Quantcast
Channel: Hairenik Weekly Newspaper
Viewing all articles
Browse latest Browse all 8334

ԵԹԷ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶԷՆՔ ՉՏՐԱՄԱԴՐԻ

$
0
0

p4 tarpinian  azerbaijan 1 billion militar

 

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

(յապաւումով)

ԵԱՀԿ գործող նախագահը օրեր առաջ Երեւանում, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ատրպէյճանին զէնք վաճառելու խնդրին, ասել էր, թէ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները պէտք է կատարեն իրենց ստանձնած պարտաւորութիւնները եւ աջակցեն հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը: Նա ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անճէյ Քասփըրչիքին յանձնարարեց ուսումնասիրել այդ խնդիրը:

Այս յայտարարութիւնը Հայաստանում ընկալուեց իբրեւ քննադատութիւն Ռուսաստանի հասցէին` Ատրպէյճանին զէնք մատակարարելու, դրանով կողմերի միջեւ ռազմական հաւասարակշռութիւնը խախտելու եւ այդքանով, իբրեւ միջնորդ, ոչ առարկայական մօտեցում ցուցաբերելու համար:p4 fff

Մինսքի Խմբակի երեք համանախագահող երկրներից փաստացի միայն Ռուսաստանն է զէնք վաճառում կամ տրամադրում Արցախի հակամարտութեան կողմերին` փորձելով այդ հանգամանքը դարձնել ռազմաթեքնիքական առումով թէ’ հայկական եւ թէ՛ ատրպէյճանական կողմերի նկատմամբ ռազմաքաղաքական ազդեցութիւնը մեծացնելու միջոց: Մոսկուայի այս քաղաքականութիւնը, սակայն, Ատրպէյճանին Մինսքի Խմբակի միւս համանախագահող երկրների համար դարձրել է գործնականում անվերահսկելի: Պաքուն ոչ միայն հայկական կողմի եւ միջնորդների հետ սկսել է յարաբերուել շանթաժի լեզուով, այլեւ պատերազմի վերսկսման իրական սպառնալիք է ստեղծել, որը կարող է վերջնականապէս ,ջրելե խաղաղ կարգաւորման ուղղութեամբ ԵԱՀԿ-ի ներքոյ գործադրուող բոլոր ջանքերը եւ դրանով ապացուցել միջազգային այդ կառոյցի անգործունակութիւնը: Սա չի կարող չանհանգստացնել ԵԱՀԿ-ին: Այս երեւանեան յայտարարութիւնների հիմնական նպատակն այդ անհանգստութիւնը դրսեւորելն էր:

Կողմերին զէնքի մատակարարման խնդիրն ուսումնասիրելու` Քասփըրչիքին  տուած յանձնարարութիւնը, ըստ էութեան, կարող է կողմերի սպառազինման գործընթացը սահմանափակելու ուղղութեամբ յստակ միջոցների ձեռնարկման հիմքեր ստեղծելու նախերգանք լինել: Բայց որքանո՞վ է սա ձեռնտու Հայաստանին: Մեզ, ի հարկէ, դուր չի գալիս, որ Ռուսաստանն այդ ծաւալի ռազմամթերք է վաճառում Ատրպէյճանին: Այն հակասում է ոչ միայն Ռուսաստանի` իբրեւ հիմնահարցի կարգաւորման միջնորդ երկրի կարգավիճակին, այլ նաեւ Հայաստանի անվտանգութեանը, որի երաշխաւորման յանձնառութիւնն ունի Ռուսաստանը` համաձայն Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրում` 2010-ի թիւ 5-րդ արձանագրութեամբ արուած լրացման: Բայց եթէ մի փոքր աւելի անկեղծ լինենք, ապա պէտք է ընդունենք, որ Ռուսաստանը ոչ առարկայական միջնորդ դարձաւ ոչ թէ այն ժամանակ, երբ սկսեց ռազմական կազմուածներ վաճառել Պաքուին, այլ երբ, թէկուզ զուտ ձեւական առումով, ստանձնեց Հայաստանի անվտանգութեան երաշխաւորի դերը:p4 tarpinian Azeri_TOS-1_parade_in_Baku_

Ի վերջոյ, Ռուսաստանը զէնք է մատակարարում նաեւ Հայաստանին, ընդ որում` իր ներքին շուկայական գներով, ինչը աղքատ, ֆինանսական աղբիւրների չտիրապետող երկրի համար ունի կենսական նշանակութիւն` գոնէ Ատրպէյճանի սանձազերծած սպառազինման մրցավազքում զգալիօրէն ետ չմնալու առումով: Որեւէ այլ երկիր Հայաստանին պատրաստ է զինուորական կազմուած տրամադրել միջազզային շուկայական գներով, որոնք չափազանց թանկ են սեփական ռազմարդիւնաբերութիւն գրեթէ չունեցող Հայաստանի համար: Հետեւաբար, եթէ ԵԱՀԿ-ն, ի դէմս ներկայիս գործող նախագահի, հետամուտ է միայն Ռուսաստանին զսպելու հարցում, ապա սա ակնյայտօրէն աշխատելու է Հայաստանի դէմ: Որովհետեւ Ատրպէյճանն իր նաւթատոլարներով, միեւնոյն է, շարունակելու է զինուորական կազմածներ ձեռք բերել այլ աղբիւրներից, այլ երկրներից: Առաւել եւս` երբ այդպիսի երկրներ կան` Իսրայէլ, Թուրքիա, Փաքիստան, Պելառուսիա եւ այլն: Մինչդեռ Հայաստանը, հասկանալի պատճառներով, ստիպուած կը լինի նուազեցնել գնման ծաւալները:

Այս իմաստով չի կարող փրկութեան միջոց լինել նոյնիսկ իր 102-րդ ռազմակայանին Ռուսաստանի կողմից զէնքի անարգել մատակարարումը, որովհետեւ այդ մէկը ,նստումե է ոչ թէ Հայաստանի զինուժի, այլ ռազմակեդրոնի հաշուեկշռում, եւ որեւէ վստահութիւն չկայ, որ անհրաժեշտութեան դէպքում Մոսկուան կը թոյլատրի դրանք կիրառել Ատրպէյճանի դէմ պատերազմում: Իսկ եթէ նոյնիսկ այդ մատակարարումը յետագայում յայտնւում է Հ.Հ. զինեալ ուժերի հաշուեկշռում, ապա արդէն զգալիօրէն մաշուած եւ գրեթէ անպիտան վիճակով, որը աւելի շատ գլխացաւանք է:p4 tarpinian an_military_equipment_and_combat

Թւում է, թէ եթէ այս նախաձեռնութիւնը փորձ է` մեքանիզմ ստեղծելու առհասարակ Արցախի հակամարտութեան կողմերին զէնքի վաճառքը սահմանափակելու ուղղութեամբ, այն կարող է եղանակ փոխել: Որովհետեւ թւում է, թէ այդ դէպքում Հայաստանը եւ Ատրպէյճանը կարող են յայտնուել հաւասար պայմաններում: Խնդիրն այն է, սակայն, որ նման բան գործնականում հնարաւոր չէ, որովհետեւ հնարաւոր չէ որեւէ երկրի արգելել սեփական անվտանգութիւնն ապահովելու համար այլ երկրներից իր միջոցներով զէնք, զինամթերք ձեռք բերել: Առաւել եւս, երբ Ատրպէյճանը չի վաւերացրել Եւրոպայում սովորական սպառազինութեան մասին պայմանագրի սկզբունքների եւ իրագործման կարգի մասին` 1992-ին Թաշքենթում նաեւ իր կողմից ստորագրուած համաձայնագիրը, եւ, բնականաբար, որեւէ իրաւական կաշկանդում այս հարցում չունի: Այսինքն` եթէ նոյնիսկ ԵԱՀԿ-ը փորձի կողմերի սպառազինման մրցավազքը ինչ-որ մեքանիզմներով սահմանափակելու միջոց ստեղծել, այն Ատրպէյճանի համար ոչ մի գործնական նշանակութիւն չի ունենալու:

Հետեւաբար, Երեւանում կատարուած յայտարարութիւնները, Քասփըրչիքին  տուած յանձնարարութիւնը խանդավառութիւն առաջացնելուց առաջ նախ մտորելու լուրջ առիթ պէտք է տար: Իհարկէ, Հայաստանի շահերից է բխում, որ միջազգային հանրութիւնը որքան հնարաւոր է կոշտ արտայայտուի Ռուսաստանի եւ Ատրպէյճանի միջեւ ռազմական պիտոյքների առեւտրի մասին: Բայց սա այն հարցն է, որը, թաքթիքական առումով, սեփական հետաքրքրութիւններին չվնասելու իմաստով, աւելի ճիշտ է լուծել հայ-ռուսական երկկողմ յարաբերութիւնների գործընթացում: Եթէ դրանում ինչ-որ բան չի ստացւում, եթէ Ռուսաստանը մեր քթի տակ, փաստացի արհամարհելով մեզ, շարունակում է ռազմական պիտոյք վաճառել Ատրպէյճանին կամ շարունակում է աժան անուան տակ հնացած, ,դուրս գրածե կազմածներ մատակարարել Հայաստանին, դա ոչ թէ ԵԱՀԿ-ի խնդիրն է, այլ Երեւանի:

The post ԵԹԷ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶԷՆՔ ՉՏՐԱՄԱԴՐԻ appeared first on Hairenik Weekly Newspaper.


Viewing all articles
Browse latest Browse all 8334

Trending Articles