Image may be NSFW.
Clik here to view. Գիտակցելով իր ամբողջական պատասխանատուութիւնը կուսակցութեան վերջին շրջանի քաղաքականութեան համար` Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմինը, կազմակերպութեան Գերագոյն ժողովից առաջ, անհրաժեշտ է համարում հանրութեանը ներկայացնել իր դիրքորոշումները երկրում ստեղծուած նոր իրավիճակի վերաբերեալ:
Այսօր Հայաստանի Հանրապետութիւնը ներքին ու արտաքին բարդագոյն մարտահրաւէրներ է դիմագրաւում: Իշխանութիւնների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հետեւանքով մեր քաղաքացիների գերակշիռ մասը կորցրել է վստահութիւնն ապագայի հանդէպ եւ արմատական բարեփոխումներ է պահանջում: Մեր համոզմամբ` առկայ խնդիրները հնարաւոր է լուծել երկրում համերաշխութեան մթնոլորտ ձեւաւորելու, հասարակական-քաղաքական համախմբում առաջացնելու միջոցով:
Հ.Յ. Դաշնակցութիւնը ձեւակերպել է համակարգային փոփոխութիւնների, նոր որակի պետութիւն ստեղծելու, արդիւնաւէտ կառավարում ապահովելու իր պատկերացումները, որոնք ամփոփուած են քաղաքական ու տնտեսական առաջադրանքների եօթ կէտանոց փաթեթում: Վստահ ենք` դրանց քայլ առ քայլ, բայց ամբողջական իրականացումը երկիրը դուրս կը բերի ծանրագոյն վիճակից եւ մեր քաղաքացիների համար ազատ ու բարեկեցիկ կեանք կ’երաշխաւորի: Մենք հետեւողականօրէն պահանջելու ենք այդ ծրագրի կենսագործումը` ձգտելով մեր սկզբունքների շուրջ համախմբել հասարակութեան լայն զանգուածներին ու քաղաքական ուժերին:
Այս հանգրուանում Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմինը որդեգրում է հետեւեալ մօտեցումները.
1.- Մաս չկազմել նոր ձեւաւորուող կառավարութեանը:
2.- Հետեւել իշխանութեան եւ կառավարութեան գործողութիւններին, նրանց հանդէպ մեր վերաբերմունքն ու գործակցութեան ձեւաչափը պայմանաւորել առաջարկուած փաթեթի իրագործման աստիճանով:
3.- Շարունակել գործել ընդդիմադիր դաշտում` մի կողմից ձգտելով հանրութեանն ու քաղաքական ուժերին համախմբել մեր դաւանած ազգային-պետական արժէքների, մեր առաջարկած լուծումների շուրջ, միւս կողմից` փորձելով մեր երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունութիւնից:
Մեր նպատակը եղել եւ մնում է Հայաստանի պետականութեան հզօրացումը, մեր քաղաքացիների արժանապատիւ, բարեկեցիկ կեանքը:
Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմինը այս դիրքորոշումները յանձնում է հանրութեանն ու մեկնարկելիք Գերագոյն ժողովին` բնականաբար բոլոր հարցերի վճռահատումը թողնելով հայաստանեան կազմակերպութեան բարձրագոյն ժողովին:
Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմին
Ապրիլ 17, 2014