Երեքշաբթի, Յուլիս 16ի առաւօտեան ժամը 10:30ին, մեր մայր եւ մեծ մայր Սեդա Լալազարեան – Զարգարեանը, իր աչքերը յաւիտենականօրէն փակեց եւ սուգի մատնեց իր զաւակներն ու թոռնիկները, ընտանեկան պարագաները, ազգականներն ու բարեկամները:
85-ամեայ Սեդան կրտսերագոյն թոռնիկն է իր օրին անուանի Վարդան Լալազարովի, որի պապենական ծննդավայրը գտնւում է Հիւսիսային Պարսկաստանի Սալմաստ գաւառի Փայլաջուկ եւ Սաւռա գիւղերը` ուր կոչւում է Խաչագողների հայրենիքը (տես Րաֆֆիի “Խաչագողի Յիշատակարանը“):
Վ. Լալազարովը շատ երիտասարդ տարիքում 1850-ական թուականներից սկսեալ բազմաթիւ ճամբորդութիւններ է կատարում դէպի Ռուսաստանի զանազան շրջաններ, հետեւելով իր հօր եւ մեծ հօր քայլերին: Նա 1875-ին վերադառնում է Սալմաստ, ամուսնանում է եւ ունենում մէկ զաւակ Լեւոնը եւ 1880-ին վերջնականապէս տեղափոխւում է Ռուսաստանի Ռոստով քաղաքը, ուր հիմնադրում է ուտեստեղէնի եւ խմիչքների վաճառատուն, որը ապագային ղեկավարւում է Սեդայի հօր եւ հօրեղբօր միջոցով մինչեւ 1930 թուական երբ պետականացւում է հասատատութիւնը: Իր կարգին Սեդային հայրը` Լեւոն Լալազարեանը, 1918ին ճամբորդում է Թիֆլիս ուր ամուսնանում է անցեալի վանեցի Աշխէն Սալանեանի հետ եւ ապա վերադառնում Ռոստով: Զոյգը ունենում են չորս զաւակներ` Վարդան, Գուրգէն, Քնարիկ եւ Սեդա:
Սեդայի մեծ եղբայրը Վարդանը գեղանկարիչ էր եւ իր գործերից մէկը զետեղուած է Երեւանի պետական թանգարանում, սփիւռքահայ արուեստագէտների շարքին:
Սեդան ծնուել է Ռոստով, Սեպտեմբեր 8, 1928-ին: Նա 9 տարեկան հասակում 1937ին ընտանեօք տեղափոխւում են Իրանի հայաշատ Թաւրիզ քաղաքը, ուր յաճախում է Հայկական եւ Պարսկական դպրոցներ, սովորում է հայերէն, պարսկերէն եւ Ատրպատականի (ազերի) թրքերէն: Միեւնոյն ժամանակ սովորեցնում ռուսերէն` իր ընկեր-ընկերուհիներին: Դպրոցը աւարտելուց յետոյ, 1946ին ամուսնանում է տեղացի Հրայր Զարգարեանի հետ եւ միասնաբար տեղափոխւում են Թեհրան, ուր ունենում են մէկ զաւակ Րաֆֆին եւ ապա նորից տեղափոխւում Իսֆահան ուր Հրայրը հիմնադրում է ոսկերչատուն եւ ինք հետեւում է կանացի հագուստների կար ու ձեւին:
1953ի Իրանի պետական հարուածից ետք հաստատւում են Իսֆահանին կից Նոր Ջուղայի Հայկական հնամեայ գաղութը: Իր միւս երկու զաւակները ծնւում են Վահանը` Իսֆահան եւ Ժաքլինը` Նոր Ջուղա: Սեդայի մայրը Աշխէնը եւ իր երկու մեծ եղբայրները օգտուելով երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ Մ.Ա.Կ.ի ստեղծած նոր օրինագծի դրութեամբ մեկնում են Միացեալ Նահանգներ եւ ապա Սեդան, իր ամուսինն ու զաւակները միանում են նրանց 1966-ին վերջնականապէս հաստատուելով Մասաչուսէթցի Ուաթըրթաուն եւ յետագային Ուալթհամ քաղաքները:
Սեդան, իր տանտիկնոջ պարտականութիւնների հետ մէկտեղ նաեւ յետեւում է անգլերէնի դասընթացքներին եւ ապա աշխատանքի է դիմում եւ այսպէս 1970-1995 թուականներին պաշտօնաւարում է Ռէյթիան հաստատութեան մէկ բաժանմունքին մէջ:
Նա իր ամբողջ կեանքի ընթացքին յատկապէս ընտանեկան հաւաքներին, յատուկ շուք եւ սէր ունէր, թէ իր պատրաստած ուտեստեղէններով, թէ զրոյցով եւ թէ ներկայութեամբ:
ՍԳԱԿԻՐ