Quantcast
Channel: Hairenik Weekly Newspaper
Viewing all articles
Browse latest Browse all 8334

Որպէսզի Գիւմրու Ողբերգութիւնը Նախադէպ Չդառնայ

$
0
0

12
Գէորգ Աղապապեան

(յապաւումով)

Հայաստանեան իրաւապահ մարմինները եւ յատկապէս` Ազգային Անվտանգութեան ծառայութիւնը, որը վերջին շրջանում ամբողջութեամբ անցել է ընդյատակ, յամառօրէն որեւէ բացատրութիւն չեն տալիս, թէ ինչպէս հայկական ընտանիքի սպանդի մէջ կասկածուող Վալէրի Փերմիաքովը յայտնուեց ռուս սահմանապահների ձեռքում, յետոյ փոխանցուեց 102-րդ զօրանոցին: Մինչդեռ` իրականում հենց այս հարցի պատասխանից է կախուած` որքանո՞վ է իրաւական առումով հիմնաւոր ոչ միայն Փերմիաքովի` զօրանոցում գտնուելու, այլ նաեւ նրան հայաստանեան արդարադատութեանը չյանձնելու` ռուսական կողմի դիրքորոշումը:
Ռուսական կողմի հիմնաւորումն այն է, որ Ռուսաստանի Սահմանադրութիւնն արգելում է իր տարածքում գտնուող իր քաղաքացուն յանձնել այլ պետութեան: Այսինքն` Փերմիաքովը յանձնումը հայկական կողմին համարւում է Ռուսաստանի Սահմանադրութեան խախտում: Մինչդեռ` Հայաստանի տարածքում ռուսական զօրանոցի տեղակայման հետ կապուած գործերում իրաւասութեան եւ փոխադարձ իրաւական օգնութեան վերաբերեալ` 1997-ին կնքուած հայ-ռուսական պայմանագրով նախատեսուած է, որ եթէ զօրանոցի ներկայացուցչի կողմից յանցագործութիւն է կատարւում Հայաստանի տարածքում, եւ այն ուղղուած չէ Ռուսաստանի, զօրանոցի կամ դրա մէկ այլ ներկայացուցչի դէմ, ապա գործի քննութիւնն անցկացնում է հայկական կողմը` Հայաստանի օրէնսդրութեամբ:
Եթէ ոճրագործութիւնն իսկապէս Փերմիաքովվն է իրականացրել, ապա ստացւում է, որ, մի կողմից, նա, ըստ հայ-ռուսական միջպետական այդ պայմանագրի, պէտք է փոխանցուէր հայաստանեան իրաւապահներին` անկախ նրանից` ում կողմից է ձերբակալուել եւ որտեղ է ձերբակալուել, իսկ միւս կողմից` չի կարող փոխանցուել, քանի, անկախ կատարած յանցագործութեան ծանրութիւնից, գտնւում է 102-րդ ռազմակայանի, այսինքն` Ռուսաստանի տարածքում եւ հետեւաբար Սահմանադրութեան պաշտպանութեան ներքոյ: gyumri candles-seryoja-avetisyan-funeral
Ռուսական կողմը փորձում է տպաւորութիւն ստեղծել, թէ զօրանոցի մասին հայ-ռուսական վերոնշեալ պայմանագիրը հակասում է Ռուսաստանի Սահմանադրութեան 61-րդ յօդուածի 1-ին կէտին: Եւ քանի որ Սահմանադրութիւնը միջազգային պայմանագրերի նկատմամբ ունի գերակայ իրաւաբանական ուժ, ապա այլ բան չի մնում, քան Փերմիաքովի հարցում առաջնորդուել դրանով: Այսինքն` ստացւում է, որ Ռուսաստանի կառավարութիւնը ոչ միայն յաջողեցրել է Հայաստանի հետ հակասահմանադրական պայմանագիր ստորագրել, իսկ Խորհրդարանն էլ` այդ պայմանագիրը վաւերացնել, այլեւ անցած 17 տարիների ընթացքում Ռուսաստանում ոչ ոք չի նկատել, որ այն հակասում է երկրի Հիմնական օրէնքին:
Իրականում, սակայն, ամէն ինչ կախուած է իրաւական ակտերի եւ դրանց փոխառնչութիւնների մեկնաբանումից եւ մեկնաբանողից: Հակասութեան մասին տպաւորութիւնն ստեղծւում է բացառապէս այն պատճառով, որ Ռուսաստանը միտումնաւոր անտեսում է սահմանապահ ուժերի կողմից Փերմիաքովի ձերբակալման եւ զօրանոցին յանձնելու օրինականութեան հանգամանքը: Իսկ Հայաստանի կառավարութիւնը, փոխանակ կառչելու իր համար այս գործում միակ առաջնորդող դեր ուեցող պայմանագրից, գործունէութեամբ լծուել է ռուսական կողմի այդ մեկնաբանութիւնը տիրաժաւորելու անշնորհակալ գործին եւ դա անում է ռուսներից շատ աւելի մեծ խանդավառութեամբ:
Բայց եթէ անգամ հաւատանք, որ իսկապէս հայ-ռուսական վերոնշեալ պայմանագիրը հակասում է Ռուսաստանի Սահմանադրութեանը, ապա դա ինքնաբերաբար յանգեցնում է կա՚մ Ռուսաստանի Սահմանադրութեան մէջ փոփոխութիւններ կատարելու, կա՚մ, որ աւելի հաւանական է, այդ պայմանագրի պարտադիր վերանայման անհրաժեշտութեան: Ի վերջոյ, չի կարելի յայտարարել, թէ պայմանագիրը հակասահմանադրական է, եւ շարունակել այն թողնել ուժի մէջ: Այս թնճուկը վաղ, թէ ուշ յստակ կանգնելու է կողմերի առջեւ, եւ խնդիրը դառնալու է այն, թէ նրանցից որ մէկն է փոփոխութիւններ կատարելու նախաձեռնութիւնը վերցնելու իր վրայ: Եթէ դա անելու է ռուսական կողմը, ապա, հայաստանեան իշխանութեան ներկայիս կրաւորական վարքագծից ելնելով, պայմանագիրը փոփոխելու է այնպէս, ինչպէս շահաւէտ է իրենց: gyumri3
Սակայն Գիւմրու այս ողբերգութիւնը ուղղակի պարտադրում է Հայաստանի կառավարութեանը` ոչ միայն բանը չհասցնել դրան, այլեւ Ռուսաստանի առջեւ օր առաջ դնել այդ պայմանագիրը վերանայելու պահանջը: Եւ դա ունի ինչպէս քաղաքական, այնպէս էլ զուտ իրաւական հիմք: Քաղաքականն այն է, որ դա կը լինի Ռուասատանի կողմից Փերմիաքովին չյանձնելու որոշմանը յարաբերութիւնների վերանայման նախաձեռնութեամբ պատասխանելու, դրանով յստակ քաղաքական վերաբերմունք ցուցաբերելու դրսեւորում: Հայաստանը դրանով ցոյց կը տայ, որ հնարաւոր չի համարում այլեւս նման իրավիճակների յանգեցնող նախկին կամ գործող պայմաններով այդ ռազմակայանի յետագայ գործունէութիւնը: Խնդրի իրաւական կողմը կամ հիմքը շատ աւելի յստակ է` վերջապէս պէտք է հասկանալ, թէ որտեղ են աւարտւում 102-րդ ռազմակայանի եւ ռուս սահմանապահների իրաւասութեան շրջանակները Հայաստանի տարածքում: Սա նոր խնդիր չէ: Այն իր ողջ ծանրութեամբ դրսեւորուեց, երբ 2013-ի Սեպտեմբերին ռուս սահմանապահները Սիւնիքում` երկրի ներսում, ինքնաշարժի վրայ կանգնեցրին «ժառանգութիւն» կուսակցութեան աւտոմեքենան եւ սկսեցին զննութիւն կատարել` չներկայացնելով նման արտօնութիւն ունենալու որեւէ հիմք: Եւ ինչպէս այն ժամանակ Ազգային Ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանը» որեւէ կապակցուած բացատրութիւն չտուեցին, հիմա էլ չեն տալիս այն հարցին, թէ եթէ իսկապէս Պայանտուր եւ Երազգաւորս գիւղերի հատուածում Փերմիաքովին ձերբակալել են ռուս սահմանապահները, ապա ի՞նչ հիմքով են դա արել` ըստ նրանց, սահմանից 2 քլմ. դէպի Հայաստանի տարածք հեռաւորութեան վրայ, եւ ի՞նչ հիմքով են նրան հայաստանեան իրաւապահներին փոխանցելու փոխարէն յանձնել 102-րդ ռազմակայանին:
Եթէ պատճառը ոչ թէ ռուսներին վերաբերող հարցերում հայկական կողմի անփոփոխ կամակատարութիւնն է, այլ այս դաշտում իրաւայարաբերութիւնների չկարգաւորուածութիւնը, սողանցքների առկայութիւնը, ապա Հայաստանի իշխանութիւննները, առաջին հերթին պետական անվտանգութեան նկատառումներից ելնելով, անյապաղ պէտք է քայլեր ձեռնարկեն այս ուղղութեամբ: Որովհետեւ այն, ինչ տեղի ունեցաւ Գիւմրիում, կարող է դառնալ նախադէպ: Չի կարելի երաշխաւորուած լինել, որ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող ցանկացած մարդասպանութիւն կամ պարզապէս խռովութիւն իրականացնելու նպատակ ունեցող հերթական ստահակ չի որոշելու գալ Հայաստան, խելքին փչած յանցագործութիւնն անել եւ, ռուս սահմանապահներին յանձնուելով, փրկուել հայաստանեան արդարադատութիւնից ու ինքնաբերաբար յայտնուել Ռուսաստանի Սահմանադրութեան պաշտպանութեան տակ:

 

 

The post Որպէսզի Գիւմրու Ողբերգութիւնը Նախադէպ Չդառնայ appeared first on Hairenik Weekly Newspaper.


Viewing all articles
Browse latest Browse all 8334

Trending Articles