Սոնա Յակոբեան
Հայաստանեան լրահոսը սկսենք այս շաբթուայ ամենաաղմկահարոյց բացայայտմամբ: Պարզւում է թաւշեայ, ոչ բռնի Հայաստանում էլ բողոքի նախաձեռնութիւնների ժամանակ բողոքողների հետ հանդիպման պաշտօնեանների փոխարէն ոստիկաններն են առաջինը այցելում ու անցնում հին եւ ներկայիս իշխանութիւնների կողմից տարիներ շարունակ քննադատուող գործելաոճին: Կրթութեան, գիտութեան , մշակոյթի եւ մարմնամարզի նախարարին հանդիպելու պահանջով նախարարութեան մօտ հաւաքուած Հ.Յ. Դ. երիտասարդականի նկատմամբ ոստիկանութիւնն այս շաբաթ բռնութիւն կիրառեց: Ոստիկանութիւնը հին միջոցներով նոր Հայաստանում բերման ենթարկեց 24 խաղաղ ցուցարարի, որոնց աւելի ուշ այցելեցին Ազգային Ժողովի պատգամաւորներ` «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան անդամ Անի Սամսոնեանը եւ «Բարգաւաճ Հայաստան»-ի քարտուղար Արման Աբովեանը, ինչպէս նաեւ Հ.Յ.Դ. Հայաստանի գերագոյն մարմնի անդամներ՝ Արթուր Խաչատրեանն ու Լիլիթ Գալստեանը: Ներկաները դատապարտելով այս գործողութիւնը իշխանութիւններին յիշեցրեցին իրենց , ոչ այնքան վաղ անցեալը , երբ ցուցարարի դերում իրենք էին եւ թէ ինչպէս էին իրենք այն ժամանակուայ ոստիկանութեան գործողութիւնները ապօրինի որակում: Բերման ենթարկուածներն ազատ են արձակուել, յիշեցնենք որ երիտասարդները դեռ անցեալ ամսուանից տարբեր բողոքի նախաձեռնութիւններով ընդվզում են նախարարութեան մշակած կրթական նոր բարեփոխումների դէմ, որոնցով առաջին հերթին նախատեսւում է համալսարանական ծրագրերից հանել հայագիտական առարկանների պարտադիր դասաւանդումը:
Կատարուածից յետոյ ներկայիս իշխանութիւնների մեկնաբանութիւններն` առանց մեկնաբանութեան: «Ես որեւէ անօրինական գործողութիւն չեմ տեսել, ոստիկանները շատ բնական, առանց հարուածելու կամ քարշ տալով տանելու, մարդկանց գրկում էին եւ տանում նստացնում էին մեքենան»,- ասել է խորհրդարանում «Իմ Քայլը» խմբակցութեան պատգամաւոր Հրաչեայ Յակոբեանը` անդրադառնալով Դեկտեմբերի 3-ին ոստիկանների կողմից Հ.Յ.Դ.-ական երիտասարդներին բերման ենթարկելուն: Նա , ի դէպ Նիկոլ Փաշինեան կնոջ եղբայրն է:
*
Այս շաբաթ լարուեցին կրքերը Երեւանի քաղաքապետի եւ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան առաջնորդ Գագիկ Ծառուկեանի միջեւ: Պարզւում է Երեւանում` Աբովեան 5 հասցէում` «Մոսկուա» թատրոնի դիմաց Գագիկ Ծառուկեանին պատկանող շինարական ընկերութիւնը դեռ 2018 թուականից շէնք է սկսել կառուցել, ապա նոյն թուականի Փետրուարի 16-ին տրուած շինթոյլտուութիւնը կասեցուել է դատարանի որոշման համաձայն: Ըստ Երեւանի քաղաքապետի մամուլի խօսնակ Յակոբ Կարապետեանի Հայկ Մարութեանը 2019-ի Ապրիլի 18-ին նոյն ընկերութեանը նոյն վայրում տուել է նոր նախագծման թոյլտուութիւն, բայց ոչ շինարարութեան, այլ կերպ ասած շինարական աշխատանքներն այդ տարածքում կրկին դադարեցուել են: Այս տեսակէտը Գագիկ Ծառուկեանը չի կիսում, պնդելով որ Երեւանի քաղաքապետարանը ինչ-որ չափով խեղաթիւրում է իրականութիւնը: Այս խնդիրը չհարթած կրքերն էլ աւելի են լարուել, երբ «Բարգաւաճ Հայաստան»-ի առաջնորդը յայտարարել է, որ ինքը հրաւիրել է իր գործընկերներին` Աբու Տապիի թագաժառանգին եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների «Ռոթանա» հիւրանոցային ցանցի տիրոջը: «Այդ միլիարատէր մարդիկ ցանկութիւն են յայտնել ներդրումներ անել Հայաստանում: Նրանք անձամբ հանդիպել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարութեանի եւ գլխաւոր ճարտարապետ Արթուր Մեսչեանի հետ: Հանդիպումը տեւել է ընդամէնը կէս ժամ, եւ մարդիկ հիասթափուած դուրս են եկել եւ իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակաւոր սառեցրել են«,- ասել է Ծառուկեանը: Ըստ նրա Ապու Տապիի թագաժառանգը ցանկացել է Երեւանում հիմնադրել կարիքաւոր անձանց անվճար սպասարկող հիւանդանոց, իսկ հիւրանոցային ցանցի տէրը` երկու հիւրանոց: Այս յայտարաութիւնից յետոյ խնդիրը դուրս է եկել քաղաքապետրանի սահմաններից ու հասել խորհրդարան: Այս երկու օրերին խորհրդարանականները բան ու գործ թողած ` վարչապետի հետ միասին փորձում են պարզել ` հիւրերի մէջ արդե՞օք Ապու Տապիի թագաժառանգը եղել է, թէ ոչ: Ըստ Հայաստանում` Արաբական Միացեալ Էմիրութիւնների դեսպանատան այս ամրանը Հայաստան է եկել նախագահի որդին, որը, սակայն, չի հանդիսանում Ապու Տապիի թագաժառանգը: Արաբական Միացեալ Էմիրութիւնների դեսպանութիւնից տեղեկատուութեան ստուգման կեդրոնինէ յայտնել են, որ նախագահի որդին Հայասատան եկել է գործարար այցով եւ իրենք պաշտօնական որեւէ հանդիպում չեն կազմակերպել: Աւելի ուշ հայկական լրատուամիջոցներից մէկին տուած հարցազրոյցում խորհրդարանում «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իւետա Տօնոյեանն ասել է, որ խնդիրը «թագաժառանգ» ձեւակերպման մէջ չէ, այլ խնդիրն այն է, որ ոչ ճիշտ պահուածքի պատճառով Հայաստանը միլիարաւոր տոլարների ներդրումների հնարաւորութիւն է կորցրել:
*
Հինգշաբթին յաջող չէր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի համար: Հ.Հ. յատուկ քննչական ծառայութիւնում քննուող քրէական գործի նախաքննութեան ընթացքում ձեռք բերուած բաւարար ապացոյցների հիման վրայ Սերժ Սարգսեանին մեղադրանք է առաջադրուել: Ըստ այս քրէական գործի զբաղեցնելով Հայաստանի նախագահի պաշտօնը, իր պաշտօնէական դիրքն օգտագործելով, 2013 թուականի Յունուարի 25-ից մինչեւ նոյն թուականի Փետրուարի 7-ն ընկած ժամանակահատուածում նա կազմակերպել է պաշտօնատար մի խումբ անձանց կողմից պետութիւնից վատնելու եղանակով առանձնապէս խոշոր չափերով գումարի յափշտակութեան կատարումը: Ըստ առաջադրուած մեղադրանքի` 2013 թուականի գարնանը գիւղատնտեսական աշխատանքների համար վառելանիւթ մատչելի գներով մատակարելու պատրաստակամութիւն յայտնած ընկերութիւնների առաջարկների ծրագիրը անտեսելով նա նախապատուութիւնը տուել աւելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերութեանը: Ինչի հետեւանքվ պետական միջոցները վատնուել են, քանի որ Սերժ Սարգյսեանը առաւելագոյն շահոյթ ապահովելու անձնական շահագրգռուածութիւնից ելնելով, օգտագործելով իր պաշտօնէական դիրքը, իր ենթակայութեան ներքոյ գտնուող մի խումբ պաշտօնատար անձանց միջոցով կազմակերպել ,որ մատակարարման պայմանգիր ստորագրուի հենց այդ ընկերութեան հետ: Այսպիսով, վերը նշուած ծրագրի իրականացման ընթացքում Հ.Հ. նախկին նախագահ Սերժ Սարգսեանի կազմակերպմամբ` պաշտօնատար մի խումբ անձանց կողմից պետութիւնից վատնելու եղանակով յափշտակուել է ընդհանուր առմամբ կէս միլիարդ դրամ: Սերժ Սարգսեանի նկատմամբ որպէս խափանման միջոց է ընտրուել չհեռանալու մասին ստորագրութիւնը:
*
Մեկնաբանութիւններ, որոնք յաջորդեցին այս յայտարութիւնից յետոյ: Ըստ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի գրասենեակի այս մեղադրանքը շինծու է եւ անհեթեթ: Սերժ Սարգսեանը իրեն մեղաւոր չի ճանաչել այս քայլը համարելով քաղաքական հետապնդում: Ըստ հանրապետականների այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախօսներին` Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգներին, այդ թւում` բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումներին: Աւելին, նման բիրտ քայլերով իշխանութիւնները նպատակ ունեն նաեւ շեղել հայ ժողովրդի ուշադրութիւնը երկրում օրէցօր սրացող բազմաթիւ այլ խնդիրներից եւ Հանրապետական կուսակցութիւնը այս հարցի եւ դրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաեւ միջազգային համապատասխան հարթակներում եւ ձեւաչափերով:
*
Խորհրդարանում պատասխանելով Ազգային Ժողովի փոխ-խօսնակ Ալեն Սիմոնեանի հարցին Փաշինեանն ասել է․«Մի ժամանակ Հայաստանում կար գիւղատնտեսութեան վառելիքի հայթայթման ծրագիր: Քիչ առաջ այս լուրը կարդալով` պարոն Աւինեանի հետ յիշեցինք, որ մեր կառավարութիւնն է այդ ծրագիրը փակել, համարելով, որ դա կոռուպցիոն ծրագիր է, իրականում գիւղացիներին ոչինչ չի տալիս: Հիմա պարզւում է, որ, ըստ մեղադրանքի նիւթերի, Սերժ Սարգսեանը պետական մարմնին յանձնարարել է, որ վառելիքը գնեն ոչ թէ այն ընկերութիւնից, որը ցածր գին է առաջարկում, այլ «ֆլեշ» ընկերութիւնից: Սա է պատմութիւնը: Կարծում եմ, որ քննութիւնը կպարզի, թէ ինչ է, եւ որեւէ աւել բան, քան հրապարակուած է, չեմ կարող ասել»: Այսպիսով նա նախ ցոյց է տուել, որ իբր ինքը տեղեակ չի եղել Սերժ Սարգսեանին մեղադրանք առաջադրելու մասին ու միաժամանակ որեւէ կերպ չմեկնաբանելով այս գործողութիւնը: Փաշինեանը սահմանափակուել է միայն յատուկ քննչական ծառայութեան յայտարարութեան աւելի կարճ տարբերակը մեկնաբանելով:
*
Շաբաթուայ բացայայտումը, որին անդրադարձաւ նաեւ Հ.Հ. արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականեանը: «Nordic Monitor» կայքը գաղտնի նյութեր էր հրապարակել, որոնցում անդրադարձ կար Հայաստանին հարուած հասցնելու Թուրքիոյ ծրագրերին: «գաղտնի պլանը վերջնական տեսքի է բերուել 2001 թուականի Յուլիսի 13-ին: Այն պատրաստուել է մարտավարական օդուժի 2-րդ հրամանատարութեան կողմից: Հրապարակումը միջազգային լայն արձագանգ է գտել: «այս բացայայտումը, ինչպէս նաեւ այլ տեղեկութիւններ Աթէնքի որոշ շրջանակների հիմք են տուել մտածելու, որ Հայաստանը Սուրիայից յետոյ կը լինէր Թուրքիոյ յաջորդ թիրախը»,-գրում են յունական լրատուամիջոցները:
*
Թաւշեայ կաշառակերների մասին․․․․․ Առանձնապէս խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով այս շաբաթ բերման է ենթարկուել Հ.Հ. կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնամարզի նախարարի տեղակալը Գէորգ Լոռեցեանը , ինչպէս նաեւ վերջինին վարորդն ու Հ.Հ.-ում գործող ֆուտպոլային ակումբներից մէկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաեւ մի շարք մատակարարող ընկերութիւնների փաստացի ղեկավարը: «ձեռք բերուած նախնական տուեալների համաձայն` նախարարի տեղակալը, նախարարութեան ենթակայ հիմնարկների կարիքների համար մարզագոյքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով յայտարարուած մրցոյթներում աջակցութիւն ցուցաբերելով վերոնշեալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակութեամբ պայմանաւորուածութիւն է ձեռք բերել առանձնապէս խոշոր չափերով կաշառք գումար: Գեւորգ Լոռեցեանը 2018 թուականի Հոկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինեանի որոշմամբ նշանակուել էր Հ.Հ. մարմնամարզի եւ երիտասարդութեան հարցերի նախարարի տեղակալ, մինչ այդ զբաղեցնում էր պետական գոյքի կառավարման կոմիտէի նախագահի տեղակալի պաշտօնը: