1993-ին կնքուած եւ 1994-ին վաւերացուած` Ռուսաստանի հետ տնտեսական միութիւն ստեղծելու մասին միջազգային պայմանագիրը, որն ուժի մէջ է առ այսօր:
Տասնամեայ վաղեմութեան այդ պայմանագրով նախատեսուել է իրականացնել միասնական դրամավարկային, պիւտճէական, հարկային, արտաքին տնտեսական եւ մաքսային քաղաքականութիւն:
Այսինքն` նախատեսուած է եղել, որ Հայաստանը գրեթէ ամբողջութեամբ զրկուելու էր իր տնտեսա-քաղաքական ինքնիշխանութիւնից:
Հայաստանի նիւթական հարցերի փոխնախարար Սուրէն Կարայեանը Ազգային Ժողովի ամպիոնից հաստատել է ոչ միայն այդ պայմանագրի առկայութիւնը եւ դրա` ուժի մէջ լինելու իրողութիւնը, այլեւ այն, որ դա շատ աւելի կոշտ եւ Հայաստանի գերիշխանութեանը հարուածող փաստաթուղթ է, քան Եւրասիական Տնտեսական Միութեան մաս կազմելու` վաւերացման ներկայացուած պայմանագիրը: Նա միայն յաւելել է, որ խօսքը վերաբերում է ոչ թէ Հայաստանի կողմից կատարման ենթակայ ինչ-որ պարտաւորութիւնների, այլ ցանկութիւնների:
Ասել, թէ Հ.Յ.Դաշնակցութիւնն ու տնտեսութեան
փոխնախարարը ցնցում բացայայտում են արել, նշանակում է չասել ոչինչ: Այն փաստը, որ Եւրասիական Տնտեսական Միութեան անդամակցութեան մասին պայմանագրի վաւերացումը տեղի է ունենում տասնամեայ վաղեմութեան համաձայնագրի` ուժի մէջ գտնուելու պայմաններում, նշանակում է, որ իրականում ներկայումս տեղի ունեցող գործընթացի հիմքերը դրուել են հէնց 1994-ին:
Աւելին` պայմանագրի վաւերացումը, ապա նաեւ Յունուարից արդէն Եւրասիական Տնտեսական Միութեան Հայաստանի անդամակցութիւնը հէնց 1994-ին վաւերացուած եւ նոր միայն բացայայտուող պայմանագրի կատարման հանգրուաններից մէկն է: Եւ եթէ այս տեսանկիւնից ենք մօտենում հարցին, ապա կարելի է այլեւս եզրակացնել, որ մինչ այդ Ռուսաստանին հայաստանեան տնտեսութեան աստիճանաբար յանձնումը, դրա շրջանակներում կատարուած աղմկալի գործարքները` «գոյք պարտքի դիմաց“, «հայռուսգազարդի“ վաճառք եւ այլն, տեղի են ունեցել` հէնց այդ բացայայտուած պայմանագրի տրամաբանութիւնից ելնելով: Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ անցած տարիներին եւ առ այսօր տնտեսական անկախութեան շարունակական կորստին միտուած գործողութիւնները եղել են ոչ թէ պահի թելադրանքի եւ անհետեւողական քաղաքականութեան հետեւանք, այլ դասաւորուած եւ կանոնաւորաբար իրականացուած գործողութիւնների շղթայ, որի վերջակէտը պէտք է լինէր ռուպլու գօտի մտնելը…պիտճէի անկախութիւնից զրկուելը: Դժուար է ասել` Ազգային Ժողովի պատգամաւորները խորապէս գիտակցո՞ւմ են, թէ ինչ է սա նշանակում: Այս պայմանագրի հրապարակայնացումը փաստացի ի չիք է դարձնում ժամանակի ընթացքում ի յայտ եկած` անվտանգութեան ապահովման մասին բերուող այն միակ փաստարկը, որով իշխանութիւնները փորձում են հիմնաւորել Եւրասիական Տնտեսական Միութեան անդամակցելու անայլընտրանք որոշումը: Որովհետեւ ստացւում է, որ այլակերպուած արտաքին քաղաքականութիւնից ու անվտանգութեան այլընտրանքային համակարգերի ստեղծումից հրաժարուելը եւս նպատակամղուած է եղել 1994-ի պայմանագրի կատարմանը: Եւ այս հանգամանքը բազմաթիւ հարցեր է առաջադրում, որոնք անյապաղ եւ լիարժէք պատասխանի են սպասում:
Նախ` պարզւում է, որ նախկին` 1990-ականների իշխանութեան ներկայացուցիչները, ովքեր ընդամէնը մէկ տարի առաջ կազի պայմանագրերի վաւերացման գործընթացի շրջանակներում քարը քարին չէին թողնում Հայաստանը քաղաքական ու տնտեսական ինքնուրոյնութիւնից զրկելու մէջ ներկայիս իշխանութիւններին մեղադրելու հարցում, հէնց իրենք են ստեղծել նման խայտառակ եւ ամօթալի ընթացքի իրաւաքաղաքական նախադրեալները: Եթէ աւելի պարզ ասելու լինենք, ապա խօսքը վերաբերում է 1994-ին իրականացուած իւրատեսակ մի դաւադրութեան, թէկուզեւ այնքանով, որ այդ պայմանագրի մասին հանրութիւնը, փաստօրէն, ընդհանրապէս տեղեակ չի եղել:
Այս ամէնի ետին արդէն հասկանալի է դառնում, թէ ինչու էր առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանն այդքան հանգիստ ընդունում Եւրասիական Տնտեսական Միութեան միանալու` իշխանութիւնների ընդունած անակնկալ որոշումը: Փաստօրէն, նրա համար անակնկալը ոչ թէ Մաքսային միութեանն անդամակցելու վերաբերեալ Մոսկուայում 2013 Սեպտեմբերին Սերժ Սարգսեանի արած յայտարարութիւնն էր, այլ դրանից առաջ եւրաասոցացման ուղղութեամբ գործող իշխանութիւնների իրականացրած քաղաքականութիւնը: Հէնց դրանով է բացատրւում Եւրասիական Տնտեսական Միութեան անդամակցութիւնը անշրջելի իրողութիւն հռչակելու եւ դրանով այն ողջունելու տէրպետրոսեանական փարիսեցիական մօտեցումը: Այս իմաստով Սերժ Սարգսեանի արած շրջադարձն աւելի ազնիւ պէտք է համարել, քան Հայաստանը ռուսականացնելու ուղղութեամբ արուած քայլերում զուտ իշխանութիւններին քննադատելու եւ արմատական ընդդիմութիւն խաղալու` Տէր Պետրոսեանի եւ նրա թիմակիցների վարքագիծը:
Եւ այստեղից անմիջականօրէն բխում է երկրորդ հարցադրումը` ի՞նչ առարկայական կամ գուցէ ենթակայական իրողութիւններով է պայմանաւորուած եղել այդ պայմանագրի ստորագրումը հէնց 1994-ին, որը, ի դէպ, վճռական տարի էր Արցախեան պատերազմի համար: Չպէտք է մոռանալ նաեւ, որ Հայաստանն այդ ժամանակ նոր էր անցել սեփական ազգային արժոյթին: Եթէ իսկապէս մտադրութիւնների այդ պայմանագիրն ստորագրելու համար եղել են այնպիսի առարկայական պատճառներ, որոնք անհնար էին դարձնում դրանից հրաժարումը, ապա հարց է առաջանում, թէ ինչո՞ւ է դա գաղտնի պահուել հասարակութիւնից: Բայց փաստն այն է, որ իննիսունականների իշխանութիւնը այսօրուանից պակաս «գիշերային դիւանագիտութեան“ մասնագէտներ չեն եղել, աւելին` փաստօրէն, հէնց նրանք են դրել այդ արատաւոր պրակտիկայի հիմքերը:
Սրան գումարւում է նաեւ մէկ այլ` ուղղակի որեւէ տրամաբանութեան մէջ չմտնող իրողութիւն: Պարզւում է, փաստօրէն, որ 2008-09թթ. Հայաստանի իշխանութիւնը դարձել է Եւրասիական Միութեան Արեւելեան գործընկերութեան ծրագրի անդամ, իր վրայ վերցրել միացման պայմանագիրը ստորագրելու եւ վաւերացնելու,Եւրասիական Միութեան ազատ առեւտրի գօտի մտնելու յստակ յանձնառութիւն` կախուածութեան մէջ լինելով 1994-ին վաւերացուած եւ Ռուսաստանի հետ տնտեսական միութիւն կազմելու քաղաքական կուրս առաջադրող այդ պայմանագրից:
Մնում է եզրակացնել, որ հայկական կողմը կա՚մ իսկապէս մոռացած է եղել նման Ռուսաստանի հետ կնքուած այդ պայմանագիրը, կա՚մ էլ իրեն միամիտի տեղ է դրել` փորձելով անտեսել դրա քաղաքական նշանակութիւնը: Եւ, այնուամենայնիւ, իսկապէս հետաքրքրական է` Հայաստանն այդ ժամանակ ինքն իրե՞ն էր խաբում, Եւրամիութեա՞նը, թե՞ իսկապէս ուզում էր մատների վրայ խաղացնել Ռուսաստանին: Եւ, անկախ պատճառից, նման անխոհեմ քայլի արդիւնքում ինքն ընկաւ սեփական ձեռքերով լարուած թակարդը:
Այս տեսանկիւնից, փաստօրէն, ստացւում է, որ Ռուսաստանը ոչ թէ ստիպեց իշխանութիւններին հրաժարուել եւրոմիութեան կազմելուն, այլ պարզապէս նրան ետ վերադարձրեց իր` աւելի վաղ ստանձնած պարտաւորութիւնների շրջանակ:

 

The post ՏԱՍՆԱՄԵԱՅ ՎԱՂԵՄՈՒԹԵԱՆ ԴԱՒԱԴՐՈՒԹԻՒՆ appeared first on Hairenik Weekly Newspaper.


Viewing all articles
Browse latest Browse all 8334

Trending Articles