Image may be NSFW.
Clik here to view. ԽՄԲԱԳՐԱԿԱՆ “ԴՐՕՇԱԿ“Ի
Ապրիլ 18, 2013
Փետրուարի 18-ից յետոյ, Հայաստանի իշխանութիւնը, ֆութպոլային լեզուով ասած, խաղում էր ժամանակի վրայ: Նա կարծես համբերատարօրէն սպասում է, թէ երբ կը մարեն յետընտրական յուզումները եւ այս մէկ փորձութիւնն էլ հնարաւոր կը դառնայ համարել յաղթահարուած:
Նախագահական երդմնակալութիւնը կարծես որոշակի սահմանագիծ էր, որից յետոյ բոլորի համար պարզ պէտք է դառնար, որ հրապարակային կրքերն այլեւս անցած փուլ են, եւ նախագահական երկրորդ շրջանն իր անկասելի ընթացքի մէջ է այլեւս: Այնուամենայնիւ իշխանութիւնը, առնուազն արտաքուստ, դեռ պէտք է պահպանի որոշակի զգուշաւորութիւն մինչեւ Երեւանի աւագանու ընտրութիւնների աւարտը: Դժուար է կանխատեսել, թէ նախագահական ընտրութիւններից յետոյ ստեղծուած յուզումի ալիքը, անթեղուած կրակի պէս, ինչպիսի ազդեցութիւն կը կրի նոր քամիներից: Ի հարկէ իշխանութիւնը այս ընթացքում սպասում էր ոչ ձեռնածալ: Նախ տպաւորութիւն ստեղծուեց, թէ վերջինս պատրաստակամ է ընդդիմութեան հետ կայացնելու փոխզիջումային բնոյթի համաձայնութիւններ: Ընթացքում պարզ դարձաւ, որ նոյն իշխանութիւնը պատրաստ չէ ոչ միայն սկզբունքային, արմատական փոփոխութիւնների, այլեւ նրա առաջարկների մէջ զգացւում էր ժամանակաւոր տպաւորութիւն ստեղծելու, այսպէս ասած մոլորեցնելու, միտումը:
Հաւատ չէր ներշնչում, այսպէս կոչուած, երկխօսելու պատրաստակամութիւնը: Եւ այժմ երբ սկիզբ է առել արդէն Երեւանի աւագանու համար ընտրապայքարը, կամաց-կամաց ի յայտ են գալիս նոյն անօրինական տեխնոլոգիաները, առանց որոնց դժուար է պատկերացնել, թէ ղեկավարող այս ուժը երբեւէ կը մասնակցի ընտրական մրցակցութեան: Միւս կողմից գնալով մարում են այն թոյլ սպասելիքները, թէ ի վերջոյ իշխանութիւնը կ՛ըմբռնի նախագահական ընտրութիւնների ժամանակ տեղի ունեցածի արմատական պատճառները եւ կը դիմի, եթէ ոչ հիմնական, ապա գոնէ շօշափելի փոփոխութիւնների:
Միւս կողմից, զուգահեռաբար, ամենօրեայ իր անդուլ գործին է կենտրոնացուած քարոզչամեքենան:
Կրկին անգամ, փաստւում է, որ քսան տարուց աւելի այս երկրին պատուհասած իշխանական համակարգի ժառանգականութեան պորտալարը չի կտրւում եւ գործելակերպն էլ չի փոխւում: Մեզանում յանուն իշխանութեան կռիւը, ոմանց համար, ընդունել է ինքնանպատակ բնոյթ եւ կարծես գլադիատորական (gladiator-Խմբ.) այդ հրապարակից դուրս ոչ ոք ու ոչ մի խնդիր գոյութիւն չունի:
Իշխանութեանը սպառնացող հին հիւանդութիւն է իրականութեան զգացողութեան կորուստը: Մանաւանդ երբ այդ իշխանութիւնն ունենում է աւտորիտար (հեղինակապետական) բնոյթ: Իշխանութիւն, որ շրջապատուած է լինում պատասխանատուութեան զգացումից զուրկ, իշխանութիւնը որպէս պիզնես ընկալող, անմաքուր մարդկանցով: Շրջապատւում է քծնողներով, որոնք շէֆի ետեւից ընկած գովերգում են նրա իմաստուն ու ազգափրկիչ գործունէութիւնը:
Շատերն այդ փորձութեանը չեն դիմանում եւ իրենք իրենց համոզում են, թէ օրինակ այն վերաբերմունքը, որ արտայայտւում է ընտրութիւնների արդիւնքում ու յետընտրական գործընթացներում թելադրուած է իշխանութեան համար մղուող, նոյն ինքնանպատակ մրցապայքարի տրամաբանութեամբ: Այլ դրդապատճառներ չկան եւ հետեւաբար հերթական անգամ գերխնդիրը մնում է յետընտրական սրացումները ինչ որ կերպ յաղթահարելը:
Դեռեւս նախագահական ընտրապայքարի շրջանում ակնյայտ էր, որ այլեւս դժգոհութեան բաժակը լցուած է եւ դուրս է թափւում: Սա սկսել էր նեարդայնացնել թեկնածու նախագահին, ինչը նա յաճախ չէր կարողանում թաքցնել: Ի վերջոյ ընտրութեան իրական պատկերը, ինչպէս եւ յետընտրական գործընթացները ակնյայտ վկայութիւններն էին թէ, ինչպէս է այլեւս հատել մարդկանց համբերութիւնն էլ, դիմանալու ուժն ու ցանկութիւնն էլ: Այս ու այն ճամբարից հնչող մեկնաբանութիւնները, թէ Րաֆֆի Յովհաննէսեանի քուէների մի մասը իրենը չէին, եւս մէկ անգամ փաստում է հէնց վերն ասուածը: Ընտրողի համար հիմնական խնդիրը իշխանափոխութեան հարցն էր: Հետեւաբար գլխաւոր հետեւութիւնը, որ պէտք է անի այս ամէնից օրուայ իշխանութիւնը այն է, որ ժամանակը շրջադարձ է կատարել եւ նախկին իներցիայով գալիք հինգ ու յետագայ տարիները քարշ տալն անհնար է:
Պէտք է ըմբռնել, որ մեր երկիրը վաղուց ձերբազատուել է “Երկաթեայ վարագոյրներ“ից ու գնալով աւելի է ենթակայ քաղաքակրթութեան կանոններին: Այսօր ոչ միայն անկախութեան սերունդը չի կարող համակերպուել առկայ համակարգի գոյութեան հետ, այլեւ հասարակութեան բացարձակ մեծամասնութիւնը:
Այն պարագայում, երբ նոյն իշխանութիւնը` կենսական պահանջ է համարում այլ պետութիւնների հետ բազմակողմանի կապերի ու ինտեգրացիայի զարգացումը, անհնար է, ընդհանուր գործընթացի մէջ մտնել, լինելով բոլորովին այլ խաղի կանոններով խաղացող: Հին յոյներն ասում էին, որ ամենադժուար յաղթանակը սեփական անձի դէմ տարած յաղթանակն է: Պէտք չէ փրկութիւն որոնել ինքնախաբէութեան մէջ եւ կամայական մեկնաբանութիւններ տալ զանգուածային դժգոհութիւններին: Հարկ է մտածել. իսկ կարո՞ղ է օրինակ այս իրականութիւնից գոհ լինել գիւղացիութիւնը, որը չձախողուելու վախից չի մշակում հողերի քառասուն տոկոսը, եւ ընտանիքը թողած, բանկերի տոկոսները վզից կախ, փրկութիւն է որոնում պանդխտութեան մէջ: Կարո՞ղ է այս իրականութիւնից գոհ լինել հանրային ծառայողների ստուար բանակը, որի աշխատավարձով կարելի է վճարել կոմունալ վարձերը (ջուր, ելեկտրականութիւն, աղբ-Խմբ.) եւ թերեւս միայն հաց գնել:
Կարո՞ղ է գոհ լինել գիտութեան ու մշակոյթի գործիչը գոյատեւելով հարիւր տոլարին համարժէք կամ այն քիչ գերազանցող աշխատավարձով: Կարո՞ղ է գոհ լինել մանր միջին ու մեծ պիզնեսի ներկայացուցիչը, երբ տեղի է ունենում ողջ տնտեսութեան կենտրոնացում մի քանի օլիգարխիական կլանների ձեռքում, երբ նա չի կարողանում իր խնդիրները լուծել օրինականօրէն` եկամուտների համեմատ` տրամաբանական հարկումների սահմաններում: Վերջապէս կարո՞ղ է գոհ լինել նոյն օլիգարխը, որը պատեպատ է զարկւում ֆինանսա-տնտեսական ստուերային յարաբերութիւնների ձեռքից, պարտաւոր է մշտապէս “մուծուել“ այս կամ այն “կարեւոր“ գործի համար եւ գումարած դրան ծառայել որպէս քաղաքական գործիք: Չէ որ հիմնականում նրա ուսերին է ընտրութիւնների արդիւնքն ապահովելու բեռը:
Նախագահական ընտրութիւնների անակնկալ արդիւնքի մէջ ակնյայտօրէն արտայայտուած էր առկայ վիճակից համընդհանուր դժգոհութիւնը: Այս պայմաններում նոր խոստումները եւ վիճակագրական թուերը այլեւս ցանկալի ազդեցութիւն չեն գործում, քանի որ անցած հինգ տարիներին դրանցից եղել են ինչքան ասես, բայց առաջընթացի փոխարէն արձանագրուել է սողացող նահանջ: Իւրաքանչիւր տարուայ վերջին, կառավարութիւնը ներկայացրել է, թէ նախորդից լաւ պիւտճէ է առաջարկում, իսկ յաջորդ պիւտճէն առաւել լաւն է լինելու: Հինգ տարուայ արդիւնքում “լաւ“ եղաւ միայն նոյն կառավարութեան եւ յայտնի խաւերի համար: Ամէն տարի հանրապետութեան նախագահը մի քանի անգամ ծրագրային բնոյթի ելոյթներ է ունեցել` անդրադառնալով, թէ տնտեսական խնդիրներին, թէ կոռուպցիային, ամենաթողութեանը, բարոյական մթնոլորտին եւ հասարակական հնչեղութեան այլ հարցերի: Ամէն մի նման ելոյթի տակ երեւի կը ստորագրէր Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացի, բայց օրերն անցնում էին եւ ցանկութիւններն ու խոստումներն այդպէս էլ միս ու արիւն չէին ստանում: Ուրեմն ինչու զարմանալ, եթէ մարդիկ այլեւս վերեւից թափուող նոր խոստումներին չեն հաւատում: Հաւատալ կարելի է, եթէ դրա համար կան որոշակի հիմքեր: Եւ հակառակը, երբ իշխանական-օլիգարխիկ համակարգը մնում է անսասան, երբ նոր օրէնքները չեն ծնւում իրաւական առկայ համակարգը բարեփոխելու նպատակադրմամբ, երբ դրսեւորւում է նախընտրական նոյն ձեռագիրը` ով հաւատայ եւ ինչո՞ւ հաւատայ:
Ամենաբարեկեցիկ երկրում անգամ դժուար է պատկերացնել այսքան ինքնահաւան ու ինքնագոհ կառավարողներ, որոնց խնդիրը կարծես ամէն միջոցով օլիգարխներին, պաշտօնեաներին ու արատաւորուած համակարգը ժողովրդից պաշտպանելն է:
21րդ դարի հայը այլեւս չի ցանկանում այսպէս գոյատեւել իր երկրում, երբ հայրենիքից դուրս, ցանկացած վայրում իր հայրենակիցը կարողանում է շատ աւելի հանգիստ, կարգ ու կանոնի եւ նիւթական յարմարաւէտութեան պայմաններ ապահովել իր համար:
Ուրեմն եւ իրականում ինչ է առաջարկում իշխանութիւնը ժողովրդին` թողնել փախչել երկրից, թէ՞ ապրել թիկունք-թիկունքի, չհանդուրժելով մէկ-մէկու տեսակէտն էլ, գոյութիւնն էլ:
Քաղաքական-տնտեսական հանգամանքների կողքին որոշիչ գործօն է նաեւ խնդրի բարոյական կողմը:
Խօսենք օրինակներով:
Բոլոր բանական մարդիկ հասկանում էին, որ Խորհրդային Միութիւնը հակամարդկային չարիք է, բայց երբ հրապարակային կերպով մերկացուեց վերջինիս էութիւնը, հասկանալի դարձաւ, որ այլեւս հին ձեւով շարունակել հնարաւոր չէ: Դժուար էր սկզբում հաւատալ, թէ կայսրութիւնը կը փլուզուի, միաժամանակ անհաւատալի էր, թէ ինչ որ բան չի փոխուելու:
Հինգ վեց տարի հանդուրժելուց յետոյ 1996 թուականին Հայաստանի ընտրողների բացարձակ մեծամասնութիւնը դէմ քուէարկեց Լեւոն Տէր Պետրոսեանին: “Մեր դէմ խաղ չկայ“ի սկզբունքով առաջնորդուող իշխանութիւնը հակառակ ձեւով ներկայացրեց ընտրութեան արդիւնքները: Դրան հետեւած ժողովրդական ընդվզումը հնարաւոր եղաւ զսպել պետութեան ճնշիչ մեքենայի միջոցով, բայց իշխանութիւնը հասկացաւ, որ ինքն այլեւս ժողովրդի համար անընդունելի է: Լեւոն Տէր Պետրոսեանը կորաւ տեսադաշտից, իսկ երկու տարի անց, պատեհ առիթից օգտուելով` հեռացաւ:
Մեր երկրում այսօր ոչ ոք չի հաւատում, թէ նախորդ ու նախորդող ընտրութիւնները չեն կեղծուել եւ այդպիսի փորձ չի արուելու գալիք ընտրութիւնների ժամանակ: Հետեւաբար ինչ ճարտար հռետոր էլ փորձի առաւօտից գիշեր հակառակը համոզել, աւելի եւս խորացնելու է հաւատի կորուստը:
Ի՞նչ է լինելու շարունակութիւնը:
Ենթադրենք անցանկալին: Այն որ իշխանութեան տղայական յամառութիւնը եւս մէկ անգամ կը կոտրի մարդկանց հաւատը եւ Փետրուարից սկիզբ առած յուզումները վերջնականապէս կը մարեն: Հնարաւոր կը դառնայ “Հօրով-մօրով անել“ եւս մէկ ընտրութիւն: Կը վերանա՞ն խնդիրները, կը խաղաղուե՞ն երիտասարդութիւնը, մտաւորական շերտը, աղքատները, աշխատավարձով տուն պահել չկարողացողները, գործազուրկները եւ միւսները: Մէկ բան ակնյայտ է, այսպէս շարունակուել հնարաւոր չէ: Այս երկիրը պէտք է լրջօրէն բարեփոխուի` դէմքով ու էութեամբ: Այլ ճանապարհ տրուած չէ, հնարաւոր ճանապարհներով մարդկութիւնը վաղուց անցել է եւ շարունակում է անցնել: