Image may be NSFW.
Clik here to view.
ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍԵԱՆ
Որ ժողովրդային շարժման արդիւնքները թելադրում էին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններ անցկացնել, կարծէք, ոչ ոք չէր ընդդիմանում: Բայց յատկապէս ի՞նչ նպատակով եւ ինչպէ՞ս պէտք էր արտահերթ ընտրութիւններ անցկացուէին, այսօր էապէս անտեսուել է: Այս առումով, հանրային մտայնութեան մէջ մնացել է միայն հնի մերժումն ու Փաշինեանի իշխանութեան ամրապնդումը. նոր իշխանութիւնը, յանուն շուտափոյթ եւ հնարաւորինս շատ ձայների ու աթոռների, զոհեց հաւասար հնարաւորութիւնների ապահովումն ու ընտրական օրէնսգրքի բարելաւումը`վերջինի առումով խաղարկելով կիսատ-պռատ ճիգեր, որոնց իրագործումը կարող էր աւելի խաթարել ժողովրդավարութիւնն ու ընտրական համակարգը: Սա մեծագոյն սխալ էր, որ արդէն անխուսափելի ընթացքի մէջ է` պարտադրուած Փաշինեանի կողմից: Եւ այս սխալը կարող է յանգեցնել նոր քաղաքական անկայունութեան:
Վերյիշենք ոչ հեռու անցեալի խոստումներն ու ծրագրերը` հնչեցուած ամենաբարձր ամպիոններից ու, հիմնականում, ամրագրուած կառավարութեան ծրագրում:
ԱԺ արտահերթ ընտրութիւնների անցկացման առաջին փաստարկն այն էր, որ ներկայիս խորհրդարանը չի արտացոլում հանրային իրական տրամադրութիւնները եւ դա խոչընդոտ է արդիւնաւէտ կառավարման եւ երկրի զարգացման համար:
Երկրորդ կարեւոր փաստարկն այն էր, որ 1991-ից յետոյ Հայաստանում ընտրութիւնները անցել են խախտումներով, ճնշումներով, կաշառքով, վարչական միջոցների օգտագործմամբ եւ այլ արատաւոր միջոցներով, ինչը խաթարել է հանրութեան վստահութիւնն ընտրութիւնների եւ իշխանութեան հանդէպ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է վերականգնել այդ վստահութիւնը` անցկացնելով ազատ, արդար, օրինական ընտրութիւններ:
Երրորդ նպատակադրումը ընտրական օրէնսգիրքի բարելաւումն էր, որ կը նպաստէր աւելի լաւ որակի ընտրութիւնների կայացմանը: Մասնաւորապէս անձերի միջեւ պայքարը` տարածքային վարկանշային համակարգով պայմանաւորուած, պէտք էր վերացուէր` դուռ բացելով քաղաքական ուժերի եւ նրանց ծրագրերի մրցապայքարի համար:
Չորրորդ կարեւոր պայմանը քաղաքական ուժերին բաւարար ժամանակ յատկացնելն էր, որ մեղմուէր յեղափոխական զգացմունքայնութիւնը, իսկ կուսակցութիւնները պատրաստ լինէին նոր ընտրութիւններին` ունենալով հաւասար հնարաւորութիւններ:
Հինգերորդ կարեւոր քայլը սուփըրվարչապետական լիազօրութիւնների թուլացումն էր, մասնաւորապէս` ոստիկանութեանը հաշուետու դարձնելը ԱԺ-ին. սա ոստիկանութեան համար կ՛ապահովէր առաւել անաչառ դիրքորոշում եւ կը սահմանափակէր գործող վարչապետին` ընտրութիւնների ընթացքում չարաշահել լծակները:
Վերջապէս, վեցերորդ պայմանն այն էր, որ ընտրութիւնները թեքնիք իմաստով կազմակերպուէին աւելի լաւ, ցուցակները լինէին աւելի մաքուր` բացառելով կրկնաքուէարկութիւնները, բացակաների քուէարկութեան դէպքերը` բարձրացնելով գործընթացների թափանցիկութեան մակարդակը:
Եւ այս ամէնի իրագործման համար, որպէս տրամաբանական ժամկէտ, սահմանուեց մինչեւ մէկ տարին:
Երեւանի աւագանու ընտրութիւններից յետոյ վարչապետ Փաշինեանը առաջադրեց նոր մօտեցումներ, մասնաւորապէս` ԱԺ ընտրութիւնները դեկտեմբերին անցկացնելու պահանջով, բերելով 3 հիմնական փաստարկ.
- Երեւանի աւագանու ընտրութիւնները, ըստ վարչապետի, ցոյց տուեցին, որ ժողովուրդը պահանջում է ընտրութիւններն աւելի շուտ անցկացնել եւ ձգձգելու որեւէ լուրջ պատճառ չկայ,
- Հայաստանի տնտեսական զարգացման համար այս ընտրութիւնների շուտափոյթ անցկացումը չափազանց կարեւոր է, քանզի ներդրողները պէտք է իրենց աւելի շուտ վստահ ու պաշտպանուած զգան,
- Հին «սեւ» եւ «հակայեղափոխական» ուժերը կարող են ամէն պահի դաւադրական քայլեր իրականացնել` վտանգելով «յեղափոխական» իշխանութեան գործունէութիւնը, ամրապնդելու իրենց դիրքերը:
Այսպիսով, ընտրութիւններն ու դրանց արդիւնքները պէտք է լինեն յեղափոխութեան հռչակած սիրոյ եւ համերաշխութեան հերթական արտացոլանքը:
Նկատենք, որ հանրային վստահութիւն վայելող խորհրդարանի ձեւաւորումը` արդար եւ օրինական ընտրութիւնների միջոցով, հիմնական նպատակ են: Սակայն հնարաւո՞ր է «անբացատրելի» շտապողականութեամբ իրագործել դէպի այդ նպատակ տանող քայլերը, թէ՞ կ՛ունենանք մի նոր պիւռոսեան յաղթանակ` դուռ բանալով նոր ցնցումների համար:
Ընտրութիւնների ժամկէտը արհեստականօրէն առաջ բերելը բացառեց նշուած գրեթէ բոլոր նպատակադրումների իրականացումը.
- Ընտրական բարեփոխումները հնարաւոր չէր լիարժէք կատարել այս ժամկէտում, հետեւաբար աւելի լաւ համակարգով չենք գնում ընտրութիւնների:
- Եթէ նոյնիսկ խորհրդարանն ընդունէր մասնակի ընտրական փոփոխութիւնները, ապա դրանց կիրարկումը կը լինէր անարդիւնաւէտ. քաղաքական ուժերն ու ընտրական համակարգը ուղղակի չէին կարող պատրաստ լինել այդ փոփոխութիւններին: Դա նման կը լինէր գնացքի գծերի փոփոխութեանը` գնացքի ընթացքի պայմաններում:
- Քաղաքական դաշտի անկայունութեան պայմաններում շուտափոյթ ընտրութիւնները կը յանգեցնեն հանրային աշխուժ մասի մասնակցութեանը` ի մերժում հին իշխանութեան, իսկ նոր իշխանութիւններից դժգոհ բնակչութիւնը էապէս կարող է մեկուսանալ` խուսափելով հրապարակայնօրէն դէմ գնալ նոր վարչակարգին:
- Սուփըրվարչապետական լիազօրութիւններից նոր իշխանութիւնները չեն ցանկանում հրաժարուել նախընտրական փուլում` հակասելով իրենց իսկ պահանջներին: Այդ լիազօրութիւններն անհրաժեշտ են Փաշինեանին` երկրում ամբողջական իշխանափոխութիւն իրականացնելու համար:
Ստացւում է, որ այս ընտրութիւնները`
- Լիարժէք չեն արտացոլի հանրային իրական տրամադրութիւնները, քանզի ընթանում են ոչ թէ համերաշխութեան, այլ` մերժման մթնոլորտում:
- Քաղաքական ուժերը մրցապայքարին կը մասնակցեն անհաւասար պայմաններում` ժողովրդային ալիքի չմարած յորձանուտում:
- Նոր ձեւաւորուած իշխանութիւնը կարող է ունենալ պիւռոսեան յաղթանակ` շատ քուէներ, որոնք արագ կարող են վերածուել մեծ հիասթափութեան: Եւ կարճ ժամանակում կարող է նոր խորհրդարանն էլ չարտայայտել հանրութեան իրական տրամադրութիւնները:
- Ստեղծուած իրավիճակը կարող է դուռ բացել նոր մենիշխանութեան համար` հրապարակի իշխանութեան լոզունգների ներքոյ (բոլոր մենիշխանութիւնները հաստատուել են ժողովրդի անունից եւ «ժողովրդի համար»):
- Քաղաքական կուսակցութիւնները, իրենց ուժերը վերականգնելուց յետոյ, կարող են յայտ ներկայացնել` արտահերթ խորհրդարանական նոր ընտրութիւններ անցկացնելու պահանջով. նրանց հակազդեցութիւնը կարող է լինել համարժէք, իսկ հրապարակը` թեքուել նրանց կողմ:
Պատկերաւոր ասած` ժողովրդային շարժումը Հայաստանի քաղաքական դաշտին նաքաութի հասցրեց, տապալեց գետնին եւ հիմա նոր հարուածներ է հասցնում: Առարկայականօրէն, նոր հարցեր են առաջ գալիս. բացի Փաշինեանից ու նրա աջակիցներից` է՞լ ում է անհրաժեշտ, որ Հայաստանում ընտրութիւններն անցնեն այսպիսի պայմաններում: Արդեօ՞ք դրանք կապուած չեն Իրանի ու Ռուսաստանի դէմ կիրառուող պատժամիջոցների նոր ալիքի հետ: Արդեօ՞ք սա Իրանի ու Ռուսաստանի շուրջ օղակի նոր սեղմման քայլ չէ: Արդեօ՞ք Արցախի հարցի շուրջ սա նոր գործիք չէ ու ճնշում` գնալու զիջումների: Հայաստանի քաղաքական դաշտն ու պետական համակարգը ցնցումների մէջ են, Փաշինեանի բարձր հեղինակութեանն ուղիղ բացասական համեմատական են պետական համակարգի անարդիւնաւէտ աշխատանքն ու քատրային քաղաքականութիւնը: Այս ցնցումային վիճակում յանպատրաստից ընտրութիւնները որքանո՞վ կը նպաստեն երկարաժամկէտ կայունութեանը, եւ արդեօ՞ք կը ստեղծուի ներքաղաքական համերաշխութիւն, ինչպէս խոստացուել էր:
Ցաւօք, արտահերթ ԱԺ ընտրութիւններում աւելորդ շտապողականութիւնը կարող է ոչ հեռու ապագայում յանգեցնել նոր անկայունութեան, եւ սա է դեկտեմբերեան մեծ սխալը, որն արդէն ճամբայ է ընկել` դառնալով պարտադրանք բոլորիս համար: