Quantcast
Channel: Hairenik Weekly Newspaper
Viewing all articles
Browse latest Browse all 8334

ՀԱՅՐԵՆԻՔԷՆ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ»-ԻՆ

$
0
0

Սոնա Յակոբեան

Հայաստանեան, միջազգային ու անգամ թրքական որոշ լրատուամիջոցների այս շաբաթուայ առաջատար լուրն  էր Ա․Մ․Ն․ Քոնկրէսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի  ընդունումն էր: Վերջին անգամ Ա․Մ․Ն․ ներկայացուցիչների պալատը Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւ էր ընդունել աւելի քան երեսուն տասնամեակ առաջ: Թէպէտ սա Ամերիկայի Հայ Դատի յանձանխմբի տասնամեակների յամառ ու երկարատեւ պայքարի արդիւնքն էր , Հայաստանեան իշխանական շրջանակներում ամենեւին էլ այս կառոյցի անունը յստակ չնշուեց, բայց կառավարութեան այս  շաբթուայ նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ  բանաձեւի ընդունումը մեկնաբանել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինեանը: Ըստ նրա սա շատ կարեւոր իրադարձութիւն է Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործում եւ  նոր շունչ կը հաղորդի այդ գործընթացին: «Ուզում եմ այս կապակցութեամբ իմ գնահատանքի խօսքը յայտնել Սփիւռքում եւ յատկապէս Ա․Մ․Ն․-ում գործող  հայկական կազմակերպութիւններին ,որոնք տասնեակ տարիներին հետեւողական աշխատել են  ցեղասպանութեան ճանաչման համար: Եւ գործնականում սա արդէն հասունացել էր, քանի որ Ա․Մ․Ն․  գրեթէ բոլոր նահանգները ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը»,- ասել է վարչապետը : Փաշինեանը շնորհակալութիւն է յայտնել ներկայացուցիչների պալատում աշխատող հայկական խմբին, Ա․Մ․Ն․ ներկայացուցիչների պալատի այն անդամներին ովքեր կողմ են քուէարկել:

*

Ըստ Հայ դատի կեդրոնական գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի` Ա․Մ․Ն․ ներկայացուցիչների պալատի որոշման քաղաքական արժէքն այն է, որ 35 տարի շարունակ կար պայքար, ամերիկահայ համայնքն ի հեճուկս Թուրքիոյ, հիմնականում Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների միջոցով այդ աշխատանքն էր տանում, որի դիմաց կանգնած էր ոչ միայն Թուրքիան, այլեւ Ա․Մ․Ն․-ի գործադիր իշխանութիւնը: Ըստ Մանոյեանի գործադիրն  այս անգամ էլ թէեւ չաջակցեց, բայց նաեւ չխոչընդոտեց եւ թոյլ տուեց, որ իսկապէս քոնկրէսականներն իրենց տեսակէտն արտայայտեն: «Եւ եթէ կարծում են մարդիկ, որ Ա․Մ․Ն․ ներկայացուցիչների պալատը երկու ժամ զբաղեցնելը խաղ ու պար է , թող իրենք գնան անեն»,- ասել է Մանոյեանը: Նա յոյս է յայտնել, որ հասարակութիւնը ճիշտ կը գնահատի իրողութիւնը: Ըստ նրա` բանաձեւը թէեւ հաց ու պանրի հարց չի լուծում, բայց ունի հսկայական քաղաքական ազդեցութիւն: Սա նաեւ Ա․Մ․Ն․-ի  Հայ Դատի յանձնախմբերի, ընդհանրապէս հայ համայնքի ուժի ցուցադրութիւնն էր, որ նպաստաւոր քաղաքական ` Ա․Մ․Ն․ – Թուրքիա լարուած յարաբերութիւնների պայմաններում ի վերջոյ հնարաւոր եղաւ բանաձեւը ընդունել:

 

*

 Այս շաբաթ երկարատեւ լռութիւնը խախտեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը: Անդրանիկ Մարգարեանի քաղաքական դպրոցի շրջանաւարտներին վկայականների յանձնման արարողութիւնից յետոյ շրջանաւարտներից մէկի հարցին ի պատասխան, թէ օրէ օր աւելանում են քաղաքական հետապնդումները, ապօրինի ձերբակալութիւները, արդեօք  Հ․Հ․ երրորդ նախագահը չի վախենում, որ ձերբակալութիւնների շղթան իրեն էլ կը հասնի Սերժ Սարգսեանն ասել է․ «Ինչպէս յայտնի է` ոչնչից չի վախենում միայն կատարեալ յիմարը: Ես 1988 թուականից յետոյ իրօք վախեցել եմ, վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը` Լեռնային Ղարաբաղը, ինչը շատ մեծ եւ իրական վտանգ կը բերէր մեր հայրենիքի մնացած եւ վերջին մասին համար: Բայց տասնեակ հազարաւոր նուիրեալների հետ միասին նայելով վախի աչքերի մէջ` մենք կարողացել ենք յաղթահարել այդ վախը, պատերազմի` Ձեզ յայտնի արդիւնքներով: Հիմա ես վախենո՞ւմ եմ, թէ՞ չեմ վախենում, ես հիմա էլ եմ վախենում անպատասխանատու ամբոխահաճոների (populist)` մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականութիւնից: Իմ անձի հետ կապուած ես վախենալու որեւէ բան չունեմ , եթէ ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կը լինի, եթէ ինձ ձերբակալելով Մարտ 1-ը, Հոկտեմբերի 27-ը կը համարուի ամբողջովին բացայայտուած, մեր երկրին սպառնացող վտանգները կը չէզոքանան, Արցախի բանակցութիւնները կը վերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն»,- ասել է Սերժ Սարգսեանը:

*

Մինչ Սերժ Սարգսեանը իր հնարաւոր ձերբակալման հարցն էր քննարկում,այս շաբաթ մեղադրանք առաջադրուեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյեանի նկատմամբ: Մեղադրանքը 2 յօդուածներով է ` իշխանութեան իւրացում ու պաշտօնական կեղծիք: Նրա խափանման միջոց է ընտրուել ստորագրութիւնը` չհեռանալու մասին: Յիշեցնենք, որ աւելի վաղ քննուող քրէական գործի նախաքննութեան ընթացքում ձեռք բերուած ապացոյցների հիման վրայ արդէն կալանաւորուել է Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայեանը: Ի դէպ  Յատուկ քննչական ծառայութեան պետ Սասուն Խաչատրեանը Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի, Ազգային Ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյեանի ու  աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայեանի նկատմամբ իրականացուողը բացառապէս իրաւական գործընթաց է համարել: Նա բացառում է քաղաքական հետապնդումը: Ըստ նրա Արսէն Բաբայեանը կալանաւորել է ու զրկուել տեսակցութիւնների հնարաւորութիւնից` նրա պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով:

*

Ինչու է վերջին շրջանում յայտնուել ուշադրութեան կեդրոնում, նոյնիսկ պահանջում են վերջինիս հրաժարականը,- լրագրողների` այս բովանդակութեամբ հարցերն այս շաբաթ անպատասխան չթողեց Հանրային խորհրդի նախագահ Վազգէն Մանուկեանը: Ըստ նրա այս ամէնի պատճառը հաւանաբար այն է, որ որոշ մարդկանց իր ելոյթները դուր չեն գալիս: Մանուկեանի կարծիքով Հայաստանում եւ Ղարաբաղում գնում է մի գործընթաց, որի միջոցով աշխատում են ազատուել ինքնուրոյն մտածող մարդկանցից, ուզում են ստեղծել հասարակութիւն, որտեղ  բոլորը ենթակայ են մէկ հոգու կամ մէկ կառոյցի:Խօսելով Սահմանադրական դատարանի, մասնաւորապէս Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի շուրջ զարգացող իրադարձութիւններից, նա ասել է. «գալիս ես իշխանութեան, քեզ թւում է, որ ամէն ինչը քեզ է պատկանում, դու պէտք է բոլոր հարցերը լուծես: Յիշում եմ` այդպէս իրավիճակ կար նաեւ 1990 թուականին, երբ եկանք իշխանութեան: Բայց իրականում  ցանկացած երկրի ղեկավար ունի սահմանափակումներ:  Իշխանութեան երեք կառոյցների  տարանջատումը շատ կարեւոր է:  Երբ գալիս ես իշխանութեան, պէտք է իմանաս, որ կայ անկախ մամուլ, ձեռք տալ չես կարող, չես կարող ասել, որ Սահմանադրական Դատարանը պէտք է ինձ ենթարկուի, նման բան ասելու իրաւունք չունես: Ցանկացած ղեկավար գտնւում է շատ սահմանափակումների մէջ: Դրանցից մէկն անկախ Սահմանադրական դատարանն է»: Գնում են աղջիկներին են հարցաքննում, հօրն են հարցնում, թէ այդ կտուրը որտեղից, սանիկ են բռնում: Հիմա էլ կպան ինչ-որ թուղթը ճիշտ օրն է ներկայացուել, թէ ոչ: Ոչ միայն ծիծաղելի է, նորմալ պետութեանը համապատասխան բան չէ: Ոչ թէ քաղաքական հետապնդում է իր նկատմամբ, իրեն հետապնդում են, որ ինքը տեղն ազատի, իրենց ուզած մարդուն նշանակեն: Տեղի հարց էէ,- ասել է Հանրային խորհրդի նախագահ Վազգէն Մանուկեանը:

*

Ի դէպ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի դէմ սկսուած գործընթացի մասին: Յատուկ քննչական ծառայութիւնը վարոյթ է ընդունել Սահմանադրական դատարանի նախսգսհ Հրայր Թովմասեանի հետ առնչուող քրէական գործը: Աւելի վաղ, Քննչական կոմիտէն հաղորդագրութիւն էր տարածել, որ տուեալներ են ձեռք բերուել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի` որպէս արդարադատութեան նախարար պաշտօնավարման ընթացքում պաշտօնէական լիազօրութիւնները առերեւոյթ չարաշահելու վերաբերեալ: Ըստ այդ գործի` Թովմասեանի` որպէս արդարադատութեան նախարար պաշտօնավարման ժամանակահատուածում  Արդարադատութեան նախարարութեան աշխատակազմի օրինականութեան վերահսկողութեան տեսչութեան պետի, նախարարութեան ու Երեւանի քաղաքապետարանի այլ պաշտօնատար անձանց կողմից իրենց պաշտօնէական լիազօրութիւնների առերեւոյթ չարաշահման գործում  Հրայր Թովմասեանն էլ մասնակցութիւն ունի:  Հիմնաւորուել է, որ  Բաղրամեան 1 փակուղի 14 շէնքի թիւ 162 տարածքը Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպուած աճուրդի արդիւնքներով` փաստացի նրա կողմից  է ձեռք բերուել:

 

*

Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէնի եւ Յատուկ քննչական ծառայութեան պետի հեռախօսային խօսակցութեան գաղտնալսման ձայնագրութիւնը տարածուել է Անկախ Պետութիւնների Հասարակապետութեան տարածքից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրոյցում ասել է  Քննչական կոմիտէի ղեկավար Հայկ Գրիգորեանը: Յիշեցնենք , որ 2018 թուականի Սեպտեմբեր 11-ին Ելեկտրոնային լրատուութեան միջոցներում տարածուել է Հ․Հ․ ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն Արթուր Վանեցեանի եւ Հ․Հ․ յատուկ քննչական ծառայութեան պետ Սասուն Խաչատրեանի միջեւ տեղի ունեցած հեռախօսազրոյցի ձայնագրութիւնը:

*

Այս շաբաթ իր աշխատանքին վերադարձաւ մաքսային ծառայող Հայկ Մարտիրոսեանը:  Այս մասին իր դիմագրքում գրել է Նիկոլ Փաշինեանը:  Յիշեցնեմ, որ վերջինիս այս տարի գարնանը աշխատանքից ազատուել էր հէնց Փաշինեանի հրահանգով` Երեւանի ինքնաշարժներու մաքսատուն այցելութեան ժամանակ : Պատճառը Հանրապետութեան պետական դրօշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելն էր:

*

Իսկ ահա այս մարզիկի շնորհիւ Հայաստանի դրօշը ծածանւում է սպորտային մրցաշարերում ` ի նշան յաղթանակի: Ռումանիոյ մայրաքաղաք Պուքրէշում, Հոկտեմբեր 27-ին աւարտած ծանրամարտի Եւրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնութիւնում Հայաստանի առաջատար Սիմոն Մարտիրոսեանը նուաճել է Ախոյեանի տիտղոսը: Եւրոպայի խմբային առաջնութեան հերթական  մրցաշարքն էլ  աւարտուել է  Հայաստանի ճատրակի տղամարդկանց խմբի յաղթանակով:

*

Այս շաբաթ Մայր Աթոռում տեղի է ունեցել  Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը: Վեհափառ Հայրապետը ողջունել է  նաեւ ժողովին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութեան պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալեանի ներկայութիւնը, որ առաջին անգամ է այս կարգավիճակով մասնակցում գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովին եւ զեկոյց է ներկայացնելու Պատրիարքարանին առնչուած հարցերի եւ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրութեան գործընթացի առնչութեամբ: Քառօրեայ ժողովի ընթացքում քննարկուել են  Եկեղեցու վարչական, կանոնական ու հովուական կեանքին եւ կրթական ու ընկերային առաքելութեանն առնչուած հարցեր: Մասնաւորապէս զեկոյցնէր են ներկայացուել  2020 թուականին գումարուելիք ազգային-եկեղեցական Ժողովի  կազմակերպման ընթացքի, վերաբերեալ: Գերագոյն հոգեւոր խորհուրդը զեկոյց կը լսի Մայր Տաճարի հիմնանորոգութեան առնչութեամբ:

*

Հ․Հ․ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան օրակարգում էլ Հայոց եկեղեցու պատմութիւն առարկայի դասաւանդման հարցն է: Ըստ Արայիկ Յարութիւնեանի հնարաւոր առաջարկների դէպքում պատրաստ են դրանք քննարկել Ամենայն հայոց կաթողիկոսի կամ եկեղեցու այլ ներկայացուցիչների հետ: Ըստ նրա մշակւում են չափորոշիչներ, առարկայացանկեր: Եւ քննարկւում են իւրաքանչիւր առարկայի առանձին գոյութեան արդիւնաւէտութիւնը, նպատակներն, թէ մենք ինչ ենք ուզում ստանալ վերջնարդիւնքում: Չափորոշիչները մշակող եւ առարկայացանկերը մշակող յանձնաժողովը աշխատում է, երբ առաջարկներ լինեն, մենք կը քննարկենք ու որոշումները կը կայացնենք: Այդ յանձնաժողովն առայժմ ինձ հետ որեւէ բան չի քննարկելէ,-ասել է  Յարութիւնեանը: Անդրադառնալով հարցին, թէ արդեօք այդ թեմայով հանդիպում եղել է կաթողիկոսի հետ, նա պատասխանել է`  իրենք պարբերաբար հանդիպումներ ունենում են` եւ կաթողիկոսի հետ, եւ եկեղեցու ներկայացուցիչների հետ, այդ առարկայի հարցը քննարկում: «Երբ առարկայացանկերի առաջարկներ կը լինեն, մենք եւս մէկ անգամ նրանց հետ կը քննարկենք»,- ասաց նախարարը: Վերջնական ուսումնական  ծրագրերը փոխուելու են, նոր դասագրքերը ներդրուելու են 2023-ից:

*

Իսկ ահա գործադիրի օրակարգում վարչապետին սպասարկող նոր օդանաւի գնման հարցն է: Ըստ Վարչապետի աշխատակազմի ղեկավար եդուրադ Աղաջանեանի վարչապետին սպասարկող օդանաւը չի կարողանում կտրել ովկիանոսը: Այդ հարցը քննարկել եմ Հ․Հ․ վարչապետի խորհրդական Յակոբ Ճաղարեանի հետ, որ օդաչու է: Նախ, որպէսզի այդ հնարաւորութիւնը ձեռք բերուէր, դա, ըստ պարոն Ճաղարեանի, միլիոնաւոր դոլարների ծախս էր ենթադրում: Մենք խնդիր ունենք նաեւ այն հարցի հետ կապուած, որ մեր օդաչուները վկայագրեր չունեն երկար  թռիչքներ իրականացնելու համար: Մենք քննարկում ենք նոր օդանաւի գնման տարբերակը»,- ասել է  Աղաջանեանը: Ըստ նրա այդ հարցը դեռ քննարկման փուլում է, սակայն գործող օդանաւը բաւական հին է, եւ որոշ չափանիշների արդէն չի համապատասխանում:

*

Գորգ ` գործուած հերոսների ձեռքով: «Հայրենիքի Պաշտպան» վերականգնողական կեդրոնի նախաձեռնութեամբ զինուորի տան հերոսները գործել են գեղեցիկ հայկական գորգ, որն անուանուել է «Հայկական Տիեզերք»: Գորգի գործման աշխատանքներին են միացել Տիգրան Մանսուրեանը, Ջիւան Գասպարեանը, հայկական ճազի առասպելական հերոս Մալխասը, «Աւրորա»-ի մրցանակակիր Թոմ Քաթինան եւ այլք: Ան  պէտք է պատրաստ լինի մինչ Նոյեմբեր 1 թուականանը։ Ա․Մ․Ն․-ի հայ համայնքը հնարաւորութիւն է ունենալու աճուրդով գնել այն: Աճուրդը եւ կալա ընթրիքը տեղի է ունենալու Նոյեմբեր 3-ին` ժամը 17:30-ին, Քալիֆորնիոյ The Glendale

Hilton հիւրանոցում: Ամբողջ հասոյթն ուղղուելու է «Զինուորի Տան» Հերոսների սրճարանի եւ ուսումնական կեդրոնի կառուցմանը:

Վարպետները կը շարունակեն բուժում ստացող տղաներին սովորեցնել գորգ գործել` ոմանք ձեռքերը կը մարզեն, միւսներն էլ հնարաւոր է վարպետանան ու սկսեն գումար վաստակել:  Ի դէպ գորգի գործման աշխատանքներին են միացել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ Աննա Յակոբեանը :

*

Վերջին օրերին  խաղաղ չէր  Արցախա-Ատրպէյճանական սահմանը: Ըստ Պաշտպանութեան բանակի այս օրերին  նկատուել է  հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Ատրպէյճանական կողմը, կրկին ցուցաբերելով ապակառուցողական դիրքորոշում եւ աւելին` արհամարհելով Պաքւում ընթացող Ա․Պ․Հ․ երկրների պաշտպանութեան նախարարների խորհրդի նիստը, գնում է առաջնագծում իրադրութիւնը արհեստականօրէն լարելու ուղղութեամբ` աւելի յաճախակի օգտագործելով դիպուկահար զինատեսակներ:Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարել  է, որ հաւատարիմ է հակամարտող կողմերի միջեւ լարուածութիւնը թուլացնելու վերաբերեալ ձեռք բերուած պայմանաւորուածութիւններին, բայց հակառակորդի սադրանքների շարունակման դէպքում դիմելու է իրավիճակից բխող համարժէք գործողութիւնների: Ի դէպ այս շաբաթ հակառակորդի թիրախում էին նաեւ Տաւուշի սահմանամերձ  խաղաղ բնակավայրերը:

*

Սահմանի անվտանգութիւնից մինչեւ ազգային արժէքների պահպանումը այս հարցերը միշտ եւ յատկապէս հիմա Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրակարգային հարցերից են: Հայաստանում մեկնարկել են Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 129-ամեակին նուիրուած միջոցառումները: Այս անգամ հանդիպման վայրը Արթիկն էր:  Տօնական միջոցառման  մասնակիցներն ամփոփել են կուսակցութեան անցած ուղին, անդրադարձել ներկայիս մարտահրաւէրներին:

 

 

 

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 8334

Trending Articles