
Գեղամ Մուղնեցեան
«Մեր լեզուն արիւնն է մեր,
Արիւնից աւելի թանկ,
Մեր բուրմունքն ու գոյնն է մեր
Մեր լեզուն մենք ենք ու կանք»
Համօ Սահեան
Սահեանի այս տողերն ինձ վրայ միշտ թողել են այն տպաւորութիւնը որ լեզուն ինքնութեան կարեւորագոյն բաղադրիչն է: «Արիւնից աւելի թանկ» այսինքն լեզուի կշիռը ըստ Սահեանի անհամեմատ մեծ է: Սակայն ի՞նչ է իրենից ներկայացնում լեզուն այս ինքնութեան հաւասարումում: Արդեօ՞ք այն պարզապէս գաղտնագիր է որոշ ընտրեալ խմբի համար որը դրա միջոցով հաղորդակցւում եւ այդ լեզուական կապի միջոցով կարողանում է խմբակային գոյութեան հիմքեր փորել, թէ՞ այն իր մէջ աւելին է պարունակում ինչը թոյլ է տալիս մտածել, կամ աւելին, զգալ ինչ-որ այլ կերպ քան նրանք ովքեր այդ լեզուի կրողը չեն:
Այս հարցումն իր հերթին այլ հարցեր է առաջ քաշում օրինակ արդեօ՞ք միայն լեզուն ինքն իրենով է պատասխանատու այդ իւրօրինակութեան համար թէ՞ լեզուն այլ համեմունքների կարիք էլ ունի որպէսզի դառնայ «մեր բուրմունքն ու գոյնը մեր»:
Եթէ անգամ ընդունենք որ լեզուն, այո, ինքնութեան միջուկային առանցքն է, ո՞ր լեզուն է այդ առանցքը, այսինքն ո՞վ է սահմանում այն լեզուն որն ինքնութիւն է:
Պետութիւնը կարող է նման բան անել, ազգային ինքնութեան գծերն ամրապնդելով օրէնքը։ Այսինքն այն կարող է լեզուին պետական կարգավիճակ տալ, լեզուի ուսումնասիրման հիմնարկների միջոցով նախընտրութիւնը տալ լեզուական որեւէ ճիւղի եւ այդ ճիւղի համեմատ մնացած բոլորին մղել յետնաբեմ։
Արդեօք դա իմ հօր եւ մօ՞ր լեզուն է, թէ՞ տատիս ու պապիս եւ արդեօք ո՞ր տատի ու պապի: Կարող է եւ ի՛մ լեզուն է ի՛մ ինքնութիւնը եւ եթէ այո ապա ո՞ր լեզուս՝ դպրոցի՞, փողոցի՞, Գիւմրուա՞յ, իմ գրաւո՞ր լեզուն, ամենօրեայ խօսակցակա՞ն լեզուն: Որտե՞ղ եմ այս լեզուական խճանկարում խցկելու իմ վերցրած լեզուները որոնք հասկանում, ընկալում եւ օգտագործում եմ ինչպէս իմ հօր եւ մօր լեզուն:
Սակայն մի պահ մի կողմ դնենք ինձ, որտե՞ղ է այդ սահմանագիծը որից անդին «ի՛մ լեզուն, ի՛մ ինքնութիւնն է» յանկարծ դառնում է «մեր լեզուն մենք ենք ու կանք»: Եւ երբ այդ «իմ»-երի լեզուն դառնում է մե՛ր լեզուն, միթէ՞ մենք հաւասարապէս ենք այդ արդէն մե՛ր լեզուի տէրը:
Այստեղ առաջ է գալիս այն հարցը որն իսկ եղաւ այս հարցման բուն դրդապատճառը այն է եթէ որեւէ կառոյց, օրինակ պետութիւնը, սահմանում է այս ամբողջ լեզուական բոյլից ինչ-որ մի մասնիկ որպէս «ինքնութիւնը մեր» ապա նրանք ովքեր գտնւում են լուսանցքներում այդ ինքնութեան պակա՞ս կրողներն են։ Եւ հակառակը, նրանք ովքեր լեզուի կրողներն են ուրեմն նաեւ ինքնութեա՞ն կրողներն են։ Ի հարկէ պատասխանը կը լինի ոչ, այսինքն լեզուն ինքն իրենով ինքնութեան հաստատիչ չէ, այն միայն բաղադրիչ է, եթէ անգամ կարեւորագոյն բաղադրիչ։ Եւ սակայն նորից քննարկումը վերադառնում է նախնական հարցադրմանը՝ ո՞վ է հաստատում ինքնութիւն եւ այդ հաստատումով ընդգծում բաղադրիչներն այդ ինքնութեան։ Պետականացումից յետոյ արդեօ՞ք պետականացւում է նաեւ ինքնութիւնը եւ եթէ այո, ապա ի՞նչ վիճակում է յայտնւում այն հատուածի ինքնութիւնը որն այդ պետական սահմաններից դուրս է։
Պետութեան սահմաններից դուրս ինքնութեան այլ սահմանումների տիրոյթներ են եւ անկասկած ամէն ոք այդ տիրոյթներում ապրելով իր վրայ է վերցնում այդ նոր ինքնութեան բազմաթիւ բաղադրիչները եւ այդ նոր շերտաւորման մասն է հանդիսանում նաեւ նոր լեզուն որն ահաւասիկ կարող է ժամանակի ընթացքում հսկայական, անգամ ամբողջական դեր եւ տեղ գրաւել ինքնութեան նոր հաւասարման մէջ այն կարգի որ այն գայ փոխարինելու լեզուին որն անցեալում «մենք էինք ու կայինք»։
Այդ նոր իրականութեան մէջ ի՞նչ է կատարւում ինքնութեան հետ, լեզուն դադարու՞մ է լինել անփոխարինելի մասնիկն ինքնութեան թէ՞ ինքնութիւնը զրկւում է ամբողջականութիւնից։
Եւ արդեօ՞ք կարելի է այս նոր իրականութեան մէջ լեզուի մասին գրել եւ քննարկել այլ լեզուով եւ եթէ անգամ կարելի է ապա այդ դէպքում արդեօք լեզուն չի՞ դառնում ուղղակի առարկայ, թանգարանային նմուշ որ չի գործածւում այլ պարզապէս դիտւում է ապակեպատ փեղկի տակ։ Ու եթէ լեզուի կրողները թանգարանային նմուշներ չեն այլ շնչող, ապրող, առաջ շարժուող էակներ ապա «ինքնութիւնը մեր» նոյնպէս չպէ՞տք է այդպիսինը լինի։
Մեր լեզուն արիւ՞նն է մեր, արիւնից աւելի թա՞նկ, մեր բուրմունքն ու գո՞յնն է մեր, մեր լեզուն մենք ու կա՞նք։ Այսպէս շարունակ պատասխանների կամ բացատրութիւնների որոնման ընթացքում այն ինչը որ առաջ է գալիս նորանոր հարցերի շարան է։ Միեւնոյն ժամանակ նեղ է այն շրջանակը որտեղ կարելի նման հարցադրումներ առաջ քաշել կամ անգամ խօսել նման թեմայով առանց երեւալու ինչպէս մէկը որն ընդհանրապէս անջատուած է իրականութիւնից, որովհետեւ լայն շրջանակների կարծիքով ներկայ ահռելի խնդիրների դիմաց ինքնութեան քննարկումը կամ լեզուի դերի մասին խորացումն առհասարակ կարեւորութիւն չունեցող խօսակցութիւն է։ Սակայն այս աշխարհը ցնցող մեծ հարցերի կողքին այս «ես»-ը «ես», «մենք»-ը «մենք» դարձնող հարցերի անվերջ շարանը մի ամբողջ գոյութեան կարեւորութիւն է ստանում այն անձի համար որ փորձում է ինքնութեան բաղադրիչների անընդհատ փոփոխուող հոսանքում իրեն բաժին հասածը հասկանալ, ինքն իրե՛ն հասկանալ։