Quantcast
Channel: Hairenik Weekly Newspaper
Viewing all articles
Browse latest Browse all 8334

Հ․Հ․ Վարչապետ Փաշինեանի Ելոյթը՝ Մ․Ա․Կ․-ի Բեմահարթակէն

$
0
0

 ՆԻՒ ԵՈՐՔ․- Չորեքշաբթի, Սեպտեմբեր 26-ին, Հ․Հ․ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Մ․Ա․Կ․-ի 73-րդ խորհրդաժողովին հանդէս եկաւ ելոյթով մը, որ կը ներկայացնենք յապաւումով.
«Յարգարժան նախագահ,
Ձերդ գերազանցութիւններ,
Տիկնայք և պարոնայք,

Նախ և առաջ, ցանկանում եմ շնորհաւորել տիկին Մարիա Ֆերնանտա Էսփինոզա Քարսեսին՝ 73-րդ նստաշրջանի նախագահ ընտրուելու կապակցութեամբ և մաղթել բոլորիս արդիւնաւէտ քննարկումներ նրայ նախագահութեան ներքոյ:

Տիկնայք և պարոնայք,

Պատիւ ունեմ ձեզ դիմել որպէս մի առաջնորդ, ով վերջերս դարձել է Հայաստանի վարչապետ ժողովրդական յեղափոխութեան արդիւնքում, որն այժմ առաւել յայտնի է որպէս «Հայկական Թաւշեայ» յեղափոխութիւն:

Կը ցանկանայի հակիրճ անդրադառնալ նախկին իշխանության նկատմամբ մեր տարած յաղթանակին: Հայաստանի ժողովրդին յաջողուեց իրականացնել անկանխատեսելի և աննախադէպ յեղափոխութիւն՝ առանց բռնութեան, զոհերի կամ հասարակական անկարգութիւնների:

Եւ դա պատահական չէր: Մեր նպատակը սիրո և համերաշխութեան յեղափոխութիւն կատարելն էր: Ի սկզբանէ մենք յայտարարեցինք, որ բացառելու ենք ցանկացած բռնութիւն: Մենք յայտարարեցինք, որ եթէ նոյնիսկ բռնութիւն գործադրուէր մեր դէմ, մենք չէինք արձագանքի բռնութեամբ: Մենք յայտարարեցինք, որ մեր պատասխանը դրսևորուելու էր վեր բարձրացրած բաց ձեռքերով, սիրով ու ժպիտով:

Մենք այս քաղաքական գործընթացն սկսեցինք ընդամէնը մէկ տասնեակ մարդկանց հետ քայլարշավ կատարելով Հայաստանի երկրորդ քաղաքից` Գիւմրիից դէպի մայրաքաղաք: Երբ հասանք Երևան և ցոյց տուեցինք մեր վճռականութիւնն ու հաւատարմութիւնը բռնութիւն չկիրառելու սկզբունքին, մեր ամբողջ ազգը միահամուռ և համերաշխ կերպով ոտքի կանգնեց ընդդէմ իշխող վարչակարգի: Եւ մենք յաղթեցինք բացառապէս խաղաղ ցոյցերի միջոցով՝ առանց գէթ մէկ կրակոցի և առանց զոհերի: Մենք յաջողեցինք հակառակ բոլոր կանխատեսումների. նույնիսկ յայտնի փորձագէտները թերահաւատ էին մեր յաղթանակի նկատմամբ:

Այդուհանդերձ, ես ընտրուեցի վարչապետ: Ես ընտրուեցի մի խորհրդարանում, որտեղ ունէի ընդամենը չորս վստահելի ձայն, այդ թւում` իմ սեփականը: Սակայն դա հնարաւոր եղաւ: Դա տեղի ունեցաւ, քանի որ մարդիկ պահանջատէր էին և ընդամէնը մէկ տարի առաջ ընտրուած խորհրդարանն անսաց ժողովրդի կամքին՝ չունենալով այլընտրանք: Այսօր խորհրդարանը շարունակում է աշխատել, բայց այն չի ներկայացնում մեր ժողովրդի կամքը, ճիշտ այնպէս՝ ինչպէս նախկինում էր և յեղափոխութեան ժամանակ: Ինչո՞ւ է այդպէս: Պատասխանը կարճ է՝ քանի որ այն ընտրուել է ընտրական գործընթացի կոպիտ խախտումներով, այդ թւում՝ վարչական ճնշումների գործադրմամբ:

Իրապէս ազատ, արդար և մրցակցային ընտրութիւններ անցկացնելու համար կարևոր քննութիւն էին Երևանի աւագանու ընտրութիւնները, որոնք տեղի ունեցան Նիւ Եորք մեկնելուցս անմիջապէս առաջ: Այն, որ Հայաստանի անկախութիւնից ի վեր առաջին անգամ բոլոր թեկնածուները շնորհաւորեցին յաղթող թեկնածուին, խօսում է Հայաստանում միանգամայն նոր քաղաքական մշակոյթի հաստատման մասին:

Այդ նոյն ոգով մենք պատրաստւում ենք արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների: Ազատ, արդար և թափանցիկ ընտրութիւնները պէտք է դառնան և կը դառնան Հայաստանում անշրջելի իրականութիւն, որը կը հանգեցնի ուժեղ ու կենսունակ ժողովրդավարական հիմնարկների և հակակշիռների գործուն համակարգի կայացմանը: Մեր քաղաքացիների իրաւունքների պաշտպանությունը, խոսքի, խղճի և հավաքների ազատությունն ապահովելը մեր օրակարգի առանցքային կետերից մեկն է: Այսուհետ ընտրական գործընթացը կեղծելու և քաղաքացիների վստահությունը չարաշահելու ու խարխլելու հնարավորություն չի լինի:

Ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը սոսկ կառավարության կամ իշխող կուսակցության փոփոխություն չէ: Ստեղծվում է նոր քաղաքական և կառավարման համակարգ, որը մենք կոչում ենք ժողովրդի ուղղակի, անմիջական իշխանություն և կառավարում: Այս համակարգն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար մենք մտադիր ենք երաշխավորել ժողովրդի կամարտայայտութիւնը ոչ միայն ընտրութիւնների, այլև տեղական և ազգային հանրաքուէների միջոցով, որպէսզի մարդիկ ներգրաւուեն որոշումների կայացման գործընթացում: Ինքս լինելով նախկին քաղաքական բանտարկյալ՝ գիտեմ, թե որքան թանկ է խնդիրները բարձրաձայնելու և սեփական ապագան որոշելու հնարաւորութիւնը:

Ստանձնելով պատասխանատվութիւն` մեր թիմն ունի յստակ տեսլական և հզօր քաղաքական կամք` իրականացնելու հիմնարար բարեփոխումներ՝ ուղղուած կոռուպցիայի վերացմանը, թափանցիկ, հաշուետու և արդիւնաւէտ կառավարմանը, մարդու իրաւունքների և օրէնքի գերակայության, դատական համակարգի անկախութեան ապահովմանը, ինչպէս նաև խթանելու տնտեսական աճն ազատ և մրցակցային գործարար միջավայրի ու ներդրումների համար նպաստաւոր մթնոլորտի միջոցով:

Պարոն նախագահ,

Չնայած ներքաղաքական կեանքում տեղի ունեցող արմատական փոփոխութիւններին, մեր արտաքին քաղաքականութեան օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր: Հայաստանի արտաքին քաղաքականութեան շարունակականութիւնը վկայում է այն մասին, որ Հայաստանը կանխատեսելի և յուսալի գործընկեր է: Մեր միջազգային պարտաւորութիւնները ենթակայ չեն վերանայման: Մեր դիրքորոշումը յստակ է. Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխօսութեան և համագործակցության բոլոր գործընկերների հետ: Մենք մտադիր չենք զարգացնել մեր յարաբերութիւնները մեկ գործընկերոջ հետ՝ միւսի հաշվին: Մենք կարևորում ենք բազմակողմանիութեան դերը համաշխարհային եւ տարածաշրջանային մակարդակներում:

Միաւորուած ազգերի կազմակերպութեան հովանու ներքոյ Հայաստանը ներգրաւուած է համապարփակ և կենսունակ համագործակցութեան ծրագրերում: Թոյլ տուէք առանց մանրամասնելու յիշատակել մեր մասնակցութիւնը Մ․Ա․Կ․-ի հովանու ներքոյ իրականացուող խաղաղութեան գործողութիւններին, որոնց աշխարհագրութիւնն աւելի քան տպաւորիչ է՝ Աֆղանստանից Լիբանան, Քոսովօ, Մալի և այլն: Սա առանձնայատուկ նշանակութիւն ունի մեր երկրի համար, որն ինքն ունի անվտանգութեան հետ կապուած լուրջ մտահոգութիւններ: Մենք գիտակցում ենք, որ մէկ երկրի անվտանգութիւնը սերտօրէն առնչւում է միւս երկրների անվտանգութեան հետ, և որ  խաղաղութիւնը պահանջում է համաձայնեցուած գործողութիւններ:

Մենք իսկապէս համաշխարհային ազգ ենք, հարիւրաւոր աշխարհասփիւռ համայնքներով հանդերձ: Այստեղից էլ բխում է Հայաստանի մտահոգութիւնը համամոլորակային սպառնալիքների առնչութեամբ, որոնք կարող են վտանգի ենթարկել մեր հայրենակիցներին աշխարհի տարբեր անկիւններում: Սիրիական ճգնաժամի պատճառով այսօր վտանգուած է մեծաթիւ սիրիահայ համայնքի գոյութիւնն ընդհանրապէս: Հայաստանը փորձում է սատարել ճգնաժամային տարածաշրջաններին մարդասիրական օգնութեան միջոցով: Մենք պատրաստ ենք ընդարձակել Հայաստանի մարդասիրական առաքելութիւնը՝ ուղղուած Սիրիայի մեր համայնքի հրատապ կարիքների բաւարարմանը: Որպէս ցեղասպանության սարսափներ վերապրած ազգ, հայերն առաւել զգայուն են իրենց մերձաւորների անվտանգութեան հարցում և պատրաստ են ամեն ինչ անել նրանց պաշտպանելու համար:

Պարոն նախագահ,

Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորումը շարունակում է գերակշռել մեր արտաքին քաղաքական օրակարգում: Արցախի Հանրապետության կարգավիճակը և անվտանգութիւնը լինելու է Հայաստանի Հանրապետութեան բացարձակ առաջնահերթութիւնը բանակցային գործընթացում: Հակամարտութիւնը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգութեան, ժողովրդավարութեան և մարդու իրաւունքների համար: Հայաստանը կը շարունակի իր կառուցողական ներգրաւուածութիւնը հակամարտության կարգաւորման խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների ձևաչափով, որին էլ տրուած է հակամարտութեան կարգաւորման միջազգայնօրէն ճանաչուած միակ մանտաթը: Ատրպէյճանը պէտք է փոխի բանակցութիւնների հանդէպ իր անհարգալից վերաբերմունքը, պէտք է լիովին հրաժարուի ցանկացած ռազմական լուծման գաղափարից և իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը:

Աւելին, եթէ Ատրպէյճանն իսկապէս հաւատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պէտք է սկսի երկխօսել այս հակամարտութեան հիմնական նիւթի` Լեռնային Ղարաբաղի հետ: Ատրպէյճանն ամէն առիթով յայտարարում է, որ Ղարաբաղը պէտք է լինի իր տարածքի մի մասը: Միևնոյն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպէս կարող է Ատրպէյճանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հաւակնութիւն ներկայացնել առանց նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսելու: Դա հնարաւո՞ր է: Դա հնարաւոր է, եթէ միայն Ատրպէյճանի ղեկավարութեանը հետաքրքրում է ոչ թէ ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնյայտ է դառնում, որ Ատրպէյճանի ղեկավարութեան մտադրութիւնն այն է, որ Ղարաբաղը մաքրուի հայերից, ինչպէս եղաւ Նախիջևանում: Սա իրաւունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ատրպէյճանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչութեան համար կը նշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպէտք է լինի Ատրպէյճանի կազմում, եթե որևէ մէկը չի ցանկանում թոյլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանութիւն:

Ամփոփելով` թոյլ տոըէք վերահաստատել. հակամարտութիւնը կարող է և պէտք է կարգաւորուի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով` խաղաղութեան և ոչ թէ պատերազմի մթնոլորտում:

Եւ վերջում չափազանց կարևոր եմ համարում իմ երախտագիտութիւնը յայտնել Միաւորուած ազգերի կազմակերպութեան Գլխավոր քարտուղարին ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեան ջանքերի և մօտեցումների հանդէպ իր անվերապահ աջակցութեան համար:

Պարոն նախագահ,

Մեր խորհրդակցութիւնների թեման, այն է` «Միաւորուած ազգերի կազմակերպությունը բոլոր մարդկանց համար. գլոբալ առաջնորդութիւն և համընդհանուր պատասխանատւութիւն խաղաղ, արդար և կայուն հասարակութիւնների զարգացման համար», ենթադրում է հետևողական մօտեցում Օրակարգ-2030-ին և կայուն զարգացման նպատակներին: Միաւորուած ազգերի կազմակերպութիւնը և նրա Զարգացման օրակարգը պետք է լինեն ներդաշնակ և մատչելի բոլորի համար: Ոչ ոք չպէտք է անտեսվի, ինչը ենթադրւում է մեր հաւաքական ջանքերում:

Աւելի վաղ՝ այս տարուայ Յուլիսին, Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ժամանակ Հայաստանը ներկայացրեց իր առաջին կամաւոր ազգային զեկոյցը կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերեալ: Այս կարևոր իրադարձութիւնը համընկաւ դարակազմիկ քաղաքական զարգացումների հետ, որոնք բնորոշւում են ժողովրդավարական գործընթացներով և լայնամասշտապ բարեփոխումներով:

Հայաստանը հաւատարիմ է գիտելիքահեն և նորարարական հարթակների արարման իր յանձնառութեանը, որը կոչուած է արագացնել Զարգացման օրակարգի իրականացումը: Այս առումով, մենք ընդունում ենք Մ․Ա․Կ․-ի և նրա մասնագիտացուած գործակալութիւնների անփոխարինելի դերը, ինչպէս նաև այլ գործընկերների հետ համագործակցութեան կարևորութիւնը: Որպէս ECOSOC- ի նորընտիր անդամ և մարդու իրաւունքների պաշտպանութեան խորհրդի անդամ, Հայաստանը կը նպաստի ներառական և կայուն աճին, ինչպէս նաև մարդու իրաւունքների և հիմնարար ազատութիւնների պաշտպանութեանը:

Տիկնայք և պարոնայք,

2018 թուականն այն տարին է, երբ կը նշենք մարդու իրաւունքներին առնչուող երկու կարևորագոյն փաստաթղթերի՝ Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության հանցագործութեան կանխարգելման և դատապարտման մասին խորհրդաժողովին 70-ամեակը: Այդ փաստաթղթերից իւրաքանչիւրն ունի իր սեփական պատմութիւնը և նրանցից իւրաքանչիւրը դարձել է միջազգային իրաւունքի զարգացման համար անկիիունաքար:

Նրանք մեզ համար հիմք ծառայեցին Ցեղասպանութեան յանցագործութեան դէմ գլոբալ համաժողովի նիստերի շարք նախաձեռնելու համար: Այս տարի այն նուիրուած կը լինի կրթութեան, մշակոյթի և թանգարանների միջոցով ցեղասպանութեան կանխարգելմանը: Ակնկալում եմ ձեր ներդրումն ու գործուն մասնակցութիւնը Ֆորումի աշխատանքներին:

Տիկնայք և պարոնայք,

«Ապրել Միասին»-ը Ֆրանսախօսութեան միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի նշանաբանն է, որը տեղի կ՛ունենայ Հոկտեմբերին 2800-ամյա մայրաքաղաք Երևանում: Հայաստանի համար մեծ պատիիւ ու պատասխանատւութիւն է` աշխարհասփիւռ ֆրանսախօս ընտանիքին իր անդամակցութիւնը, մշակոյթի, կրթութեան և նորարարութեան բնագաւառներում համագործակցութեան միջոցով հանդուրժողականութեան և փոխադարձ յարգանքի ջատագով լինելը: Ես վերահաստատում եմ Ֆրանսախօսութեան գագաթաժողովին մասնակցութեան մեր հրաւէրը, որը ենթադրում է միևնոյն բնագաւառում նախատեսուած բազմաթիւ միջոցառումների անցկացում:

Շնորհակալութիւն»:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 8334

Trending Articles