Clik here to view.

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉԵԱՆ
Յունուարի 29-ին լրացաւ Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի մահուան 100-րդ տարելիցը: Մարդ, ով խորհրդանշում է հայոց պետականութեան վերակերտումը, դարաւոր նիրհից մեր արթնացումը, մեր նուիրումն ազգ-հայրենիք գաղափարին: Արամը պետական գործչի իսկական կերպար է, պետականութեան գաղափարի անձնազոհ նուիրեալ ու գաղափարի մարտիկ: Նոյն օրը, զարմանալի զուգադիպութեամբ, երբ շատերը խնկարկում էին Արամի յիշատակը, համացանցում տարածուեց Հայաստանի Հանրապետութեան պետական օրհներգը փոխելու թեման… Այն օրհներգը, որն Արամի ու Արամի նման մեծազօր այրերի ստեղծած պետութեան` Հայաստանի Ա. Հանրապետութեան օրհներգ հռչակուեց 100 տարի առաջ… Այս առումով մեր պետութեան գլխաւոր խորհրդանիշներից մէկը` պետութան հիմնը, անշեղօրէն կապուած է «Հայաստանի անկախ պետականութեան» գաղափարի հետ: Պատահական չէր, որ 1991թ., երբ հռչակուեց անկախ Հայաստանը Ա. Հանրապետութեան խորհրդանիշներն ընդունուեցին ու դարձան նաեւ Հայաստանի Գ. Հանրապետութեան խորհրդանիշներ` ցոյց տալով գաղափարական այն ամուր կապը, որ գոյութիւն ունի Հայաստանի երկու հանրապետութիւնների միջեւ:
Հայաստանի օրհներգը, սովորական երգ չէ, այն անցել է փառաւոր ու հերոսական ճանապարհ եւ որպէս օրհներգ օծուել ու, միեւնոյն ժամանակ, օրհնել է մեզ… Այն ընդունուել է ժողովրդի կողմից, ինքնաբուխ ու սրտանց… Նրա կեանք չի տուել որեւէ խորհրդարան, այն հիմն է դարձրել ժողովուրդը` իր ազատագրական պայքարի վերելքի, իր հերոսական մարտնչումների օրերին երգելով, այդ երգի տակ մարտեր շահելով… Ոեւէ մէկը չէր հրահանգել 1918թ. օգոստոսի 1-ին, Հայաստանի Խորհրդի անդրանիկ նիստի բացմանը, խորհրդարանի շէնքի առաջ հաւաքաւած մարդկանց ու նուագախմբին երգել այն: Նրանք երգեցին «Մեր հայրենիք», որովհետեւ թէ՛ Վանի հերոսամարտ տեսած վանեցի գաղթականը, թէ՛ Սարդարապատում մարտնչած արեւելահայ ռազմիկը այս երգի հնչիւնների տակ էր կերտել ազատ Հայաստան, կռուել այն գիտակցումով, որ «Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի, բայց երանի, որ իւր ազգի ազատութեան կը զոհուի…»:
Իսկ հիմա, դեռ երէկ իշխանութեան եկած, այսպէս ասած` «տակաւին պատանի» մեր խորհրդարանի փոխխօսնակը առաջարկում է փոխել Հայաստանի ազգային օրհներգը, այլ կերպ ասած` առաջարկում է խզել կապը մեր հերոսական անցեալի հետ, այն անցեալի, որի ուղղակի ծնունդն ու շարունակութիւնն է «Մեր հայրենիքը», նրա վերելքների ու վերջնական նպատակի` ազգային պետականութեան կերտման խորհրդանիշը: Պատմութիւն չիմացողների համար խօսենք փաստերով:
Դեռեւս 19-րդ դարի երկրորդ կէսին, երբ հայ ժողովրդի մէջ վերելք էր ապրում ազատագրութեան գաղափարը, ազգային, ոչ պաշտօնական օրհներգ էր դարձել Միքայէլ Նալբանդեանի «Իտալացի աղջկայ երգը» բանաստեղծութեան բառերով ստեղծուած երգը: Բանաստեղծութիւնն առաջին անգամ տպագրուել է Ստեփանոս Նազարեանի «Հիւսիսափայլ» հանդէսում, 1861թ,. «Իտալացի աղջկայ երգ 1859 թուականից» վերնագրով:
Նալբանդեանը անուանեց բանաստեղծութիւնը «Իտալացի աղջկայ երգ», որովհետեւ այդ հերոսական երգը կարող էր յաղթահարել ե՛ւ ժամանակը, ե՛ւ տարածութիւնը, Վարդանանց ոգին արթնացնել հայի մէջ, յիշեցնել, որ Վարդանանք չհանդուրժեցին օտարի լուծը` գերադասելով իմացեալ մահը ծնրադիր ապրելուց: Այնպէս որ, «Իտալացի աղջկայ երգը» բանաստեղծութեան մէջ Նալբանդեանը պատկերում է իտալական իրականութիւնը, Կարիպալտիի եւ Մածծինիի ղեկավարած ազատագրական պայքարը աւստրիական բռնութեան դէմ, բայց նա 19-րդ դարից կամուրջ է նետում 5-րդ դար, տեսնում այն ընդհանրութիւններն ու տարբերութիւնները, որ ունէին հայ եւ իտալացի կանայք.
«Սորա կէսը, կէսի կէսը,
Գէթ երեւէր մեր ազգում,
Բայց մեր կանայք… ո՜ւր Եղիշէ,
Ո՜ւր մեր «տիկնայք փափկասունք»:
Թէ ե՞րբ է այս բանաստեղծութիւնը վերածուել երգի եւ ո՞վ է երաժշտութեան հեղինակը, պատմական փաստերն այդ մասին լռում են: Սակայն անհերքելի է, որ այս գործը շատ արագ սիրւում է ժողովրդի կողմից եւ հնչում ամէնուր: Ըստ առայժմ յայտնի տուեալների, այդ ստեղծագործութեան խմբերգային առաջին կատարումը հայ հասարակութեանը ներկայացրել է Քրիստափոր Կարա-Մուրզան, 1885թ., Թիֆլիսում, Արծրունու թատերասրահում կայացած համերգի ժամանակ: Ի դէպ, այդ բացառիկ համերգը բացուել է հէնց «Մեր հայրենիք»-ի կատարմամբ, որի երաժշտութեան հեղինակը ցուցապաստառում նշուած չէ: Հարկ է նշել, որ այդ օրը ոչ միայն «Մեր հայրենիք»-ն է առաջին անգամ հնչել խմբերգային կատարմամբ, այլեւ հայ իրականութեան մէջ առաջին անգամ հանդէս է գալիս քառաձայն երգչախումբ, որը հիմնադրել էր Կարա-Մուրզան: Կարելի է ասել` այդ պահից սկսւում է «Մեր հայրենիք»-ի յաղթարշաւը:
Թիֆլիսեան շնորհահանդէսից յետոյ Կարա-Մուրզայի երգչախումբը շրջագայում է Կովկասում ու Ղրիմում, համերգ տալիս Կոստանդնուպոլսում. երգը յայտնի է դառնում բոլոր հայկական համայնքներում: Շուտով, առաջին բառերից ելնելով, այն սկսում են կոչել «Մեր հայրենիք». հէնց այս անուամբ է այն առաջին անգամ կատարուել Փարիզում, 1916-ի ապրիլի 9-ին, Սորպոնի հանրայայտ Մեծ թատերասրահում կազմակերպուած «Յարգանք Հայաստանին» վերնագիրը կրող միջոցառմանը:
«Մեր հայրենիք» երգն սկսում են ընդգրկել այդ ժամանակ հրատարակուող գրեթէ բոլոր հայկական երգարաններում: Շատ տեղերում այն ներկայացուած է Կոմիտասի աշակերտ, տաղանդաշատ յօրինող Բարսեղ Կանաչեանի մշակմամբ, որը քիչ է տարբերւում Կարա-Մուրզայի ներկայացրած տարբերակից: «Մեր հայրենիք»-ի թեմայով բաւականին խորը ուսումնասիրութիւն է կատարել եւ իր «Կարա-Մուրզա» գրքում զետեղել սփիւռքահայ նշանաւոր երաժշտագէտ Գրիգոր Փիտեճեանը: Նա իր գրքում նաեւ հերքում է այն թիւր կարծիքը, թէ այս ստեղծագործութիւնը վերցուած է ռուս յօրինող Ալեքսանտր Կլազունովի «Ռայմոնտա» պալեթից, ինչը ոչ պակաս տարածուած տեսակէտ է մեր իրականութեան մէջ: Մէջբերենք նրա տողերը. «Ալեքսանտր Կլազունովը «Ռայմոնտա» պալեթը յօրինեց 1896-1897թթ.-ին եւ այն հրապարակեց ու կատարեց 1898թ.: Ուրեմն, նկատի առնելով, որ այս յօրինումից շատ առաջ Կարա-Մուրզան արդէն իսկ 1883թ. մշակել էր այդ եղանակով «Իտալացի աղջկայ երգը»` «Մեր հայրենիք»-ը, կարող ենք յստակ կերպով ասել, որ այդ եղանակի հեղինակը Կլազունովը չէ, այն միայն օգտագործել է դա» (Գրիգոր Փիտէճէան, «Քրիստափոր Կարա-Մուրզա», Երեւան, 2013թ., էջ 60):
Համադրելով ձեռքի տակ եղած փաստերն ու տուեալները` Փիտեճեանը եզրակացնում է, որ Կլազունովը ինչ-որ աղբիւրներից կամ հայ ծանօթներից կարող էր լսել այս ստեղծագործութիւնը եւ հաղորդելով նրան պարային կշռոյթ տեղադրեր իր պալեթի մէջ: Որպէս օրինակ` նա բերում է նոյն Կլազունովի ընկեր, յօրինող Իփոլիթով Իվանովի «Կովկասեան պատկերներ» գործը, ուր տեղ է գտել նաեւ Տիգրան Չուխաճեանի «Արեւն ելաւ, զէյթունցիներ» երգը: Այսպիսով Փիտեճեանը բացարձակապէս հերքում է «Մեր հայրենիք»-ի երաժշտութեան հետ Կլազունովի առնչութիւնը որպէս հեղինակի:
Օրհներգը փոխելու ջատագով Ալեն Սիմոնեանը այսօր պնդում է, թէ այն ունի պալքանեան ծագում եւ այլն: Ի հարկէ, բարձրաստիճան պաշտօնեան միայն ասում է ու չի կարող դա ապացուցել, թէեւ այստեղ դա այնքան էլ կարեւոր չէ: Մեր հիմնի (ինչպէս նաեւ այլ երկրների) դէպքում կարեւորը նրա անցած ազգային ուղին է, նրա` մեր ազատագրական պայքարի ու պետականութեան պատմութեան հետ ունեցած անշեղ կապն ու այն առարկելի փաստը, որ, իսկապէս, «Մեր հայրենիք»-ը եղել է ու կայ որպէս մեր անկախ պետականութեան խորհրդանիշ: Գուցէ այն հեղինակել է կամ մշակել է Կարա-Մուրզան, մշակումներից մէկը, որը հնչում է այսօր որպէս հիմն, պատկանում է Բարսեղ Կանաչեանին… Գուցէ Արամ Խաչատրեանի «Սովետական Հայաստանի հիմնը» աւելի երաժշտական է, բայց սա չէ հարցը… Հարցի արժէքը այս երգի խորհրդի մէջ է, նրա ազգային խորհրդանիշ լինելու էութեան մէջ: Իսկ որ մեր հայրենիքը մեզ ոգի ու ուժ է տուել դեռ մինչեւ պետականութեան կերտում ու իրապէս դարձել է ազգային օրհներգ, յաղթութեան փառերգ, կան բազում փաստեր: Օրինակ, կան վկայութիւններ այն մասին, որ այն հնչել է Օսմանեան կայսրութեան դէմ բարձրացուած Զէյթունի 1895թ. ապստամբութեան ժամանակ: Անհերքելի է, որ այս ստեղծագործութիւնը ոգեշնչում էր 1915թ. Վանի ու Շապին Գարահիսարի հերոսական ինքնապաշտպանութեան մասնակիցներին, իսկ ինչպէս վկայում է ականատեսը, Ուրֆայի կռիւների ոգեկոչող ու հրամանատար Մկրտիչ Եօթնեղբայրեանի վերջին բառերն էին` «Ամենայն տեղ մահը մի է, մարդ մէկ անգամ կը զոհուի…»: «Մեր հայրենիք»-ը հնչում էր նաեւ 1918թ. մայիսին, երբ հայ ժողովուրդը մղում էր իր պետականութեան ծնունդ հանդիսացող մայիսեան հերոսամարտերը: Ուստի բնաւ պատահական չէր, որ այն հնչեց 1918թ. օգոստոսի 1-ին, Հայաստանի խորհրդի բացման առիթով եւ դարձաւ Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական օրհներգը:
«Մեր հայրենիք»-ն անցած ճանապարհով վաղուց ամրագրել է իր տեղը հայ ժողովրդի սրտում ու նրա պետականութեան պատմութեան մէջ, սա չգնահատելն ու չհասկանալը, աւելի՛ն, անհոգ դէմքով հիմնը փնովելը, վկայութիւնն է մարդու ազգային ու քաղաքական բոպիկութեան: Ազգային օրհներգը փոխելը ճաշակի հարց չէ… Հայաստանի հիմնը գաղափարական, քաղաքական ու պետական արժէք է, նրա փոփոխոթիւնը եւ անգամ փոփոխման շուրջ պարբերաբար ասպարէզ նետուող զրոյցները խաթարում ու վնաս են հասցնում արժէքներին, խանգարում նրանց հանդէպ պատշաճ վերաբերմունքի ամրապնդմանը: «Մեր հայրենիք»-ը, ինչպէս նաեւ մեր պետութեան զինանշանն ու դրօշը, կամուրջ են այսօրուայ եւ մեր հերոսական անցեալի, Հայաստանի Ա. Հանրապետութեան միջեւ, նրանք մեր պետականութեան վերակերտման ու շարունակականութեան խորհուրդն ունեն: Մեր խնդիրը դրանք աչքի լոյսի պէս պահելն ու յարգելն է… Եւ վերջապէս պէտք է հասկանանք, որ մեր պետութիւնը մեզանով պիտի ուժեղանայ, նրա խորհրդանիշները մենք ինքներս` մեր աշխատանքով ու լաւ պետութիւն կայացնելով պիտի հզօրացնենք: Եւ ինչքան մեծ է մեր սէրը առ հայրենիք ու պետականութիւն, այնքան ուժեղ ու ոգի ներշնչող կը լինեն մեր պետական խորհրդանիշները: Իսկ եթէ մեծ սիրով չես սիրում քո հայրենիքն ու պետականութիւնը, միշտ էլ կը գտնես պատճառներ եւ չի բացառւում, որ մեղքը բարդես հիմնի կամ միւս խորհրդանիշների վրայ: Օրհներգ փոխելու մտքից հրաժարուէք…