Գէորգ Աղապապեան
(յապաւումով)
Յունիս 3-ին, տեղեկութիւն տարածուեց, որ Արցախի պաշտպանութեան բանակի ղեկավար, պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանն առաջիկայում հրաժարական է տալու Հ.Հ. պաշտպանութեան փոխնախարարի կամ գլխաւոր շտապի պետի պաշտօնում նշանակուելու նպատակով: Յակոբեանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այդ լուրերը` նշելով, թէ որեւէ բան չի բացառում: ,Դեռ կ’որոշենք: Մենք զինուորական ենք, եւ մենք չենք որոշում` որտեղ պէտք է ծառայենքե, ասել է ան:
Պաշտպանութեան համակարգում նման տեղափոխութիւնները հայկական իրականութեանը խորթ չեն: Դրանք եղել են նախկինում, լինելու են նաեւ յետագայում, առաջին հերթին` այն պատճառով, որ հայկական երկու պետութիւնների բանակները, չնայած կազմութեան առումով առանձին կառոյցներ լինելուն, մէկ ընդհանուր մարմին կը կազմեն, իսկ դա վերադասաւորումների հնարաւորութիւններ է ստեղծում: Փորձը, սակայն, ցոյց է տալիս, որ նման մակարդակի տեղաշարժերը պայմանաւորւում են ոչ այնքան բանակի գործօն կառավարման հրամայականներով, որքան քաղաքական շարժառիթներով տեղի ունեցող փոփոխութիւններով:
Հայաստանի պաշտպանութեան ներկայիս նախարար Սէյրան Օհանեանը ժամանակին հէնց Արցախի պաշտպանութեան բանակի հրամանատարի եւ նախարարի պաշտօնն էր զբաղեցնում: Նա Հ.Հ. Զինուորական ուժերու գլխաւոր շտապի պետական պաշտպանութեան նախարարի առաջին տեղակալ նշանակուեց 2007-ին, այսինքն` երբ Հայաստանը գտնւում էր նախընտրական շրջանում եւ իշխանութեան փոխանցման, այդ շրջանակում կառավարութեան ապագայ ձեւաւորման խնդիրն էր դրուած: Սէյրան Օհանեանը Հայաստան տեղափոխուեց պաշտպանութեան նախարար նշանակուելու նպատակով, եւ յայտնի է, թէ ինչ դերակատարում ունեցաւ 2008-ի ընտրութիւններից անմիջապէս յետոյ` Մարտին Հայաստանում արտակարգ դրութիւն մտցուելու գործընթացում:
Հայաստանը հիմա գտնւում է մօտաւորապէս նման շրջափուլում: Սերժ Սարգսեանը սպառում է, իբրեւ նախագահ, իր պաշտօնավարման երկրորդ եւ վերջին շրջանը, ինչը նշանակում է, որ կրկին իշխանութիւնը կանգնել է իր վերարտադրման հրամայականի առաջ: Այսպէս, Մովսէս Յակոբեանի հնարաւոր տեղափոխումը Հայաստան կը լինի Սէյրան Օհանեանի տեղափոխման գործընթացին կրկնութիւնը:
Այն հանգամանքը, որ դա տեղի է ունենում ոչ թէ 2018-ին անցկացուելիք նախագահական ընտրութիւնների նախօրէին, այլ դրանից մօտ երկուսուկէս տարի առաջ, տարօրինակ չէ, եթէ դա դիտարկում ենք Սերժ Սարգսեանի նախաձեռնած սահմանադրական փոփոխութիւնների գործընթացում: Ակնյայտ է, որ այդ փոփոխութիւնների նախաձեռնման հիմնական շարժառիթը կամ դրանցից մէկը իշխանութեան համար իր վերարտադրութեան ապահովումն է: Շատ հաւանական է, որ խնդիր է դրուել սահմանադրական ներկայիս փոփոխութիւնների հայեցակարգի հիմքում ընկած խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու միջոցով լուծել իշխանութեան ղեկը Սերժ Սարգսեանի ձեռքերում պահելու մեքանիզմ ստեղծելու հարցը: Գործող նախագահը յայտարարել է, թէ խորհրդարանական համակարգի անցնելու դէպքում չի յաւակնելու վարչապետի պաշտօնին, սակայն դա չի նշանակում, թէ նա չի յաւակնում կամ յաւակնելու նաեւ խորհրդարանի նախագահի պաշտօնին: Ողջ հարցն այն է, թէ իրական քաղաքական իշխանութեան ծանրութեան կեդրոնը օրէնսդիր եւ գործադիր օղակներից ո՞րի վրայ կենտրոնացած կը լինի: Եթէ իշխանութիւնը, այնուամենայնիւ, որոշի այն տեղափոխել խորհրդարանի վրայ, ապա Հանրապետական Կուսակցութեան ցուցակով խորհրդարանական ընտրութիւններին մասնակցելու եւ մեծամասնութիւն ձեւաւորելու միջոցով Սերժ Սարգսեանը կարող է դառնալ Ազգային Ժողովի նախագահ` այդպիսով արդէն նոր կարգավիճակով շարունակելով լինել իշխանութեան իրական կրողը: Եւ չնայած այս կարելիութեան իրականացման դէպքում երկրի նախագահի պաշտօնը խորհրդանշական բնոյթ է ստանալու, սակայն ամէն դէպքում իշխանութեան համար այն համալրելու խնդիրը լինելու է ոչ երկրորդային:
Դատելով Հ.Հ. պաշտպանութեան ներկայիս նախարար Սէյրան Օհանեանի ժողովրդականացման, նրա համար նոր միջոց ստեղծելու ուղղութեամբ իրականացուող հետեւողական քարոզչա-տեղեկատուական արշաւից` կարելի է ենթադրել, որ վարչակազմը խորհրդանշական իշխանութեամբ օժտուած նախագահի կարգավիճակում փորձում է հէնց Սէյրան Օհանեանին նախապատրաստել: Եւ պատահական չէ, որ Մովսէս Յակոբեանի հնարաւոր տեղափոխումը համընկնում է Օհանեանի շուրջ սկսուած ընթացներին: Այսինքն` նրան Հայաստան բերելու քաղաքական որոշումը, ինչն արդէն, ըստ հաւաստի տեղեկութիւնների, կայացուել է, պէտք է համարել Յակոբեանին Հ.Հ. Պաշտպանութեան նախարար դարձնելու նախերգանք: Ամենայն հաւանականութեամբ, ընտրութիւնը կանգ է առել Յակոբեանի վրայ` իշխանութեան վերարտադրութեան ընտրանքը յաջողութեամբ իրականացնելու համար թիկունքն ապահովագրելու եւ բանակը այդ ապահովագրութեան երաշխաւոր դարձնելու նկատառումով: Դա պահանջում է ունենալ լիակատար վստահելի մի նկար, որը միաժամանակ վստահելի է նաեւ բանակի, սպայակազմի համար եւ ներգրաւուած չէ ներիշխանական սադրանքներում ու խմբաւորումներում: Ամենայն հաւանականութեամբ, խնդիրն այն է, թէ ե՞րբ տեղի կ’ունենայ այդ տեղափոխումը:
Բանն այն է, որ, չնայած թուացեալ խաղաղութեանը, իրականում հայ-ատրպէյճանական շփման գծում իրավիճակը չափազանց լարուած է, եւ յատկապէս` Արցախի ուղղութեամբ արդէն Յունիսի վերջերից, այսինքն` Ատրպէյճանում անցկացուելիք առաջին եւրոպական օլիմպիական խաղերի աւարտից յետոյ, հնարաւոր են նոր ու շատ աւելի վտանգաւոր զարգացումներ: Յամենայն դէպս, դատելով երկու շաբաթ առաջ Հ.Հ. պաշտպանութեան փոխնախարար Դաւիթ Տօնոյեանի առած յայտարարութիւններից, հէնց նման տագնապեցնող սպասելիքներ ունի իշխանութիւնը: Դրան ընդառաջ` նման կարեւոր տեղաշարժը թւում է անհասկանալի: Ինչպէս ասում են` ընթացքի ժամանակ ձիերը չեն փոխում: Այսպիսի սպասելիքների պայմաններում նման կտրուկ քայլ անելուց առաջ պէտք է ոչ միայն համոզուած լինել, որ այն Արցախում պաշտպանական համակարգի կառավարելիութեան առումով խնդիրներ չի յարուցի, այլ նաեւ առնուազն չի խաթարի ներքին վստահութեան մթնոլորտը Հայաստանի Պաշտպանութեան Նախարարութիւնում, պատերազմական կամ նախապատերազմական իրավիճակում հիմնական ,գործող անձիե կարգավիճակ ձեռք բերող գլխաւոր շտապում եւ նրանց շուրջ:
The post ԻՆՉՈ՞Ւ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԲԵՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ appeared first on Hairenik Weekly Newspaper.