հրապարակուեցան Ազգային Ժողովի ընտրութիւնների նախնական արդիւնքները: 6-րդ գումարման Ազգային ժողովին կազմուած կը լինի չորս քաղաքական ուժերից` Հ.Հ.Կ., Հ.Յ.Դ. կուսակցութիւներ, «Ծառուկեան» եւ «Ելք» դաշինքներ: Այս ուժերի վերջնական դասաւորութիւնն Ազգային ժողովում պարզ կը դառնայ առաջիկայում` ընտրական օրէնսգրքով սահմանուած կարգով կատարուելիք մաթեմատիկական հաշուարկներից: Այսուհանդերձ, Ապրիլի 2-ին կայացած ընտրութիւնները եւ արձանագրուած արդիւնքները թոյլ են տալիս անելու մի քանի դիտարկում:
1. Արդարացուեցին սպասելիքները ընտրական նոր համակարգից այն մասով, որ զգալիօրէն նուազեցուել են ընտրատեղամասում նախկինում արձանագրուող ընտրախախտումները` կապուած լցոնումների, կրկնաքուէարկութիւնների, մահացածների եւ արտերկրում գտնուողների փոխարէն քուէարկելու հետ: Այս կեղծարարական մեխանիզմների գործադրման չէզոքացումը փոքրացրել է նաեւ ընտրատարածքներում եւ դրանց յարակից տարածքներում արձանագրուող բռնութիւնների, բախումների շրջանակը: Ընտրախախտումների ծանրութեան կենտրոնը ընտրական իրաւական համակարգից տեղափոխուել է ընտրական մշակոյթի ու աւանդոյթների` այս պահին անուերահսկելի թուացող եւ հէնց դրանով երկարաժամկէտ կտրուածքով վտանգաւոր տարածութիւն:
2. Նոր ընտրական համակարգը չյանգեցրեց քուէարկութեանը մասնակցող ընտրողների թուի էական փոփոխութեան, ինչի անխուսափելիութեան մէջ համոզուած էր քաղաքական ուժերի մեծ մասը: Եթէ 2012-ի ընտրութիւններին մասնակցել էր ընտրողների մօտ 62.5 տոկոսը, այս անգամ նրանց թիւը գրեթէ 61 տոկոս էր. տարբերութիւնն ակնյայտօրէն մեծ չէ: Բայց սա ոչ թէ ընտրութիւններին չմասնակցածների փոխարէն քուէարկելու արդիւնք էր, այլ` իրական ընտրողների մասնակցութեան աննախադէպ մեծ չափի: Եթէ նկատի ունենանք ոստիկանութեան այն հաւաստիացումը, որ 2.5 մլն ընտրողների թիւը ներառում է նաեւ Հայաստանից դուրս գտնուող քաղաքացիներին, ապա պարզ է դառնում, որ Ազգային Ժողովի այս ընտրութիւններին մասնակցել է Հայաստանում գտնուող ընտրողների մօտաւորապէս 70-80 տոկոսը: Համացանցում եւ հեռուստատեսութեամբ ցուցադրուող տեսանիւթերից պարզ երեւում էր, որ ընտրատեղամասէր քուէարկութեան էին գալիս նոյնիսկ գրեթէ շարժուել չկարողացող, զառամեալ ծերունիները, հաշմանդամները:
3. Նման ցուցանիշը պայմանաւորուած է ընտրողների հաւաքագրման, ցուցակագրման, մոբիլիզացման, նիւթական շահագրգռմամբ ուղղորդման նպատակով ֆինանսական եւ վարչական հսկայական ռեսուրսների տիրապետող մասսայական կուսակցութիւնների, հիմնականում` Հ.Հ.Կ.-ի ռեյտինգային թեկնածուների շտապների իրականացրած աննախադէպ աշխատանքով: Ոչ երկրորդական դեր է կատարել նաեւ ընտրակաշառքը, սակայն, ինչպէս լինում է միշտ, քանի դեռ չկայ արձանագրուած փաստ, որեւէ մէկին դրանում մեղադրել գործնականում հնարաւոր չէ: Հաւաքագրումն առաւել վայրի դրսեւորումներ է ունեցել մարզային աւելի քիչ վերահսկուող կամ չվերահսկուող գիւղական համայնքներում, ինչի վկայութիւնն էր բազմաթիւ համայնքների` հրապարակուած արդիւնքներով Հհկ-ի օգտին տրուած մօտ 70-80 տոկոս քուեն: Ամէն դէպքում` անհատական բարձր ցուցանիշներ արձանագրելու, ներսում առաւելագոյն արդիւնքներ ունենալով` Ազգային Ժողով անցնելու հնարաւորութիւն ձեռք բերելու` ռեյտինգայինների ներքին մրցակցութիւնն ամենամեծ ծառայութիւնը մատուցեց նրանց առաջադրած կուսակցութիւններին: Կարելի է համարձակ ասել, որ Ազգային Ժողովի ընտրութունների այսպիսի պատկերը, Հանրապետական կուսակցութեան տարած յաղթանակը մեծ չափով ապահովեցին հէնց ռեյտինգային թեկնածուները` համամասնական ընտրութիւնները գործնականում վերածելով անհատների ընտրութեան: Այս ընտրութիւններով հաստատուեց ընտրողների խոցելիութիւնը, անպաշտպանութիւնը ապաքաղաքական, հիմնականում` հոգեբանական ճնշման ներգործութեան վրայ հիմնուած տեխնոլոգիաների առջեւ: Այս հարցը դառնում է ներքաղաքական օրակարգի ամենահրատապ խնդիրը: Ընտրութիւնների վրայ ռեյտինգային թեկնածուների ունեցած հսկայական, համամասնական ընտրակարգի տրամաբանութիւնից դուրս եկող ազդեցութիւնը փաստում է, որ ընտրական օրէնսգիրքն ունի լրջագոյն վերանայումների կարիք:
4. Հանրապետականներու այս յաղթանակը ցոյց տուեց, որ իշխող կուսակցութիւնը վերահսկում է իրավիճակը, եւ ընտրութիւններից առաջ ներքին վերափոխումների որոշակի ցնցումներն էական ազդեցութիւն չեն թողել թիմի մոբիլութեան, միասնականութեան վրայ: Հհկ-ի յաջողութեան երկրորդ գրաւականը վարչապետ Կարեն Կ՚արապետեանի անհատական բարձր վարկանիշն էր: Արդիւնքների վրայ նրա վարկանիշի զգալի ազդեցութիւնն ամրապնդում է Կ՚արապետեանի դիրքերը Հհկ-ում, թոյլ տալիս նրան պահպանել ՀՀԿ էլիտայի որակական փոփոխութեան կուրսը: Սակայն ռեյտինգային թեկնածուների հզօր ազդեցութիւնը հաստատում է, որ այդ բարեփոխման ճանապարհին ամենամեծ մարտահրաւէրը շարունակելու է մնալ օլիգարխիայի հնարաւոր ուժեղ դիմադրութիւնը: Կ՚արապետեանի կառավարութիւնն իր ծրագրերն իրականացնելիս անգամ մեծագոյն ցանկութեան դէպքում չի կարող հաշուի չառնել ԱԺ մեծամասնութեան մէջ նրանց տեսակարար կշիռը:
5. Հ.Յ.Դ.-ի եւ «Ելք»-ի` Ազգային Ժողով անցնելը, որքան էլ համեստ ցուցանիշներով, որակ է հաղորդելու նոր Ազգային ժողովին` մեծացնելով նրա քաղաքական դերը: Եթէ Հ.Յ.Դ.-ի վարքագիծը խորհրդարանում կանխատեսելի է` հաշուի առնելով նախորդ տարիների նրա փորձը, ապա «ելքե-ի երիտասարդ ներուժը, կրէատիւ մտածողութիւնը, նախաձեռնողականութիւնը նոր շունչ են հաղորդելու պառլամենտին: Հ.Յ.Դ.-ին Ազգային Ժողով բերեց նրա կայուն, վստահելի եւ արժէքաւոր ընտրազանգուածը, ինչպէս նաեւ հաշուետուողականութեան վրայ խարսխուած ընտրարշաւը: «Ելք»-ը` որպէս քաղաքական միաւոր, նախընտրական պրոցեսի արգասիք է, եւ գոյութեան կարճ ժամանակահատուածի համեմատ, թիմային կազմակերպուած աշխատանքի, որոշումների կայացման ժողովրդավարական մեխանիզմների կիրառման եւ հետաքրքիր ու ագրեսիւ քարոզարշաւի շնորհիւ արձանագրած նրա արդիւնքը փոքր չպէտք է համարել: «Ելք»-ը Ազգային ժողովում կը ներկայացնի, այսպէս կոչուած, արեւմտեան «թեւ»ը եւ կը նպաստի քաղաքական մշակոյթի ձեւաւորմանը:
6. Ազգային Ժողով չանցան 5-րդ գումարման ուժերից երեքը` «Ժառանգութիւն»ը, «Օրինաց երկիր»-ը, Հ.Ա.Կ.-ը: Հասարակութիւնը, ի դէմս նրանց, մերժեց անուղղելի, անբովանդակ գործունէութիւնը, քաղաքական անկայութիւնն ու ծայրահեղականութիւնը եւ Արցախի հարցում անհամաչափ զիջողականութիւնը: Հ.Ա.Կ.-ը տապալեց Արցախի հարցով «խաղաղութիւն տարածքների դիմացէ բանաձեւի «հանրաքուենէ: Սա կարեւոր ուղերձ է միջազգային հանրութեանը եւ Ադրբեջանին: Կարելի է ասել, որ Հ.Հ.Շ.-ի,«Օրինաց երկիր»ի, Կոմկուսի դարաշրջանն աւարտուեց: Ցաւալի է, որ ջախջախիչ պարտութիւն կրեց, ընդհանուր առմամբ, լիպերալ դաշտը: Սպասելի, բայց ամէն դէպքում ցաւալի էր «ազատ դեմոկրատներ»ի պարտութիւնը, որի հիմնական պատճառը, թերեւս, յստակ արեւմտամէտ արեւելումն էր: Սակայն Ազգային ժողովը զրկուեց այդ կուսակցութեան մէջ ընդգրկուած փորձագիտական, մտաւորական լուրջ, արժէքաւոր շրջանակից:
Գէորգ Աղաբաբեան
(յապաւումով)