ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
2015-ի առաջին վեց օրերին, պաշտօնական տուեալներով, հայկական զինուժը Արցախ-Ատրպէյճան շփման գծում հակառակորդի ձեռնարկած նախայարձակ գործողութիւնների եւ հայկական դիրքերի գնդակոծութիւնների հետեւանքով արդէն չորս զոհ եւ մէկ վիրաւոր է տուել: Չնայած հայկական կողմի հաւաստիացումներին, թէ այդ մարտական գործողութիւնների ընթացքում ազերի զինուժը անհամաչափ աւելի մեծ մարդկային կորուստներ է կրում, Ատրպէյճանի Պաշտպանութեան Նախարարութիւնը հետեւողականօրէն հերքում է այդ բոլոր տեղեկութիւնները:
Այն, ինչ տեղի է ունենում Յունուարեան այս օրերին, կարծես խօսում է Արցախի հակամարտութեան` բոլորովին նոր փուլ թեւակոխելու մասին: Նախ` նկատելի է, որ այս անգամ ուժային գործողութիւնների թիրախ է դարձել հէնց Արցախ-Ատրպէյճան շփման գիծը:
Ի տարբերութիւն նախորդ տարուայ Օգոստոսեան դէպքերի, երբ գնդակոծութեան էին ենթարկւում նաեւ Հայաստանի սահմանամերձ գիւղերը, այս անգամ հակառակորդը կեդրոնացել է միայն Արցախի ուղղութեամբ:
Չի բացառւում, որ սա պայմանաւորուած է Եւրասիական Տնտեսական Միութեան Հայաստանի անդամակցութեամբ` ցոյց տալու համար, որ իր խնդիրը Արցախի հետ է, եւ որ Հայաստանի եւ Արցախի միջեւ սահմանը պէտք է վերահսկուի լիարժէքօրէն: Յամենայն դէպս, դժուար է հաւատալ, որ Յունուարի 2-ից, այսինքն` այն օրուանից, երբ Հայաստանը պաշտօնապէս դարձաւ Եւրասիական Տնտեսական Միութեան անդամ, Ատրպէյճանի կողմից սահմանագծում իրավիճակի այսքան լարումը զուտ պատահականութիւն է:
Բոլոր դէպքերում` Ատրպէյճանի Պաշտպանութեան Նախարարութիւնը փոխել է յայտարարութիւնների ոճը` անցնելով ակնյայտ սպառնալիքների լեզուին: Հայկական դիրքապահների կողմից իրենց բնակավայրերի եւ քաղաքացիական կառոյցների իբր հետեւողական գնդակոծման մասին Ատրպէյճանի ռազմական գերատեսչութեան վերջին յայտարարութիւնում խօսւում էր հայկական բանակին ջախջախիչ հարուածներ հասցնելու մասին: Ատրպէյճանի Պաշտպանութեան Նախարարութեան մամլոյ ծառայութեան ղեկավար Վաքիֆ Տերկիաղլին նախօրէին յայտարարել է, նմանօրինակ կարծիքներ:
Էականը ոչ թէ ինքնին սպառանիքներն են, որոնց հայ հասարակութիւնն արդէն վարժուել է, այլ այն իրողութիւնը, որ Տերկիաղլին կամայ, թէ ակամայ քօղազերծում է ատրպէյճանական բանակի նոր մարտավարութիւնը, այն է` շարունակաբար մեծացնել լարուածութիւնը շփման գծում հայկական կողմին որքան հնարաւոր է մեծ կորուստներ պատճառելու միջոցով: Նպատակը ոչ միայն մարդկային կորուստներ պատճառելն է, այլեւ հայկական բանակում խուճապ յարուցելը: Յատկանշական է նաեւ ատրպէյճանական ռազմական գերատեսչութեան կողմից վերջին շրջանում անընդհատ հնչեցուող այն պնդումը կամ հաւաստիացումը, որ բանակը լիարժէքօրէն պատրաստ է ,ետ վերադարձնել իրենց հողերը»:
Ի տարբերութիւն նախորդ դէպքերի, այս անգամ հակառակորդը, չբաւարարուելով նախայարձակման գործունէութիւններ իրականացնելու փորձերով, դրանք ուղեկցում է հայկական դիրքերի անդադար գնդակոծմամբ: Ընդ որում` փոքր տրամաչափի հրաձգային միջոցներից զատ, հակառակորդն արդէն անցել է խոշորին` կիրառելով նաեւ ձեռնառումբեր եւ փոքր տրամաչափի հրետանային միջոցներ, մասնաւորապէս` 60 եւ 82 մմ-անոց ականանետներ:
Սա արդէն դուրս է գալիս հակամարտ դիրքերի միջեւ սովորական փոխհրաձգութեան մակարդակից եւ աստիճանաբար վերածւում ճակատային տեւական մարտերի, ինչն, իհարկէ, յղի է երկկողմանի մարդկային աւելի մեծ կորուստներով: Ըստ էութեան, դատելով Յունուարի 5-ի գիշերը տեղի ունեցած բախումների մասին Արցախի Պաշտպանութեան Նախարարութեան յայտարարութիւնից, հայկական կողմի վերջին երկու եւ ատրպէյճանական կողմի երեք զոհերը եղել են հէնց նման ճակատային մարտերի հետեւանք:
Նման մարտավարութեան առանձնայատկութիւնն այն է, որ ստիպում է հակառակ կողմին, տուեալ դէպքում` հայկական զինուժին, ձեռնարկել թշնամու ակտիւութիւնը ճնշելու միջոցներ, ինչն ինքնին նշանակում է պարտադրաբար տուրք տալ ատրպէյճանական պրովոկացիաներին եւ մտնել պատերազմական գործողութիւնների մէջ: Այս իմաստով բացարձակապէս պատահական լինել չի կարող պաշտօնական Պաքուի որդեգրած` շփման գծում ունեցած մարդկային կորուստներն ամբողջութեամբ թաքցնելու նոր մարտավարութիւնը: Եթէ նախկինում դրանք ներքին հանրոյթին մատուցւում էին որպէս դժբախտ պատահարների հետեւանքներ, ապա վերջին երեք-չորս ամիսներին ընդհանրապէս որեւէ տեղեկատուութիւն չի հաղորդւում:
Սա զուտ անպատասխանատուութեան դրսեւորում չէ: Պաքւում թերեւս հասկացան, որ փաստերի նման աղաւաղումներն աւելի շատ են մատնում սեփական բանակի անձեռնահասութիւնն ու սպայակազմի ոչ արհեստավարժութիւնը, որոնք վերջն արդիւնքում ընդամէնը սեփական բանակի նկատմամբ ատրպէյճանական հասարակութեան անվստահութիւնն են մեծացնում: Նման աննորմալութիւն կարող է իրեն թոյլ տալ միայն բարոյական բոլոր արժէքներից զուրկ եւ տոտալիտար իշխանութիւնը: Բայց ինքնին կորուստները թաքցնելու այս մարտավարութիւնը ցոյց է տալիս, որ ներկայիս իշխանական վարչախմբի համար սեփական զինուորի կեանքը ոչ մի արժէք չունի, որ Պաքուն չի երկնչում ու երկնչելու իր զինուորներին անհրաժեշտութեան դէպքում նաեւ ,մսաղացի» բերանը լցնելուց:
Սա կարեւոր հանգամանք է` հասկանալու, որ, զրկուած լինելով զինուորների կեանքը խնայելու հարցում հասարակական ճնշումներից, Ատրպէյճանը ոչ միայն ցուցադրում է իր բացարձակ անկաշկանդուածութիւնը, այլեւ նորանոր զոհեր տալու միջոցով իր ուղեգիծը շարունակելու տրամադրուածութիւնը: Կարելի է կարծել, որ երկարաժամկէտ կտրուածքով Ատրպէյճանը փորձում է հասնել լայնամասշտաբ պատերազմի, սակայն դա հասունացնում է աստիճանաբար, փուլ առ փուլ` մի կողմից միջազգային հանրութեանն ադապտացնելով լարուածութեան շարունակական մեծացմանը, միւս կողմից` միջազգային եւ սեփական հանրութեան մօտ հասունացնելով պատերազմի անխուսափելիութեան գաղափարը:
Դժուար է ասել` որքանով է Ալիեւն իսկապէս պատերազմ ցանկանում: Մի կողմից` նաւթի գների անկումը խուճապի է մատնում Ալիեւի վարչակազմին եւ հասունացնում այն գաղափարը, որ այս միտումների պահպանման պարագայում ուղղակի հօդս է ցնդում տարածքները վերադարձնելու նպատակադրումը, ինչը եւ կարող էր ստիպել Ալիեւին գնալ հնարաւորինս շուտ հարցը լուծելու արկածախնդրութեան: Միւս կողմից` նա չի կարող հաշուի չառնել, որ դա կարող է ուղղակի կործանարար լինել իր եւ իր կլանի համար, եթէ նոյնիսկ անտեսենք նաւթային խոշոր կորպորացիաների ուժեղ դիմադրութիւնը պատերազմ սկսելու` Պաքուի հնարաւոր մտադրութիւններին: Բայց կարճաժամկէտ կտրուածքով Պաքուն թերեւս ձգտում է հասնել նրան, որ հայկական կողմը համաձայնի անցնել Լ.Ղ. հակամատրութեան կարգաւորման մեծ եւ համապարփակ պայմանագրի մշակմանը` շրջանցելով մադրիդեան սկզբունքները:
ինչդեռ այն պահանջը, թէ հայկական կողմը պէտք է անյապաղ դուրս բերի զօրքերը ներկայիս Արցախի տարածքից, վկայում է, որ անգամ պայմանագրի մշակմանն անցնելու` Երեւանի եւ Ստեփանակերտի համաձայնելը չի զսպելու Պաքուին եւ այն նորանոր միակողմանի պահանջներ է առաջադրելու` չհրաժարուելով շփման գօտում իրավիճակի աւելի ու աւելի շիկացման մարտավարութիւնից: Հէնց այս պատճառով Ատրպէյճանին հիմա սանձահարելու խիստ անհրաժեշտութիւն է առաջանում, որովհետեւ հակառակ պարագայում, որքան էլ ծանր լինի ասելը, արիւնը շարունակելու է թափուել եւ թափուել աւելի ու աւելի յաճախակի:
Իսկ թէ ինչպէ՞ս պէտք է դա անել, արդէն արհեստավարժների խնդիրն է:
The post ԻՆՉ Է ԿԱՏԱՐՒՈՒՄ ԱՐՑԱԽ¬ԱՏՐՊԷՅՃԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՇՈՒՐՋ appeared first on Hairenik Weekly Newspaper.