Quantcast
Channel: Hairenik Weekly Newspaper
Viewing all articles
Browse latest Browse all 8334

Յանուն Եւ Ոչ Ընդդէմ

$
0
0

Արտաշէս Շահպազեան

ԴՐՕՇԱԿ

Այն ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կեանքում լուրջ մտահոգութիւնների տեղիք պէտք է տա` պետական շահի տեսանկիւնից: Պետական համակարգը, բոլոր պարագաներում, որոշակի տրամաբանութեամբ գործող կառոյց է եւ այն ցնցումների ենթարկելը կամ կաւէ թաց առարկայի պէս ձեւափոխելու փորձերը կարող են երկիրը երկարատեւ քաոսի մէջ նետել, ինչը մեծ շռայլութիւն կը լինի մեր պէս հիմնախնդիրներ ունեցող երկրի համար:

Հեշտ է հասարակութիւնը բաժանել սեւերի ու սպիտակների, յեղափոխականների ու հակայեղափոխականների եւ նշանակել վիճակի մեղաւորներ, դաւաճաններ, անմեղներ ու հերոսներ, բայց սա պարզունակ ամբոխավարութիւն է նշանակում, որ կենսունակ կարող է լինել թերեւս մի որոշակի ժամանակահատուած:

Ելնելով այն ճշմարտութիւնից, որ բոլորը կամ առնուազն մեծամասնութիւնը ձգտում է երկրի արմատական բարեփոխումների, կարելի է անդրադառնալ, թէ մօտեցումների տարբերութեամբ պայմանաւորուած նախաձեռնութիւններն ու դրանցից բխող իրադարձութիւնները որքանով են հաշուարկուած եւ ինչպիսի արդիւնքների ու հետեւանքների կարող են յանգեցնել:
Հայաստանը մեծ փոփոխութիւնների ընթացքի մէջ է եւ գայթակղութիւն կայ աւելի արագ ու կտրուկ դարձնել այդ փոփոխութիւնները: Ընդ որում, որպէս լոկոմոտիվ, օգտագործելով զանգուածային էյֆորիայի այն վիճակը, երբ բանականութեան փոխարէն առաջնորդում են յոյզերն ու զգացմունքները, երբ որպէս դատողութիւնների հիմք է ընդունւում ոչ թէ կոնկրէտ իրականութիւնը, այլ հրամցուող տեսակէտները:

Սրա մէկ վառ օրինակն էլ մայրաքաղաքի աւագանու ընտրութիւններն էին, որոնց ժամանակ 81% հաւաքեց պետական-քաղաքական եւ վարչական մէկ օրուայ փորձ չունեցող թեկնածուն:
Այս իրադարձութիւնից առաւել ոգեւորուած վարչապետը հասարակութեանը ներարկում է այն թեզը, թէ երկրի տեղում դոփելու եւ առաջընթացը խոչընդոտող պատճառը գործող խորհրդարանն է: Տեսածին ու ոչ հրամցուածին հաւատացող իւրաքանչիւրի համար ակնյայտ է, որ նոր իշխանութիւնների յաղթանակի օրերից սկսած, խորհրդարանական ուժերը ոչ մի խոչընդոտ չեն ստեղծել վարչապետի ու իր թիմի առջեւ` իրականացնելու իրենց ծրագրերը: Աւելին, յստակ խոստում է տրուած, որ երբ օրէնսդրական ցանկալի հիմքերի ձեւաւորմամբ երկիրը պատրաստ կը լինի ընտրութիւններին, վերջիններս, համապատասխան ընթացակարգով, ճանապարհ կը բացեն գործող խորհրդարանի լուծարման եւ նորի ձեւաւորման համար:

Այս դէպքում շահագրգիռ ամէն մարդ պէտք է փորձի հասկանալ, թէ ինչով է պայմանաւորուած հապշտապ համապետական ընտրութիւններ անցկացնելու ցանկութիւնը:
Երկրում ստեղծուած իրական վիճակն այն է, որ ցայսօր գոյութիւն չունի տնտեսական զարգացման մօտակայ կամ հեռահար ծրագիր ու ուղենիշ, տարուայ ամենաակտիւ սեզոնում արաձանագրուել է զգալի գնաճ, ինչը սպառնում է անապահով մեծամասնութեան ուսերին առաւել ծանր բեռ դառնալ ձմեռուայ ամիսներին: Կառավարութեան ներկայացրած յաջորդ տարուայ բիւջեյով փաստւում է, որ 2019-թուականին չեն լինելու աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների եւ այլ սոցիալական ծրագրերի համար նախատեսուող բարձրացումներ: Հաւանական չեն գազի ու էլեկտրաէներգիայի համար խոստացուած վարձերի նուազեցումը եւ երեւի գոհ պէտք է լինենք եթէ դրանք չաճեն:

Փորձենք, ի դէպ, խորհել մի հետաքրքիր իրողութեան շուրջ. իշխանութիւնը, ամէն առիթով, յայտարարում է, թէ կոռուպցիան երկրում վերացուած է: Եթէ այդպէս է, ապա ինչո՞ւ հնարաւոր չդարձաւ պաշտօնապէս արձանագրուած 50% ստուերային տնտեսութիւնից զգալի միջոցներ դուրս բերել եւ մտցնել պիւտճէ:

Այս ամէնի փոխարէն հասարակութեանը շարունակում են կերակրել կոռուպցիոն բացայայտումներով, կամ աւելի շուտ սենսացիոն մեղադրանքներով: Մեղադրանքներ, որոնց հիման վրայ, անորոշ հեռանկարով, շարունակում է բանտարկութեան մէջ գտնուել մէկ մարդ` Մանուել Գրիգորեանը, նոր իշխանութիւնների գոծունէութեան հինգերորդ ամսից յետոյ:

Ամէն սառը դատող մարդ կարող է իր համար եզրակացութիւնների յանգել. այն, որ թէ ներսի եւ թէ դրսի ներդողները ցայսօր չեն ցանկանում ներդրումներ կատարել խորհրդարանի խափանարարութեա՞ն հետեւանքն է, թէ երկրի տնտեսական տեսլականների անորոշութեան, վաղուայ օրուայ նկատմամբ անվստահութեան, երբ ներհասարակական-ներքաղաքական կեանքը գտնւում է բարձր լարուածութեան մէջ, աճում է անհանդուրժողութիւնը, որի քաւութեան նոխազը կարող են դառնալ չակերտաւոր յեղափոխականների եւ չակերտաւոր հակայեղափոխականների բանակները:

Ինչն է ստիպում օր առաջ ընտրութիւնների անցակացման համար գնալու այնպիսի ծայրայեղ, եւ բռնապետութիւններին հարիր քայլի, ինչպիսին է գործադիր իշխանութեան կողմից ժողովրդին հանելը օրէնսդիր իշխանութեան դէմ եւ խորհրդարանականներին պաշարելով նստել նրանց հետ բանակցութիւնների: Նոյնն է թէ պատերազմական գործողութիւններ ծաւալելով միաժամանակ դիմացինին բանակցութիւններ պարտադրել:

Ի՞նչն է պետութեան եւ հէնց իշխանութեան վարկին լուրջ հարուած հասցնող այս արտառոց քայլերի պատճառը, եթէ չկայ փաստ, որ խորհրդարանը չի ընդառաջում վարչապետի ցանկացած նախաձեռնութեան:
Վարչապետը եւ իր թիմը շատ լաւ հասկանում են, որ սենսացիոն բացայայտումներից զատ ժողովուրդը մօտ ապագայում պահանջելու է իր վիճակի բարելաւմանը ուղղուած կոնկրէտ իրագործումներ: Իշխանութիւնը գիտակցում է, որ ամբոխային էյֆորիան (բարեկրութիւն, խմբ․) մի օր մարելու է եւ ինչպէս մի քանի անգամ, նախորդող տարիներին պատահել է, բարձր վարկանիշները կարճ ժամանակում կարող են մերձենալ զերոյին:

Երիտասարդ իշխանութիւնը տալիս է խոստումներ եւ վախեցնում է ուրուականներով, բայց առայժմ չի կարողանում անգամ մայրաքաղաքի փողոցներով հոսող աղբի աղբահանութիւնը կազմակերպել: Գալու է չէ՞ օրը, երբ անվերապահ համախոհների ու համակիրների զանգուածները նայելու են ոչ թէ ժողովրդական հռետորների բերաններին, այլ իրենց շուրջը եւ գրպանի պարունակութեանը:

Առկայ ու հնարաւոր դժուարութիւնները յաղթահարելու ձգտումով հապշտապ ընտրութիւններ անցկացնելու իշխանութեան հաշուարկները ենթադրում են քանի տաք է մայրաքաղաքային ընտրութիւնների մթնոլորտը նման մի տոկոս էլ ՝՝խփել՝՝ ողջ հանրապետութիւնում: Ոչ ոք թող չկասկածի, որ միակուսակցական համակարգի ձեւաւորումը, ոչ երկար ժամանակ անց, բերելու է այն նոյն հետեւանքներին ինչ լինում է միշտ եւ ինչ մեր մաշկի վրայ զգացել է հէնց մեր սերունդը:

Եթէ իշխանութիւնը չսովորի արդիւնաւէտ կառավարել երկիրը նա անընդհատ մեղաւորներ ու թշնամիներ է փնտրելու: Այսօր այդ ՝՝մեղաւորը՝՝ խորհրդարանն է, երբ վաղը նա չի լինի մեղաւորներ են դառնալու իշխանութեան տարբեր օղակներում գործող ՝՝սեւերը՝՝, նրանց չէզոքացնելուց յետոյ մեղաւոր է նշանակուելու ՝՝հակայեղափոխական ընդդիմութիւնը՝՝ եւ այդպէս շարունակ: Եւ այս վտանգաւոր անկումը շարունակուելու է եթէ դուրս չգանք զանգուածային հոգագարութեան ու ատելութեան վիճակից, եթէ կրկին հասարակութիւնը չմիաւորուի եւ երկրի ողջ կարող ներուժը չլծուի համախոհաբար երկիրը ճգնաժամի ուղուց զարգացման մայրուղի փոխադրելու գործին:

Վերջում ցանկանում եմ ասել, որ վերը շարադրուած դատողութիւնները ինչ որ մէկի դէմ չէին, այլ յանուն, խորհրդարանի պէս, բոլորիս պաշարած մտահոգութիւնների յաղթահարմանը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 8334

Trending Articles