Մարինէ Մարտիրոսեան
«Հետք»
Մեսրոպեան Ուղղագրութեան վերածեց՝ Յարութիւն Մըսրլեան
2 Մարտ 2018
«Էն վախտ (ժամանակ – ՅՄ) ուրիշ էր, աւելի շատ էր մաքրութիւնը, պարզութիւնը… Իրականում կարօտում եմ էդ տարիները: Մեր կռուած տղերքի մէջ մնացել ա էդ մաքրութիւնը: Չգիտեմ՝ ինչի՞ց ա , որ փոխուել ա », Ուջանցի ազատամարտիկ Գրիգոր Ազատեանն այս խօսքերից յետոյ հոգոց է հանում: Շատ բան է փոխուել Հայաստանում: Անկախութեան այդ հասկացութիւնը որ ունէին, փոխուել է. իրենք երազում էին անկախ երկրի մասին, բայց ունեցանք հակառակը: Սա ասւում է ոչ թէ ցուցադրական պաթետիզմով (յուզիչ վիճակով – ՅՄ), այլ դառնութեամբ:
Գրիգոր Ազատեանը Սասունցի է: Ասում է, մայրական պապը՝ Աբրահամ Ղազարեանը, 14 տարեկանում եղել է Անդրանիկի զինուորը, հետախոյզը: «Ռանչպարների Կանչ»-ի մէջ մի դրուագ կայ, երբ Անդրանիկն ասում է՝ կանչէք պստիկ Աբոյին, թող գնայ Ռազվդեկի: Պապս համ (թէ՛ – ՅՄ) քրտերէն է իմացել, համ թուրքերէն. փոքր է եղել, միշտ ուղարկել են Ռազվեդկայի», ասում է նա:
Երբ Ղարաբաղեան շարժումը սկսուեց, Գրիգոր Ազատեանը 22 տարեկան էր: Սկզբից ընկերներով միացել էին Երեւանի Ազատութեան հրապարակում տեղի ունեցող ցոյցերին, ապա, ասում է, հասկացել էին, որ միտինգով (ժողովով- ՅՄ) հարց չի լուծւում: Ուջանցի 13 տղաներով կամաւորագրուել էին: Լայնամաստաբ գործողութիւնները դեռեւս չէին սկսուել, դիրքային փոխհրաձգութիւն էր: Հիմնականում, Հայաստանի սահմանամերձ գիւղերում էին լինում՝ Արարատի մարզում, Մեղրիում, Սիւնիքի Կոռնիձոր, Տաւուշի Ոսկեպար գիւղերում:
1889 թ. Դեկտեմբերի 7-ին, Կոռնիձորում առաջին մարդկային կորուստն ունեցան. զոհուեց Ուջանցի Նորիկ Յարութիւնեանը: «Շատ ծանր տարանք…վրէժխնդրութիւնն աւելի շատացաւ՝ յատկապէս Ուջանցի տղերքի մօտ», – սա աւելցուց , յետոյ՝ լռում է: Պատերազմի մասին պատմութիւններում ազատամարտիկներն աւելի շատ լռում են, եւ այդ լռութիւնը մեծ տարածութեան է նման, որտեղ ոչ մի ածական չի սոսնձւում: Յաճախ նրանք դա դադարներին ծխախոտ են հանում, սկսում ծխել:
Յետոյ սկսում ենք խօսել մարտական գործողութիւններից: Հրամանատար Գեղազնիկ Միքայէլեանի (Ջաւուշ) զոհուելուց յետոյ Ուջանցիներով մտան Յատուկ Գունդ: Ղարաբաղում Գրիգոր Ազատեանի մասնակցութեամբ առաջինը գործողութիւնը եղաւ Շուշիի ազատագրումը:
Ազատամարտիկը յիշում է, որ գործողութեան չորս ուղղութիւններից արեւելեան՝ Շոշ գիւղի ուղղութեամբ էին շարժւում: Քաղաքն ազատագրելուց յետոյ մի տուն էին տեսել, դարպասին փամփուշտով գրել «Ուջան» ու մտածում էին, որ կը գան տէր կը կանգնեն այդ տանը: «Մի ամիս յետոյ Աղդամի ու Ասկերանի մէջտեղում պոստերն (դիրքերն – ՅՄ) էինք պահում «Դեաւոլի» ջոկատի հետ, սմենափոխ արեցինք, ասինք՝ գնանք Շուշուա տունը տեսնենք: Տան ներսում մօտ 30 հոգի նստած քէֆ էին անում : Շուշուա Վաչօն էր, մօտեցաւ մեզ , թէ՝ ինչով կարող ենք օգտակար լինել: Նայիրին ասաց՝ էս եկել էք մեր տուն, չէք էլ սեւանում, եանի (այսինքն – ՅՄ) առանց տանտիրոջ եկել նստել էք. Վաչօն ասաց՝ Ուջանը դո՞ւ ես, Նայիրին էլ թէ՝ չէ՛ , ես Ուջանը չե՛մ, էս լրիւ Ուջանն ա: Եկաւ փաթաթուեց, ասաց՝ ախպէր, տունս գրադով խփեցին, եկայ տեսայ էս տունը, ասի, տեսնեմ էդ Ուջանը երբ կը գայ. յետոյ ասի՝ մինչեւ գայ, մնամ էստեղ: Մենք էլ ասինք՝ ի՞նչ տարբերութիւն, մենք ենք մնալո՞ւ, թէ՞ դու»:
Շուշիի ազատագրումից յետոյ Գրիգոր Ազատեանը մասնակցել է Քարվաճարի ազատագրմանը, Մարտակերտի, Հորադիզի, Ջաբրայիլի մարտերին:
Հրադադարի մասին իմացել է երբ Ստեփանակերտում էր: Ասում է՝ գիւղեր կային որ մտնում էին, տեսնում էին դատարկ, քանի որ հակառակորդը փախել էր: Համոզուած է՝ եթէ հրադադարը չլինէր, հայկական կողմի առաջխաղացումն աւելի մեծ էր լինելու: Այն ժամանակ մտածում էին, որ յաջորդն Արեւմտեան Հայաստանն են ազատագրելու: Քիչ անց աւելացնում է, թէ հրադադարը գուցէ քաղաքական որոշում է եղել, որին չեն խառնւում, իրենք զինուոր են:
«Մեր պատկերացրած երկիրը էսօր չկայ: Մենք պատկերացնում էինք, որ յաղթանակից յետոյ երկիրը հզօրանալու է, մարդկային ռեսուրսը (աղբիւրը – ՅՄ) շատանալու է, ժողովուրդը լաւ է ապրելու: Մտածում էինք, որ փոխուելու ա մեր կեանքը: Անկախութիւնը մեծ հասկացութիւն ա, մտածում էինք՝ անկախ ենք լինելու, մե՛նք ենք լինելու մեր երկրի տէրը: Էսօր, կարելի ա ասել ոչ, մենք չենք երկրի տէրը, ռուսն ա »- ասում է Գրիգոր Ազատեանը:
Հայաստանի ներկայ վիճակի պատճառն էլ, զրուցակցիս կարծիքով, ռուսների քաղաքականութիւնն է: «Հայաստանը հարցեր լուծող մահակ է դարձել ռուսների համար: Հայաստանով կարողանում է Թուրքիայի, Ազրպէյճանի, Վրաստանի հետ հարցեր լուծել: Էդպէս չի՞»:
Գրիգոր Ազատեանն ասում է , թէ Ղարաբաղեան հարցը լուծելու ճանապարհը կրկին պատերազմն է: Խաղաղ ապրելու հեռանկարը բանակցութիւններով հնարաւոր չէ: Ատրպէյճանի սպառազինուելու մասին էլ ասում է. «Էն վախտ (ժամանակ – ՅՄ) էլ ունէր: Էն վախտ ինքը տանկ (հրասայլ – ՅՄ) ունէր, մենք բան չունէինք, աւտօմատով տանկի դէմն էինք, բայց կարողացանք տանկն էլ, տեխնիկան էլ վերցնենք, եւ իրենց զէնքը օգտագործենք իրենց դէմ»: Յաւելում է , «թէ պատերազմում հեշտ բան չկայ: Մարդ սպաննելն է ամենասարսափելին՝ անկախ ազգութիւնից, բայց եթէ կռիւ է, կամ քեզ պիտի խփեն, կամ դու պիտի խփես: Այդ ամենը, սակայն, տարիներ յետոյ հոգեբանօրէն անդրադառնում է կռուած տղերքի վրայ: «Փառք Աստծու, էսօր ամեն ինչ էլ ունենք, շաքարից բռնած…», – ծիծաղելով ասում է նա:
Զրոյցի վերջում պատերազմի ժամանակ հումորային (զուարթ – ՅՄ) իրավիճակներից մէկն է յիշում. «Մի անգամ Կոռնիձորում էինք, Աշտարակցի տաքսու վարորդ էր եկել շարժմանը մասնակցելու: Նստած կարտ (թուղթ – ՅՄ)էինք խաղում, մէկ էլ ջեբից (գրպանէն – ՅՄ) կալոդներով փող հանեց: Ասինք՝ կալոդներով փող ինչի՞ ես բերել. ասաց՝ ադա, պլեն (փորձանքը – ՅՄ)ընկնել կայ, ազատուել կայ: Մէկ էլ թուրքերը սկսեցին կրակել, ասաց՝ ադա, էստեղ մարդ էլ կը սպաննեն»: Ծիծաղում ենք: Ծխախոտի տուփից նոր ծխախոտ է վերցնում:
Գրիգոր Ազատեանը փոխգնդապետի կոչում ունի, ՊՆ Կենտրոնական զինուորական հիւանդանոցի (հիւանդանոցի – ՅՄ) պետի տեղակալն է: Յետոյ եմ իմանուն, որ մինչ այդ, որոշ ժամանակ, աշխատանք չունենալու պատճառով տաքսի էր քշում, ինքը չի նշում դա:
Գնահատուած լինելու խնդիրը կռուած տղերքը չունեն: Նրանք արել են այն, ինչ պիտի անէին. ու կ՛անեն էլի նոյնը, եթէ պէտք լինի: «Չկասկածէ՛ք», եզրափակում է Գրիգոր Ազատեանը:
«ՀԵՏՔ»
Մարտ 28, 2016