Quantcast
Channel: Hairenik Weekly Newspaper
Viewing all articles
Browse latest Browse all 8334

ՀԱՅՐԵՆԻՔԷՆ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ»-ԻՆ

$
0
0

Սոնա Յակոբեան

Այս շաբաթ Հայաստանում՝  Հ․Յ․Դաշնակցութեան  ներկուսակացական խնդիրներն արհեստականօրէն դարձան երկրի ներքաղաքական կեանքի ամենաքննարկուող հարցերը։ Անտեսելով մեկ ամսից աւելի  Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնամարզի նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը պահանջող Հ․Յ․Դ․ Հայաստանի երիտասարդական միութեան երիտասարդների պահանջները՝ հանրային պատկերասփիւռի ընկերութիւնը այս շաբաթ հիւրընկալեց Դաշնակցութեան ուսանողական կառոյցի արդէն նախկին անդամ երեք երիտասարդների, որոնք  իբր ներքին շրջանառութեան նամակ էին գրել, որն անհասկանալի ձեւով հանրութեան ներկայացուել է։ Իսկ այդ նամակում ոչ հիմնաւոր փաստերով  նրանք պնդում էին , որ Հ․Յ․Դ․ Նիկոլ Աղբալեան ուսանողական միութիւնը դէմ է եղել Արայիկ Յարութիւնեանի հրաժարականի պահանջին։ Աւելին երիտասարդները ներկայ չլինելով Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն մարմնի նիստին, պնդում էին նիստի օրակարգում իշխանութիւններին «փարթիզանական» հարուածներ հասցնելու հարցը եւս եղել է։ Ապա ի՞նչ կատարուեց։ Երիտասարդները Դաշնակցութեան կանոնագիրը խախտելու համար արտաքսուեցին  կուսակցութիւնից, բայց հարցն այսքանով չսահմանափակուեց։ Պարզւում է, սակայն, իշխանութեան որոշ շրջանակներ  կազմ պատրաստ սպասում էին  ներկուսակցական խնդիրը քաղաքական օրակարգ տանելուն, աւելին հարցը հասաւ նաեւ օրենսդիր մարմին։ Չուշացաւ նաեւ Դաշնակցութեան արձագանգը։ Ըստ  Հ․Յ․Դ․ Գերագոյն մարմնի անդամ Սիմոն Սիմոնեանի, այս օրերին կատարուածը իշխանութիւնների քաղաքական արշաւն էր Դաշնակցութեան դէմ։ Աւելին իրենք ունեն փաստեր  նամակը գրողի, այն տարածելու հարցում երիտասարդներին աջակցողների եւ այս դաւադրութիւնը կազմակերպողների մասին, որոնք կը հանրայնացնեն աւելի ուշ։ Հակադարձուեցին  նաեւ «փարթիզանական» բառից յետոյ Ազգային Ժողովի  ամպիոնից Հ․Յ․Դաշնակցութեան մասին ահ ու սարսափ տարածողների ելոյթները՝ Դաշնակցութիւնը «փարթիզանական» մարտ ու յարձակում մղել ու մղելու է  Հայաստանի սահմաներից դուրս կամ Արցախի սահմանին՝ հակառակորդի դէմ։ Ի դէպ այս քաղաքական արշաւին միացան նաեւ մի շարք հակադաշնակցական կայքեր, լրատուամիջոցներ, որոնցից որոշների հակադաշնակցական պայքարը սկսուել է դեռ երկու տասնամեակ առաջ նաեւ Միացեալ նահանգներում, յատկապէս՝ Քալիֆորնիայում։

*

Հայաստանեան ներքաղաքական կեանքի մասին․․․։  Անցնել թոշակի, բայց չզրկուել աշխատավարձից, եթէ անշուշտ սահմանադրական դատարանի անդամ ես կամ նախագահ։ Ազգային ժողովն այս շաբաթ ընդունեց Սահմադրական դատարանի դատաւորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրէնքի նախագիծը։ Նախատեսւում է, որ, եթԷ Սահմանադրական դատարանի դատաւորները, այդ թւում  նախագահ Հրայր Թովմասեանը, մինչեւ 2020 թուականի Յունուար 31-ը հրաժարական տան, ապա մինչեւ իրենց պաշտօնավարման ժամկէտի լրանալը կը ստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: Օրէնքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունուեց 75 կողմ եւ 34 դեմ ձայներով, որոնց գումարուեցին նաեւ այն պատգամաւորների ձայները, որոնք գտնուելով գործուղման մէջ, իրենց դիրքորոշումը յայտնել են նամակով: Ըստ որոշ քաղաքական ուժերի նախագիծը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ մինչ այն շրջանառութեան մէջ դնելը ներկայիս իշխանութիւնների կողմից սահմանադարական դատարանի կազմը փոխելու  համար այլ տարբերակներ  եւս ձեռնարկել էին, որոնք որոշ շրջանակներ ոչ իրաւական էին որակել։

*

Զգուշացէք, հնարաւոր է ձեզ լսում են։ Այժմ դեռ ոչ, բայց  մոտ ապագայում հեռաձայնով խօսելիս Հայաստանի բոլոր քաղաքացիների համար այս կոչը արդիական կը դառնայ։ Խորհրդարանում  այս շաբաթ քննարկւում  էր  գաղտնալսելու հնարաւորութիւն նաեւ ոստիկանութեանը տալու մասին նախագիծը: Հեղինակները իշխող խմբակցութեան պատգամաւորներ Արմէն Խաչատրեանն ու Սիփան Փաշինեանն են: Նրանք  առաջարկում են օրենսդրօրէն ոստիկանութեան իրաւունք վերապահել քրէական գործերի բացայայտման նպատակով իրականացել հեռախօսային խօսակցութիւնների ու  համացանցային տարածութեան վերահսկողութիւն: Մինչ այս գաղտնալսելու նպատակով ոստիկանութիւնը դիմում էր Ազգային անվտանգութեան ծառայութեանը: Կառավարութիւնն այս պահին նախագծի ընդունմանը դէմ է՝ հիմնաւորելով, որ ոստիկանութեանը նման արտօնութիւն պէտք է տրուի միայն բացառիկ դէպքերում:

*

Արցախի մասին․ Ըստ Հ․Յ․Դ․ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանի այս հարցում  Նիկոլ Փաշինեանի դիրքորոշումներն անհետեւողական են եւ հակասական։ Ըատ նրա վարչապետը մէկ ասում է՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», մէկ պնդում Լեռնային Ղարաբաղը բանակցութիւնների սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին։ «Հարց է ծագում. եթէ Արցախը Հայաստանի մաս է, ապա բանակցութիւններում Ստեփանակերտը ի՞նչ մասնակցութեան մասին է խօսքը։ Այդ շարքից են վարչապետի յայտարարութիւններն այն մասին, որ Երեւանի եւ Ստեփանակերտի դիրքորոշումները հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ նոյնն են։ Սա նոյնպէս վերացնում է բանակցութիւններին Արցախի մասնակցելու անհրաժեշտութիւնը»,– պարզաբանել է նա։ Մանոյեանը վստահ է, որ Հայաստանը պէտք է մէկընդմիշտ փաստաթղթերով ամրագրի Արցախի անվտանգութեան երաշխաւորի կարգավիճակը։ Դա թոյլ կը տայ Հայաստանին աւելի հետեւողական լինել բանակցութիւններում,  դադարեցնել  ատրպէյճանական մեղադրանքները։

*

Կիրօ Մանոյեանը  այս շաբաթ խօսել է նաեւ  ներքաղաքական զարգացումների մասին։ Ըստ նրա  առնուազն Դաշնակցութեան մասին Փաշինեանի ասածները գնալով համահունչ են դառնում Լեւոն Տեր-Պետրոսեանի ասածներին։ «Լեւոն Տեր Պետրոսեանն էլ 1992-1994-ին, երբ մեր Բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեանին արտաքսեց երկրից, 1994-ին քայլեր ձեռնարկեց, որպէսզի կուսակցությունը փակուի Հայաստանում։ Մի կողմից էլ նա  ասում էր, որ Դաշնակցութիւնն ազգային արժէք է։  Հիմա ճիշտ նոյն մօտեցումով Փաշինեանն է խօսում, որ, ցաւօք սրտի, այդպէս է լինելու, հակառակ որ ազգային արժէք է Դաշնակցութիւն կուսակցութիւնը»,- ասել է  Կիրօ Մանոյեանը։ Նա վստահեցրել է՝ այդպէս չի լինելու եւ բոլորը, այդ թւում վարչապետը, պէտք է հասկանան, որ ցանկութիւններով չպէտք է առաջ շարժուեն, պէտք է ընդունեն իրականութիւնը, որ Դաշնակցութիւնը մէկ կազմակերպութիւն է՝ դրսի-ներսի, հին-նոր ասելը ոչ ոքի օգուտ չի բերելու։

*

Շաբաթուայ շռայլութիւնը, որն արդարացուեց նաեւ վարչապետի կողմից։ Ամանորի՝ Երեւանեան տօնակատարութեանը կառավարութեան եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից յատկացուած 680.000 տոլարը վարչապետ Նիկոլ Փաշինեանը արդարացնում է իր ձեւակերպմամբ, «Ամենօրեայ ծախսեր անելու հնարաւորութիւն չունեցող մարդկանց» մասին մտահոգուելով։ Ուղիղ եթերում վարչապետն անդրադառնարձել է խօսակցություններին, թէ բազմաթիւ ընկերային-տնտեսական խնդիրներ ունեցող երկրում ինչու է այդքան մեծ գումար յատկացւում ամանօրեայ  տօնակատարութիւններին։ Նա յայտարարել է, որ այդ ծախսը կատարելով, այդ մարդկանց հնարաւորութիւն են տալու «որ նրանք շատ ուրախ, շատ բարձր մակարդակով նշեն Ամանորը: Մենք սրանով լուծում ենք շատ կարեւոր հարց, ընկերային-հոգեբանական, տնտեսական եւ գեղագիտական խնդիր: Ինչ տնտեսական խնդրի մասին կարող է լինել խօսքը: Նախ, Հայաստանի շատ քաղաքացիներ հաստատուած աւանդոյթի համաձայն՝ Ամանորը նշում են երկրից դուրս, բան մը, որ տնտեսական բաւականին լուրջ խնդիր է մեր երկրի համար, որովհետեւ մեր երկրից գումարներն արտահոսում են»,- մասնաւորապէս նշել է վարչապետը: Արդարացումները շարունակել է նաեւ վարչապետի տիկինը։ Նա յորդորել է բոլոր կանանց վերջապէս ազատուել Ամանորին տանջուելով պատրաստութիւններ տեսնելուց եւ օրը նշել իրենց հետ հանրապետութեան հրապարակում։

*

Ցաւալի վիճակագրութիւն․  Ըստ  Սպիտակի քաղաքապետի անցեալ տարի  իրենք հաշուառել են 1200 անօթեւան ընտանիք, որոնք ապրում են տնակներում, դա մօտաւորապէս  Սպիտակի  ամբողջ բնակչութեան քսան տոկոսն է։ «Ներկայումս քննարկւում են բոլոր հնարաւոր տարբերակները, որպէսզի այդ անօթեւան ընտանիքների բնակապահովման հարցը կարողանանք լուծել: Տարբեր մօտեցումներ կան, դեռ վերջնական եզրահանգման չենք եկել»,- ասել է նա: Լրագրողների այն դիտարկմանը, որ կառավարութիւնը նշում է, թէ երեք միլիառ դրամ տրամադրելով 2021-ին մտնելու են «աղէտի գօտու շահառու» հասկացութիւնը հանած` Գագիկ Սահակեանն արձագանգել է` «Կառավարութեան նշած 3 միլիառ դրամը գիւղական համայնքների բնակիչների համար են, ինչ վերաբերում է քաղաքներին` Սպիտակ, Գիւմրի, Վանաձոր, Ստեփանավան, դեռեւս որեւէ որոշում չկայ գումարի փոխհատուցման»: Յիշեցնենք, որ 31 տարի առաջ, Դեկտեմբեր 7-ին, աղէտալի երկրաշարժից Սպիտակ քաղաքն ամբողջութեամբ աւերուել էր, լրիւ կամ մասնակի աւերուել էին նաեւ Գիւմրի, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրեանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարիւրից աւելի գիւղեր ու բնակավայրեր:

  *

Շաբաթուայ անկեղծութիւնը։ Այս հինգշաբթի կառավարութեան հերթական նիստի ժամանակ վարչապետն անկեղծացել է  յայտնելով, թէ աշխատելու ընդունակ պետական կառավարման համակարգ չունենք։ «Մեր տնտեսական աճի, մեր տնտեսութեան ընթացիկ իրավիճակի մասին հնարաւո՞ր է բնական տեղեկատւութիւն ստանալ այսօր Հայաստանի Հանրապետութիւնում: Հնարաւոր չէ, ես, օրինակ, չեմ կարողանում ինձ անհրաժեշտ տեղեկատւութիւնը ստանալ: Հնարաւո՞ր է ստանալ գնահատական մեր պետական մարմինների, որը շատ թէ քիչ իրար մoտիկ կը լինեն, մեր տնտեսական վիճակի մասին, մեր տնտեսութեան կարողութեանմասին, մեր տնտեսական աճի վերաբերեալ: Հետեւաբար ինչի ենք այսպէս աշխատում, որովհետեւ միակ ձեւը, որ հնարաւոր է աշխատել՝  քաղաքական շեշտադրումներ դնելով եւ պետական համակարգին հրելով, որ գնացէք այս խնդիրը լուծէք»,- ասել է վարչապետը՝ աւելցնելով, որ այսօր պետական կառավարման համակարգում չկայ աշխատանք, այդ ռազմավարութիւնները մշակելու: Նիկոլ Փաշինեանի դիտարկմամբ՝ կառավարութիւնն այս տարի ինչ արդիւնքներ արձանագրել է, տնտեսական բոլոր ցուցանիշները, յաջողութիւնները՝ արուել են ի հեճուկս պետական կառավարման համակարգի եւ նախարարութիւնների։ «Չնեղանաք, բայց Հայաստանում փտածութեան դէմ պայքարը կրկին տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի, որովհետեւ ամբողջ իրավապահ համակարգին պէտք է որոշ ժամանակ անց ասես՝ իսկ ի՞նչ եղաւ։ Եւ եկէք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո՛, յեղափոխութեանը դիմադրում է։ Եւ այդ դիմադրութիւնը ես ջարդելու եմ, չկայ ուրիշ տարբերակ, որովհետեւ  Հ․Հ․ ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական խումբին ձայն է տուել, որ այս երկրում փոփոխութիւն տեղի ունենայ, ոչ թէ տարբեր առիթներով անընդհատ պտտուենք ու պտտուենք։ Հերիք է այս կեղծիքի մեջ մենք անընդհատ ապրենք»,- ասել է վարչապետը։

*

Եւ  վերջում  Չեխիան որոշել է Նարեկ Սարգսեանին արտայանձնել Հայաստանին ։ Յիշեցնենք, որ Փրակայում յայտնաբերուել էր Հայաստանի  իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մէջ գտնուող Նարեկ Ալեքսանտրի Սարգսեանը, որը ներկայացրել էր Ֆրանքլին Կոնսալէս անունով: Նրա նկատմամբ քրէական գործ էր յարուցուել ապօրինի կերպով զէնք, ռազմամթերք, պայթուցիկ նիւթեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իւրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների  ապօրինի շրջանառութիւնն իրացնելու կամ պատրաստելու նպատակով։ Նարեկ Սարգսեանը  Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի եղբորորդին է։

 

 

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 8334

Trending Articles