Quantcast
Channel: Hairenik Weekly Newspaper
Viewing all articles
Browse latest Browse all 8334

Վարչապետ Փաշինեան Հանդիպեցաւ Հ․Յ․Դաշնակցութեան Արեւմտեան Ա․Մ․Ն․-ի Կեդրոնական Կոմիտէի Ներկայացուցիչներուն Հետ

$
0
0

Լոս Անճելըս․- Աշխատանքային այցով Միացեալ  Նահանգներ ժամանած Հ․Հ․ վարչապետ Նիկոլ Փաշինեան հանդիպում մը ունեցաւ Արեւմտեան Ա․Մ․Ն․-ի  Հ․Յ․Դ․-ի կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչներու հետ՝ Հ․Յ․Դ․ Բիւրոյի անդամներ դոկտ․ Վիգէն Եագուպեանի, Արամ Գալուստեանի եւ Արեւմտեան Ա․Մ․Ն․-ի  Հ․Յ․Դ․-ի կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Աւետիք Իզմիրլեանի գլխաւորութեամբ։

Վարչապետին պաշտօնական կայքէջը, կը տեղեկացնէ, թէ ողջունելով Հ․Յ․Դ․ ններկայացուցիչներուն՝ Փաշինեան նշեց. «Յարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ հանդիպելու այս առիթի համար։ Բարձր եմ գնահատում Հ․ Յ․ Դաշնակցութեան գործունէութիւնը ընդհանրապէս և նաև հայապահպանութեան գործում։ Կարծում եմ, որ այդ առումով էլ մենք մի նոր փուլի ենք հասել, որովհետև, իհարկէ, հայապահպանութիւնը շատ կարևոր գործունէութիւն է, որը մեզ բերել-հասցրել է այսօրուայ հանգրուանին։ Այսօր մենք խօսում ենք ռազմավարական, հեռանկարային խնդիրների մասին, բայց կարծում եմ կայ մի փոքր նյուանս (կապ, խմբ․), որ պէտք է աւելացնել՝ հայապահպանութիւն ասելով պէտք է նկատի ունենալ ոչ միայն պահպանում, այլև պէտք է արդէն զարգացման մասին մտածենք։

Հ․Յ․Դ․-ն Հայաստանի ներքաղաքական կեանքում բաւական ակտիվ (գործօն, խմբ․) դերակատարում է ունեցել և ունի։ Այդ դերակատարման ընթացքում միշտ չէ, որ ես համաձայն եմ եղել Դաշնակցութեան հետ, միշտ չէ, որ մենք համաձայնութիւն ենք ունեցել, բայց մեր համազգային նպատակների համատեքստում դա ոչ մի բան չի փոխում, որովհետև այն հարցերը, որոնց վերաբերեալ մենք այդքան էլ համաձայն չենք, այնքան էլ էական չեն, եթէ կան բազմաթիւ ռազմավարական բնոյթի հարցեր, որոնց շուրջ մենք համաձայն ենք։ Ուստի շատ ուրախ եմ այսօրուայ հանդիպման համար։ Ես այս ընթացքում էլ որոշակի շփումներ եմ ունեցել և միշտ էլ պատրաստակամութիւն եմ յայտնել, որպէսզի այս շփումները շարունակուեն և նոր իմաստ ստանան։

Չեմ թաքցրել և կարծում եմ, որ Հ․Յ․Դ․-ն նաև պետք է որոշակի վերագնահատումներ անի վերջին շրջանում Հայաստանում ծաւալած գործունէութեան առնչութեամբ, նկատի ունեմ որպէս իշխող կոալիցիա-ի (դաշնակցութիւն, խմբ․) անդամ, և իմ համոզմունքն այն է, որ դա շատ կարևոր կը լինի Հայաստանում հենց Դաշնակցութեան յետագայ իմիջի և գործունէութեան համար»։

Հ․Յ․Դ․ բիւրոյի անդամ Վիգէն Եագուպեան ողջունելով վարչապետին, ըսաւ. «Մեծարգոյ պարոն վարչապետ, Հ․Հ․ իշխանութեան մեծարգոյ ներկայացուցիչներ, մեծարգոյ գլխաւոր հիւպատոս, մեզ համար մեծ հպարտութիւն է Ձեզ այստեղ դիմաւորելը։ Դաշնակցութեան, ինչպէս նաև Ամերիկայի Արևմտեան ափի մեր կազմակերպութեան ներկայացուցիչներու անունով Ձեզ բարի գալուստ կը մաղթենք։ Մեզ համար իսկապէս նշանակութիւն ունի Ձեր ներկայութիւնն այստեղ, մանաւանդ նկատի ունենալով, որ Հայաստանի մէջ տեղի ունեցած յեղափոխութեան ընթացքին մեր ժողովուրդը իսկապէս հաւաք, միահամուռ ձայն բարձրացուց և այդ ձայնի մեջ բիււրեղացուց այն տեսլականը, որ մեր կազմակերպութեան համար պայքարի առարկայ է եղած 128 տարիէ աւելի։ Այդ իմաստով կը նկատենք և կը հաստատենք, որ այդ շարժումը, ամէն ինչէն բացի, պահանջատիրութեան, արդար կարգերու հաստատման, տնտեսական կայունութեան, ազգային տեսլականի նկատմամբ յանձնառութեան յոյս արթնցուց՝ յոյս, որ ժողովուրդի վերապրելու համար անյետաձգելի էր և կարևոր։ Մենք այդ կը գնահատենք, ինչպէս նաև կը գնահատենք Ձեր՝ այդ իրականութեան խորհրդանիշը ըլլալը։ Մեզ համար այդ շարժումը ժողովրդին հաւաքելու, մեր միասնականութեան կանչը ամրագրելու, մեր տեսլականները և ժողովրդի համահայկականութիւնը խարսխելու, արտայայտելու լաւագոյն արտացոլումներէն էր։ Մեր յոյսը և ակնկալիքն է, որ այդ համախմբման տեսլականը կը շարունակուի ապագային և յոյս կ՛ունենանք, որ հեռու կը մնանք մեր ժողովուրդին տարանջատող բաժանարար գիծերէն, սակայն միշտ օրէնքի գերակայութիւնը գնահատելով և միշտ Սահմանադրութիւնը ամէն ինչէն բարձր դասելով»։

Համահայկականութեան օրակարգի ձևաւորման և կեանքի կոչման առնչութեամբ, վարչապետը և Հ․Յ․Դ․-ի ներկայացուցիչները կարևորեցին Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները։ Աւետիք Իզմիրլեան տեղեկացուց, որ ստեղծուած է Արևմտեան Ամերիկայի Համահայկական խորհուրդ, որուն մէջ ընդգրկուած են շարք մը կազմակերպութիւններ, և աշխատանք կը տարուի շրջանակը ընդլայնելու ուղղութեամբ։ Քննարկուեցան նաեւ Հայաստան-Սփիւռք փոխյարաբերութիւններու բնոյթն ու իմաստաւորում։


Viewing all articles
Browse latest Browse all 8334

Trending Articles