Սոնա Յակոբեան
Եօթ երկրների ղեկավարներ այս շաբաթ աշխատանքային այցով Երեւանում էին: Բոլորին Հայաստան էր բերել բարձրագոյն եւրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը: Հիւրերից առաջինը ժամանեց Սինկափուրի հանրապետութեան վարչապետը: Լի Սիէն Լունի առաջին կանգառը վարչապետի նստավայրն էր: Հանդիպումից յետոյ համատեղ ասուլիսի ժամանակ կողմերը նշեցին ,որ որոշել են սերտացնել Հայաստանի եւ Սինկափուրի միջեւ համագործակցութիւնը: Ասուլիսի ժամանակ Սինկափուրի վարչապետը նշեց, որ Հայաստան է եկել իր երկրի եւ Եւրասիական տնտեսական միութեան միջեւ ազատ առեւտրի գօտու համաձայնագիր ստորագրելու համար: «Հայաստանը շատ առումներով խթան է հանդիսացել, որ ստորագրուի այդ համաձայնագիրը: Այն կը նուազեցնի առեւտրի սակագնային խոչընդոտները: Այս պահի դրութեամբ` Հայաստանի եւ Սինկափուրի միջեւ շրջանառութեան ծաւալը փոքր է: Մասամբ դա պատմական պատճառ ունի, որովհետեւ նախկինում մեծ շփում չենք ունեցել: Ես յուսով եմ, որ երբ ծաւալներն աւելանան, կապերը կը շատանան, եւ դա մեզ հնարաւորութիւն կը տայ աւելին անել միասին»,- ընդգծել է Սինկափուրի վարչապետը: Ըստ Նիկոլ Փաշինեանի էլ այդ համաձայանգիրը նոր հնարաւորութիւններ ու պայմաններ է ստեղծելու գործարարութեան համար: «Նմանօրինակ այցերը միջոց են փոխադարձ մեր ներդրողների ուշադրութիւնը հրաւիրել Սինկափուրում եւ Հայաստանում գործունէութիւն ծաւալելու վրայ: Կարծում եմ, որ Հայաստանը շատ բան ունի առաջարկելու Սինկափուրին, եւ Սինկափուրն էլ շատ բան ունի առաջարկելու Հայաստանին: Արտահանման մեծ հնարաւորութիւններ կան: Մենք ամէն ինչ անում ենք ուշադրութիւն հրաւիրելու համար, մենք չենք կարող գործարարին պարտադրել ներդրում անել ինչ-որ տեղ, մենք կարող ենք անել առաւելագոյնը, որ ներդրումները լինեն ձեռնտու»,- նշել է Փաշինեանը: Փաշինեանի հետ հանդիպումից բացի , Սինկափուրի վարչապետը հանդիպել է նաեւ նախագահ Արմէն Սարգսեանի ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ․-ի հետ:Սինկափուրի վարչապետը հաւանաբար շատ է սիրել Հայաստանը: Նա իր անձնական կայքէջում Հայաստանից տարբեր լուսանկարներ է տեղադրել ու գրել , որ եղանակն այդ օրերին արեւային է եղել եւ նա մի քանի անգամ առիթ է ունեցել հիանալ պիպլիական Արարատի գեղեցկութեամբ:
*
Այս շաբաթ Հայաստանում էր նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին : Նա եւս Հայաստան էր ժամանել էր եւրասիական բարձրագոյն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինեանը նշել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ յարաբերութիւնները բարեկամական են եղել եւ շարունակում են այդպէս մնալ: Ըստ նրա Իրանի հետ Հայաստանրի յարաբերութիւնները պէտք է հնարաւորինս դուրս լինեն աշխարհաքաղաքական ազդեցութիւններից, Փաշինեանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հաւասարակշռուած դիրքորոշումը Արցախի հակամարտութեան կարգաւորման հարցում: Ռոհանին էլ իր հերթին շնորհակալութիւն է յայտնել ջերմ ընդունելութեան համար: Նա նշել է , որ Իրանը պատրաստ է Հայաստանի կառավարութեան հետ շարունակել աշխատանքները` նոր ծրագրեր մշակելու եւ կեանքի կոչելու նպատակով, ընդլայնել գազ` էլեկտրանէներգիայի դիմաց ծրագրի ծաւալները: Հասան Ռոհանիի խօսքով` իրանական կողմը հետաքրքրուած է Հայաստանի հետ համագործակցութեամբ նաեւ տրանսպորտային ենթակառուցուածքների ոլորտում, այդ թւում` մեր երկրում տարբեր ճանապարհաշինական ծրագրերում ներգրաւուելու գործում:
*
Տնտեսական համագործակցութիւնից բացի, փոքր-ինչ այլ օրակարգով է անցել Երեւանում Հայաստանի վարչապետի եւ Պելառուսիոյ նախագահի հանդիպումը: Փաշինեան – Լուքաշենքօ հանդիպման ընթացքում Պելառուսիոյ նախագահն արդարացել է , ասելով․ «Դուք իմ շատ լաւ ընկերն էք, եւ Ատրպէյճանի նախագահը դեռ վաղ ժամանակներից լաւ ընկեր է: Եւ ի՞նչ կարող եմ ես անել` ես շատ լաւ եմ վերաբերւում եւ՛ Հայաստանին, եւ՛ Ատրպէյճանին, եւ՛ տեղւոյն ղեկավարութեանը դեռ այն ժամանակներից, երբ դեռ Հայտար Ալիեւն էր այնտեղ նախագահ, մենք նրա հետ ենք սկսել աշխատել: Ձեզ հետ նոյնպէս լաւ յարաբերութիւններ ունենք: Դուք մի անհանգստացէք, որ մենք որեւէ մէկի հետ բարեկամութիւն կ’անենք` ընդդէմ Հայաստանի: Բացարձակապէս ոչ: Եկէք Պելառուսիա, ցոյց տուէք` ինչ է ձեզ պէտք, մենք պատրաստ ենք աշխատել` ի շահ Հայաստանի: Հաւատացէ՛ք, դրանք այդպիսի յարաբերութիւններ են»:
Իսկ պաշտօնական հանդիպումներից յետոյ նախագահների ժամանակը բաւականին հետաքրքիր է անցել Հայաստանում: Նրանք այցելել են «Թումօ» ստեղծարար կեդրոն, քոնեաք խմել եւ զրուցել: Ի դէպ քոնեաքի մասին Հայաստանում 2019 թուականի Յունուար – Յուլիսին քոնեաքի արտադրութիւնն աճել է 46.3%-ով: Պաշտօնական վիճակագրութեան համաձայն` այս տարուայ եօթ ամիսներին հանրապետութիւնում արտադրուել է 21 մլն 300 հազար լիթր քոնեաք, իսկ 2018թ-ին նոյն ժամանակահատուածում` 14 մլն 554.9 հազ. լիթր:
*
Այս ժողովի ամենասպասուած հանդիպումը կատարուեց: Եւրասիական բարձրագոյն խորհրդի նիստից յետոյ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հանդիպում է ունեցել նաեւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութինի հետ: Զրոյցի ընթացքում Ռուսաստանի նախագահը նշել է, որ գոհ է Երեւանում կայացած գագաթաժողովի արդիւնքներից : «Դրանք իսկապէս լաւն են եւ երրորդ կողմի երկրների հետ կապերի զարգացման տեսանկիւնից, եւ, որ, աւելի կարեւոր է մեզ համար, ոչ մի խնդիր չի առաջացել, հակառակը, կազմակերպութեան շրջանակում մասնակից պետութիւնների միջեւ բոլոր համաձայնութիւնները ձեռք են բերուել: Դուք այն մարդն էք, ով ներդրել է առաւելագոյն ջանքեր` նման արդիւնաւէտ աշխատանքի համար: Դրա համար ես ցանկանում եմ Ձեզ ոչ միայն շնորհաւորել, այլ նաեւ շնորհակալութիւն յայտնել»,- նշել է Փութինը: Ի դէպ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները շարունակել են զրոյցը նաեւ օդակայանում : Իր դիմատետրեան էջում, Փաշինեանը գրել է , որ օդակայանում Ռուսաստանի նախագահի հետ ունեցած մանրամասն զրոյցը նոր խթան կը տայ հայ-ռուսական յարաբերութիւններին:
Մինչ այդ Երեւանում հանդիպել են նաեւ Վլատիմիր Փութինն ու Ռոպերթ Քոչարեանի կողակից՝ Պելլա Քոչարեանը: Թէեւ հանդիպմսն մանրամասները չեն հրապարակուել, բայց մամուլում լուրեր են շրջանառւում, որ հանդիպման օրակարգում Ռոպերթ Քոչարեանի կալանքի հարցն է եղել: Ի դէպ այս շաբաթ Քոչարեանն այցելել է Իզմիրլեան բժշկական կեդրոն բժշկական հերթական զննման համար:
*
Կրքերը չեն հանդարտւում Ազգային Ժողովում: Այստեղ էլ այս շաբաթ Բարգաւաճ Հայաստան խմբակցութեան ղեկավար Գագիկ Ծառուկեանը յայտարարել է, որ իրենց խմբակցութիւնը չի մասնակցի Սահմանադրական դատարանի նախագահին պաշտօնից զրկելու Ազգային ժողովի քուէարկութեան։ Ծառուկեանը նշել է , որ Ազգային ժողովը չպէտք է որոշի` Հրայր Թովմասեանը մնալու է, թէ հեռանալու է: Ըստ նրա իրենք նախորդ գումարման ժամանակ Հրայր Թովմասեանի դէմ են քուէարկել, իսկ այս փուլում ներկայացուած հիմնաւորումները շատ թոյլ են, հիմնական դրոյթները թերի են, կայ ժամկէտների խախտում: Աւելին ըստ Ծառուկեանի Ազգային ժողովի որոշումը չի, որ Հրայր Թովմասեանը պէտք է մնայ կամ հեռանայ, որոշողը Սահմանադրական դատարանն է:
*
Հալա՜լ է քեզ,
Սասո՛ւն, պարի՜…
Պարի՜,
Դու դեռ երա՜զ ունես կատարելու,
Վրէ՜ժ ունես պատմութիւնից դեռ հանելու.
Պարի՜,
Գազպան դեռ քո ձեռքի՜ն է կարօտում,
Սասնայ հողը վար ու հերկի՜ է կարօտում.
Պարի՜,
Մինչեւ ողջ հայերին դու ամբարե՛ս,
Եւ այս պարը
ՄԱՍԻՍ ԼԵՌԱՆ Լանջի՜ն ՊԱՐԵՍ.
Քաղաքականութիւնից կտրուկ անցում մշակոյթին: – Այս շաբաթ լրացաւ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Գէորգ Էմինի 100-ամեակը: Այս առիթով Էմինի ժառանգները իրենց մտահոգութիւնն են յայտնել: «Պետութիւնը, մասնաւորապէս կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւնն ոչինչ չի նախաձեռնել նուիրուած Գէորգ Էմինի 100-ամեակին»,- նշել է Գէորգ Էմինի թոռը` գրականագէտ Գէորգ Էմինտերեանը:
*
Շաբաթուայ ամենաուրախ վիճակագրութիւնը: Սեպտեմբերին Էրեբունի բժշկական կենտրոնում 472 նորածին մանկան ճիչ է լսուել: Այստեղ մէկ ամսուայ ընթացքում ծնուել է 233 աղջիկ եւ 239 տղայ երեխայ:
*
Եւ վերջում: Շաբաթուայ սկզբին մի քանի ընտանեկան լուսանկար էլ վարչապետի տիկին Աննա Յակոբեանը հրապարակեց: Նա իր դիմատետրեան էջում տեղադրել էր Փաշինեանի լուսանկարը` բազմոցին քնած, ակնարկելով թէ կողակիցը շատ է աշխատում եւ գերյոգնած է: