Իմ վերջին յօդուածներից մէկում, սիրելի՛ ընթերցողներ, ես յիշեցրեցի, որ ո՛չ Ղարաբաղեան շարժման սկզբում, ո՛չ Սպիտակի երկրաշարժի սարսափելի օրերին, ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ մութ ու ցուրտ, սովի 90ականներին, ո՛չ, առաւել եւս, 2000ականների սկզբին մենք չէինք կարող պատկերացնել, որ, որպէս ազգ ու երկիր, կարող ենք յայտնուել այն կեղտի մէջ, որում այսօր ենք: Հասկանալ իրադրութիւնը մեզ կ՛օգնի ոչ միայն այսօրուայ իրավիճակի` որպէս մեր քաղաքական պատմութեան առանձին փուլի, վերլուծութիւնը (մեր լրատուամիջոցներում այդ թեմայով նիւթերի պակասութիւն չկայ), այլ նաեւ մեզ այսօրուայ աննախանձելի վիճակին հասցրած իրադարձութիւնների շղթայի սթափ ուսումնասիրութիւնը:
Ստեղծուած իրավիճակից դուրս գալու համար (եթէ մնացել է ցանկութիւն եւ հնարաւորութիւն) հարկաւոր է նախ հասկանալ, թէ ինչպէս ենք այդտեղ յայտնուել: Հարկաւոր է ըմբռնել կատարուածի էութիւնը, շարժիչ ուժերը, բախուող շահերը եւ գնահատել հնարաւոր հետեւանքները: Եւ միասին փնտռել ելքը: Ինչ որ չափով դրա համար խթան դարձան yerkir.am կայքում, նաեւ այլ ԶԼՄներում հրապարակուած իմ յօդուածների կապակցութեամբ արուած մեկնաբանութիւնները: Դրանցում պարունակուող հարցերը պատասխանների կարիք ունեն: Դէ ինչ, փորձենք աւելի խորը նայել:
Ամէն ոք գիտի` 1917 թուականից յետոյ նախկին Ռուսական կայսրութիւնում, որը դարձաւ Խորհրդային Միութիւն, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ նաեւ ամբողջ Արեւելեան Եւրոպայում իշխում էին կոմունիստական կուսակցութիւնները: ԽՍՀՄում սխեման պարզ էր, ինչպէս զինուորական սապոգը (երկարաճիտ կոշիկ) շահագործող դասակարգերը ոչնչացուել են, կայ դեռեւս խմելուն անվերադարձ չտրուած եւ աշխատելը դեռեւս չմոռացած պրոլետարիատ` բանուոր դասակարգ, դեռեւս ոչ ամբողջապէս Սիպիր աքսորուած աշխատաւոր գիւղացիութիւն եւ դեռեւս արմատախիլ չարուած խաւ` մտաւորականութիւն: Կոմկուսը թէեւ բանուոր դասակարգի աւանգարդն է, սակայն լիարժէք ներկայացնում է նաեւ գիւղացիների եւ ծառայողների շահերը, այնպէս որ` յաղթած սոցիալիզմի երկրում մէկ կուսակցութիւնը լիովին բաւարար է:
Արեւելաեւրոպական կոմունիստները, հաշուի առնելով աչալուրջ Արեւմուտքի մօտ լինելը, նաեւ տեղի պայմաններն ու աւանդոյթները, աւելի ճկուն ոճեր էին կիրառում: Նրանք երբեմն (իհարկէ, մոսկովեան ընկերների թողտուութեամբ) թոյլատրում էին մի քանի ոչ մեծ, արհեստականօրէն սեղմուած, սահմանափակ իրաւունքներով կուսակցութիւնների վերահսկուող գործունէութիւնը` տպաւորութիւն ստեղծելով, թէ իրենց երկրներում բնակչութեան տարբեր շերտեր (գիւղացիութիւնը, փոքր ձեռներէց-արհեստաւորները, մտաւորականութիւնը, հաւատացեալները) ինքնուրոյն կազմակերպութիւններով ներկայացուած են երկրի քաղաքական համակարգում: Օրինակ` Չեխոսլովակիայում, բացի Կոմունիստական կուսակցութիւնից, գործում էին նաեւ Ժողովրդական եւ Սոցիալիստական կուսակցութիւնները: Ի հարկէ, դրանք չէին փայլում իրենց ինքնուրոյնութեամբ` կոմունիստների հետ ներգրաւուած էին Ժողովրդական ճակատում:
Փոքր ինչ մեծ անկախութեան արտաքին յատկանիշներ ունէին ԳԴՀի` թուով աւելի մեծ քաղաքական կուսակցութիւնները: Այստեղ, բացի մարքսիստական-լենինեան ուղղուածութեան Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցութիւնից, գործում էին Դեմոկրատական գիւղացիական, Լիբերալ դեմոկրատական կուսակցութիւնները եւ նոյնիսկ Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւնը: Այդ ամէնից առանձնացուած` կար նաեւ 1948ին Կրեմլի հրահանգով ստեղծուած Ազգային դեմոկրատական կուսակցութիւնը, որում “վերակոփելու“ համար հաւաքեցին Վերմախտի 200 հազար նախկին սպաների ու զինուորների, անգամ` նախկին նացիստների, որոնք դուրս էին մնացել Նիւրնբերգի “ուռկանից“: Այդպէս, հաւանօրէն, աւելի հեշտ էր վերահսկողութեան տակ պահել արեւելագերմանական հանրութեան այն հատուածին, որը կազմուած էր փորձառու, մարտունակ եւ կարգապահ մարդկանցից, ովքեր դժուար թէ առանձնակի համակրանք ունենային խորհրդային զաւթիչ վարչակարգի նկատմամբ: Իհարկէ, “բազմակուսակցականութեան“ ծպտումը, թէեւ մխիթարանք էր նրանց համար, ովքեր ոգեւորուած չէին “միակ ճիշդ“ մարքսիստական-լենինեան-ստալինեան ուսմունքից, սակայն դա ոչ ոքի չէր խաբում. բոլոր “այլընտրանքային“ կուսակցութիւնները ընդունում էին կոմունիստների` այդ երկրների սահմանադրութիւններում ամրագրուած ղեկավարող ու առաջատար դերը:
Լեհաստանին, ինչպէս յաճախ էր լինում պատմութեան մէջ, դժուարութեամբ էին յարմարեցնում մշակուած սխեմաներին: Բացի երկրի մարքսիստական ղեկավարից` Լեհական միասնական բանուորական կուսակցութիւնից, գոյութիւն ունէին, աւելի ճիշդ` կոմունիստների հետ միաւորման մէջ համագործակցում էին Գիւղացիական եւ Դեմոկրատական կուսակցութիւնները: Սակայն գործում էր նաեւ “Զնակ“ (“Նշան“) ասոցիացիան` ձախ կաթոլիկների շարժումը, որը ձեւաւորուել էր 1955 թուականին եւ իր պատգամաւորներն ունէր Սէյմում: Նրանք իրական ընդդիմութիւն դարձան, որը չէր ճանաչում կոմունիստների “առաջատար եւ ուղղորդող դերը“, ինչը 1980ին յանգեցրեց ասոցիացիայի արգելմանը: Սակայն Լեհական քրիստոնէական միութիւնը, որը գոյութիւն ունեցաւ 1981-86թթ., շարունակեց ընդդիմադիր աւանդոյթները` էստաֆետը (նախաձեռնութիւնը-Խմբ.) փոխանցելով “Սոլիդարնոստ“ին (“Համերաշխութիւն“): Ի դէպ, Լեհաստանը մշտապէս ընդունուածէն դուրս է: Այնտեղ նոյնիսկ թագաւորներն էին ընտրովի:
Մեր թեման` կեղծ բազմակուսակցական համակարգը մէկ կուսակցութեան փաստացի անփոփոխ գերիշխանութեան պայմաններում, չափազանց արդիական է, քանի որ հէնց դա է դարձել Հայաստանի Հանրապետութեան քաղաքական մոդելը: Թեման լուրջ է, առանց ոչ վաղ անցեալ էքսկուրս կատարելու չի լինի:
Հայաստանի Կոմունիստական կուսակցութեան նոմենկլատուրային-բիւրոկրատական (ղեկավարութեան անմիջական նշանակումով հաստատուած վարչակարգային-Խմբ.) մասը (յատկապէս` դրա կոմերիտական բաղադրիչը), զգայուն կերպով որսալով ժամանակի շունչը, սահուն տեղափոխուեց ՀՀՇ` նոր շարժման` իրենց հոգեպէս, դասակարգային առումով հարազատ “յեղափոխական“ առաջնորդների թեւի տակ: Նրանք միասին ձեւաւորեցին նոր իշխող դասակարգ, դուրս մղեցին այնտեղից, նաեւ “Ղարաբաղ“ կոմիտէից վերակառուցման եւ պատերազմական տարիների բոլոր ազատամիտներին, եւ 1995 ու 1996 թուականների բախտորոշ, կարեւոր ընտրութիւններին բերեցին արիւնաքամ, վախեցած, ազատութիւնից ու անկախութիւնից հիասթափուած հասարակութիւն: Այդ խորհրդարանական ու նախագահական ընտրութիւններով եւ Սահմանադրութեան ընդունման հանրաքուէով գծեցին հասարակութիւնը անհաշտ ճամբարների բաժանող սահմանը. մի կողմում` վարչակարգի պնդացող բետոնը, միւս կողմում` նրանք, ովքեր յոյս ունէին կառուցել ազատ երկիր` արժանի 1988 թուականի` հոգեւոր վերածնուած, ակտիւ, քաջ, հպարտ, ոգեշնչուած հայերին: Յիշո՞ւմ էք այդ հայերին: Ձեզանից շատերը, ովքերը աւելի տարիքով են, հէնց այդ հայերն էին ժամանակին: Նրանք արժանի չէի՞ն աւելի լաւ ճակատագրի կամ լաւ երկրի: Իհարկէ, արժանի էին: Սակայն չկարողացան լաւ երկիր կառուցել եւ սկսեցին այն փնտռել այլ` հեռաւոր վայրերում… Սակայն սա այլ թեմա է, իսկ մենք վերադառնանք մերին:
Յիշենք 90ականների սկզբին քաղաքական ուժերի տեղաբաշխումը: Մի կողմում ՀՀՇական կիսագրագէտ կլեպտոկրատիան (գողամոլութիւնն-Խմբ.) է‘ սերտաճած խորհրդային պետական ապարատի ամենահեռատես ու ճարպիկ ներկայացուցիչների հետ, որոնք միասնաբար կարճ ժամանակահատուածում ծաղկող երկիրը գցեցին լիակատար տնտեսական կոլապսի (անկումի-Խմբ.) մէջ: Միւս կողմում ուժեղ ընդդիմութիւնն է` դաշնակցականները, հանրապետականները` անջատուած ՀՀՇից, դեռեւս փոքր խմբակցութիւնների չբաժանուած Ազգային ժողովրդավարական միութիւնը, յաւակնոտ առաջնորդների կողմից դեռեւս չսեփականաշնորհուած “Ազգային ինքնորոշում միաւորումը“ եւ “Սահմանադրական իրաւունք միութիւնը“, դեռեւս վերակենդանացման կարիք չունեցող ռազմկավարները: Նաեւ կոմունիստները դեռեւս մանր խմբերի չէին տարրալուծուել: Այն, որ այդ ուժերը, յատկապէս` միասին, ընդունակ էին յաղթել 1995ի ընտրութիւններում եւ խորհրդարանական մեծամասնութիւն ձեւաւորել, ոչ ոքի մօտ, այդ թւում` իշխանութիւնների, կասկածներ չէր առաջացնում: Եւ գործի դրուեցին իշխանութիւնը պահելուն ուղղուած ճկուն քաղտեխնոլոգիաներ` մեր հասարակութեանը եւ դեռեւս անփորձ ընդդիմութեանը այն ժամանակ անծանօթ, դրանից էլ` աւելի արդիւնաւէտ: Մանրամասներով եւ ամսաթուերով ձեզ չեմ ծանրաբեռնի. շատերն առանց այդ էլ ամէն ինչ յիշում են, իսկ ում ինչ որ բան կը թուայ բաց թողնուած կամ պարզապէս դուր չի գայ, հաճոյքով հրաւիրում եմ բանավէճի:
Ընդհանրապէս, երբ խօսում են խորամանկ, բարդ քաղտեխնոլոգիաների մասին, նկատի ունեն կատարման որակը, քանի որ բովանդակութիւնը, որպէս կանոն, անփոփոխ է` սկսած նախապատմական ժամանակներից: Այն հիմնուած է հակառակորդին սեւացնելու, զրպարտելու կարողութեան վրայ (ներկայումս կոչւում է կոմպրոմատ կամ սեւ փիար), նպատակ ունի քայքայել, պառակտել նրա շարքերը (divide et impera), ստի, կաշառքի կամ վախեցնելու միջոցով հակառակորդի շարքերից պոկել ամենաենթարկուող օղակները (իւղել ու դեղել): Ահա եւ ամէնը: Իսկ թէ ինչպէս է դա արւում` հնագոյն եղանակո՞վ` նամակների կեղծում, ամբաստանութիւն, կեղծ վկայութիւն եւ այլն, թէ՞ ինտերնետով կամ հեռուստատեսութեամբ, ընդամէնը տեխնիկայի ու դարաշրջանի հարց է:
Անցեալ դարի 90ականներին առաջինը ընդդիմութեան շարքերում “կոտրուեցին“ ազգային-դեմոկրատները: Նրանց առաջնորդ Վազգէն Մանուկեանը մտաւ ՀՀՇական կառավարութեան մէջ, ինչին, բնականաբար, գաղափարական արգելքները չէին խոչընդոտում: Դաշնակցականներին պառակտելու փորձերը` արտասահմանից ճնշումներ գործադրելու միջոցով, եւ ինքնակոչ զուգահեռ կառոյցի ստեղծումը անփառունակ տապալուեցին, եւ իշխանութիւնը ուշադրութիւնը կենտրոնացրեց Հանրապետական կուսակցութեան վրայ: Ճնշումների եւ գայթակղիչ խայծի (օրինակ` “Հրազդան“ մարզադաշտի տեսքով) խորամանկ համադրութիւնը յանգեցրեց այն բանին, որ այդ կուսակցութիւնը կտրուկ փոխեց ուղեգիծը եւ ներգրաւուեց ՀՀՇի հետ միասնական նախընտրական բլոկում: Ընդդիմութիւնը պառակտուեց: Դաշնակցականները, հետ մղելով պառակտիչների յարձակումները եւ չենթարկուելով խայծերին, սպառնալիքներին, շողոքորթութեանը, նաեւ նրանց համակիր փոքրաթիւ կազմակերպութիւնները մնացին միայնակ իշխանութեանը դէմ յանդիման, որը նոր-նոր էր զգացել արագ եւ անծախս հարստացման համը եւ կատաղած էր իշխող դիրքերը կորցնելու հեռանկարից:
Հետաքրքիր թեմա է, չէ՞: Ինչքան յիշողութիւններ արթնացան… Կը շարունակենք թեման, չկասկածէք:
*
90-ականների սկզբին` մինչեւ պառակտումը, հայկական ընդդիմութիւնն առաջարկեց սահմանադրութեան` լաւ մտածուած ու արհեստավարժօրէն մշակուած համատեղ նախագիծ, որի վերաբերեալ բանավէճերը դարձան անկախութեան առաջին տարիների քաղաքական գործընթացի հէնքը: Իսկ այդ գործընթացի խորապատկերը Ղարաբաղում ազգային-ազատագրական պատերազմն էր, մարդկային կորուստները, դեռեւս անսովոր շրջափակումը, մութ, ցուրտ, սոված օրերն ու գիշերները, բնակչութեան զանգուածային ելքը երկրից եւ բարձր հովանաւորներ ունեցող, օրըստօրէ լկտիացող գողականները, որոնք առաջնորդւում էին անարժանօրէն մոռացուած Վանիկ Սմբատի Սիրադեղեանի կարգախօսով` մեր դէմ խաղ չկայ:
1994 թուականի վերջին իշխանութիւնների համար պարզ դարձաւ, որ ժողովրդական վրդովմունքն այնքան ուժեղ է, որ նոյնիսկ պառակտուած ընդդիմութիւնն ի վիճակի է իրենց լուրջ պարտութեան մատնել խորհրդարանական ընտրութիւններում: Եւ այդ ժամանակ իշխանութիւնը, իր արտասահմանեան տէրերի օգնութեամբ, բոլոր ուժերը կենտրոնացրեց աւելի մեծ հեղինակութիւն վայելող եւ վտանգ ներկայացնող հակառակորդի` Հայ յեղափոխական դաշնակցութեան դէմ: Ես արդէն յիշատակել եմ դաշնակցականներին թուլացնելու նախորդ փորձերի մասին` Հայաստանում եւ արտասահմանում արհեստականօրէն զուգահեռ կառոյցներ ստեղծելու միջոցով: Գործի դրուեց ցանկացած քարոզչութիւն` խորհրդային “մաշուած“ առասպելները “համաշխարհային կայսերապաշտութեան շների ու խոշոր քաղքենիութեան վարձկանների“ մասին, ծիծաղաշարժ շարժապատկերային քլիշէներ (դրանք հիմա էլ են կիրառւում), կուսակցութեան` նախկինում թոյլ տուած սխալները, արտաքին յարաբերութիւնների ոչ այնքան թափանցիկ դրուագներ ու դրանց հետեւանքները, պատմութեան վիճելի փաստեր եւ, ի հարկէ, հիմնական սարսափազդու հնարքը` ահաբեկչութեան մէջ մեղադրելը: Ի դէպ, վերջինն այնքան էլ չէր վնասում Դաշնակցութեան համբաւին, քանի որ հայ ժողովուրդը ե՛ւ սփիւռքում, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում յարգում եւ գնահատում էր այդ կուսակցութեանը ոչ թէ պոլշեւիկների, հնչակների կամ ռամկավարների հետ գաղափարական վէճերում համոզիչ լինելու, այլ հէնց հարուածին հարուածով պատասխանելու ունակութեան եւ պայքարի զինուած մեթոտներին տիրապետելու համար: Ու թէեւ դաշնակցականները երբեք չեն կորցրել իրենց գլուխն ու զէնքի դիմել սեփական երկրում (յամենայն դէպս, ոչ մի հետաքննութիւն եւ ոչ մի դատարան նման բան ապացուցել չկարողացան), Դաշնակցութեան դէմ 1994-ից սկսուած բռնութիւնները հիմնուած էին հէնց այդպիսի մեղադրանքների վրայ` ահաբեկչութիւն, զինուած յեղաշրջման նախապատրաստում եւ այլն:
Սակայն մի կողմ թողնենք տէրպետրոսեանական վարչակարգի ու դաշնակցականների բախումը, դա առանձին թեմա է` հին նախապատմութեամբ, եւ դրա վերջակէտը դեռ չի դրուած: Կը գայ ժամանակը, եւ Դաշնակցութեան` Հայաստանում 20-րդ դարի վերջին քառորդի գործունէութեան, ի դէպ, նաեւ այլ կուսակցութիւնների պատմութիւնը կը գրուի անկողմնակալ պատմաբանների կողմից (թէեւ, միւս կողմից, որտեղի՞ց այդպիսիք):
Սակայն եթէ փորձենք բացայայտել այն ժամանակուայ իրադարձութիւնների պատճառահետեւանքային կապերը, պարզ կը դառնայ, որ Դաշնակցութեան առաջնորդների ձերբակալութիւնները եւ կուսակցութեան արգելումը նախերգանքն էին անկախ Հայաստանի առաջին խորհրդարանական (1995 թուական) եւ երկրորդ նախագահական (1996 թուական) ընտրութիւնների, որոնք դրեցին ընտրակեղծիքների հիմքը, եւ այդ կեղծիքների կատարելագործումն աներեւակայելի հնարամտութեամբ շարունակւում է մինչ օրս: Այդ ժամանակներից էլ հայկական քաղաքական բառապաշարում յայտնուեց “ամօթալի ընտրութիւններ“ բառակապակցութիւնը, որով արդէն քանի տարի անընդհատ խարանւում են նմանատիպ բոլոր միջոցառումները: Իսկ այն, որ 1998 թուականին Տէր Պետրոսեանը հրաժարական տուեց, պարզապէս նախապէս չկանխատեսուած, բայց լաւ օգտագործուած տարր էր անթափանցելի համակարգի եւ իշխանութեան անփոփոխ կազմի վերջնական ձեւաւորման գործընթացում: Բոլորը` ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտասահմանում, տեսան, որ աղքատացած ժողովրդի ատելութեամբ սնուցուող հզօր հանրահաւաքները իշխանութեան կողմից զիջումների, առաւել եւս` նախագահի հրաժարականին չյանգեցրին. հանգստի (այն էլ` ոչ վերջնական) նա գնաց միայն իր իսկ ստեղծած յանցաւոր խմբի ճնշման տակ:
Ճիշդ է, այն ժամանակ ոչ երկար ժամանակով իրական առիթ ստեղծուեց` կառուցել կառավարման եթէ ոչ իտէալական, ապա գոնէ առողջ համակարգ` բարդ իրողութիւններին ու ապագայի մարտահրաւէրներին համարժէք: Սակայն, ցաւօք, դա տեղի չունեցաւ, առիթը բաց թողնուեց, քանի որ հէնց այդ ժամանակ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը կատարեց իր գլխաւոր ու ճակատագրական սխալը: “Գլխաւոր սխալ“ ասուածն այս համաթեքսթում չի նշանակում ամենանկատելի, կամ` որ դրա ստուերում միւս սխալները չեն երեւում: Բանն այն է, որ Քոչարեանը վտանգի չդիմեց` իշխանութիւնը արմատապէս փոփոխելու համար. ընտրուելուց յետոյ նա չլուծարեց ՀՀՇ-ական խորհրդարանը` 1995-ի ամօթալի ընտրութիւնների ծնունդը (թէեւ նրան յամառօրէն խորհուրդ էին տալիս): Նա չցանկացաւ իր իրական յենարանը դարձնել անկախ քաղաքական ուժերին, որոնք իրենց չէին արատաւորել տէրպետրոսեանական վարչակարգի հետ համագործակցութեամբ: Իսկ անմիջապէս նախագահականից յետոյ` 1998-ին նշանակուած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները յաղթանակ կը բերէին հէնց այդ ուժերին, եւ Հայաստանի զարգացումը բոլորովին այլ ուղղութեամբ կ՛ընթանար:
Դա տեղի չունեցաւ, առիթը, կրկնում եմ, բաց թողնուեց, քանի որ ապագայ նախագահ Քոչարեանին դէմ տուեցին բարձրագոչ, ինչպէս թմբուկը, նոյնքան էլ դատարկ կարգախօս` “Իմ կուսակցութիւնը ժողովուրդն է“, որը վարպետօրէն նրան զրկում էր իրական քաղաքական աջակցութիւնից: Արդիւնքում` նախկին ՀՀՇ-ականներից շատերը եւ նրանց արբանեակները, մինչ այդ մի գիշերուայ մէջ դարձած “երկրապահ“, շունչ առնելու ժամանակ ունեցան եւ արագ կերպարանափոխուեցին հանրապետականների, քանի որ իրեն գլխաւոր հանրապետական էր հռչակել այն ժամանակ ամենազօր Վազգէն Սարգսեանը: Այդպիսով` նրանք պահպանեցին քաղաքական եւ տնտեսական գերիշխող դիրքը հասարակութեան մէջ, ինչը եւ դարձաւ դրան յաջորդած եւ մինչ օրս շարունակուող քայքայման հիմնական պատճառը:
Ի դէպ, այն ժամանակներից սկսած` այդպէս էլ շարունակւում է` Հանրապետական կուսակցութիւնն իրեն առաջնորդ է կարգում կուսակցական գործունէութիւնից` ընդհանրապէս, եւ ցեղակրօն-հանրապետական գաղափարախօսութիւնից` մասնաւորապէս, հեռու հասարակական կամ ծառայողական բարձր դիրք զբաղեցրած կողմնակի անձանց: Ամբողջ աշխարհում յաջողակ կուսակցութիւնների առաջնորդները, ընտրութիւններում յաղթելով, դառնում են պետութեան ղեկավարներ: Հայաստանում հակառակն է` պետութեան ղեկավարները նախ քարշակի դեր են կատարում իշխող նշանակուած կուսակցութեան համար, իսկ յետոյ գրոհում են այդ “նաւը“` իրենց հռչակելով դրա նաւապետ: Այդ ամէնը, անշուշտ, տեղի է ունենում կուսակցական ենթարկուող վերնախաւի բուռն, չդադարող ծափահարութիւնների ուղեկցութեամբ:
Այսպէս, երկրորդ նախագահի գործունէութեան սկզբում, նրա աչքի առաջ, իշխող կուսակցութեան սկսած գործը ՀՀՇ-ից ընդունեց Հանրապետական կուսակցութիւնը: Ընդ որում` ժողովուրդը լռում էր, ինչպէս “Պորիս Կոտունով“ ողբերգութեան վերջին արարում: Երկրում հաստատուեց “իշխանութեան փոփոխութիւնը իշխանութիւնների բացառիկ իրաւունքն ու գործն է“ քաղաքական բանաձեւի վրայ հիմնուած համակարգ: Ժողովուրդը, քաղաքական կուսակցութիւնները, քաղաքացիական միութիւնները այդ բանաձեւում ոչ մի կերպ չեն տեղաւորւում եւ որոշումներ կայացնելու գործընթացի հետ որեւէ կապ չունեն: Նրանք ընդամէնը հասարակական աշխուժութեան, քաղաքական գործընթացի պատրանքային խորապատկեր են ստեղծում: Իմ մի շատ խելացի ծանօթի բնորոշմամբ` իշխանութիւնը տեղափոխուել է քաֆքայական ամրոց` պատնէշուելով հասարակութիւնից համարեա անթափանց պատով, եւ ժողովրդին, որպէս զուարճալիք, թողնելով միայն անպտուղ պոռթկումները:
Ինչո՞ւ երկրորդ նախագահը, ում հետ այդքան յոյս էր կապւում, թոյլ տուեց դա: Որովհետեւ արդէն 1998-ի նախագահական ընտրութիւնների ժամանակ նրան ըմբռնելի ձեւով բացատրեցին` նախագահի ընտրութեան մեքանիզմները ոչ մի ընդհանուր բան չունեն անձնական հեղինակութեան եւ ժողովրդի կողմից այդ հեղինակութեան ճանաչման հետ: Հայաստանում սա անխախտելի կանոն է, եթէ դրան չես հետեւում, նշանակում է տեղ չունես իշխանութեան մէջ, չես էլ կարող մնալ այնտեղ: Պարզապէս զարմանալի է, թէ ինչպիսի հետեւողականութեամբ էին կանխւում հասարակութեան` իր ճակատագրի ընթացքին միջամտելու փորձերը: Ահա ցայտուն օրինակ` 2003-ի նախագահական ընտրութիւնները: Առաջին փուլում միայն վարչական միջոցների շնորհիւ յաղթանակի հասնել չյաջողուեց, իսկ երկրորդ փուլում գործն իրենց ձեռքը վերցրեցին Ռոպերթ Քոչարեանին աջակցող քաղաքական ուժերը: Նրանք ճիգ գործադրեցին եւ հասան յաջողութեան` իրենց թեկնածուի համար ապահովելով համեստ, բայց ամուր ու յուսալի գերակշռութիւն: Լուրջ վտանգ առաջացաւ (իսկ ժողովրդի համար` յոյս), որ նախագահը կ՛ընտրուի առանց կատարելագործուած խարդախութիւնների եւ տարատեսակ կիսաքրէական ղեկավարների նիւթական աւանդի` առանց գողականների, ուժային կառոյցների, Կենտրոնական ընտրական յանձնաժողովի խորամանկ խարդախների, գաւառական ցեղական առաջնորդների ու նրանց շքախմբերի, այլ հիմնականում քաղաքական գործիչների ուժերով ու քաղաքական մեթոտներով: Վերեւներում իրենց “կաշուով“ զգացին այդ վտանգը: Ի՛նչ իրարանցում սկսուեց: Մինչ ընտրատեղամասերը փակելը` վերջին ժամերին, թէ ի՛նչ էր կատարւում: Մկանների անտեղի խաղ, արձանագրութիւններում անտեղի լրացումներ, քուէաթերթիկների անտեղի լցոնում, անտեղի լարուածութիւն ու վազվզոց: Թքելով երկրի հեղինակութեան ու շահերի, անգամ` հէնց իշխանութեան վրայ, ծառայում էին ուժերի գերլարումով` ապականելով ու փչացնելով համեստ, բայց ազնիւ յաղթանակը, այն վերածելով հերթական ամօթալի իրադարձութեան: Եւ այդ ամէնը մի նպատակի համար` որպէսզի ծնունդ առնող քաղաքացիական հասարակութեան մտքով չանցնի մտնել “տիրելու“ գործերի մէջ, իսկ “տնօրէնի“ (այսպէս են երկրի ղեկավարութեան կիսագողական շրջանակներում անուանում նախագահին) գլխում յանկարծ չծնուի այն ըմբոստ միտքը, թէ ընտրուել կարելի է նաեւ ժողովրդի կամքով: Աստուած մի արասցէ, որ ժողովրդական զուարճալիքը` ժողովրդավարութիւնը, ինչ-որ մէկը լուրջ ընդունի:
Սակայն շուտով պարզ դարձաւ, որ ժողովրդական զուարճալիքից իշխանութիւնները կարող են օգուտ քաղել: Մի՛ մոռացէք` սկսուել էր 21-րդ դարը, Հայաստանը Եւրոպայի խորհուրդ մտնելու ճանապարհին էր, եւ առանց ուրախ, ժողովրդավարական երանգներով ներկուած ճակատի դժուար կը լինէր: Եւ այստեղ հայկական իշխանութիւններին օգնութեան հասաւ արեւելաեւրոպական համայնավար երկրների` նախորդ մասում նկարագրուած “բազմակուսակցական“ փորձը, որը կարելի էր քողարկել “անցումային շրջանի բազմակարծութեամբ“: Իշխող կուսակցութեան անփոփոխութեան մոտելը` առաջատարի նրա դերը չվիճարկող այլ կուսակցութիւնների առկայութեան պայմաններում, Հայաստանում դարձաւ իշխող: Ով ընդունում է դա, դառնում է համակարգի մաս եւ կարող է քաֆքայական ամրոցում յայտնուելու յոյս փայփայել, կամ` գոնէ դրա մատոյցներում: Իսկ ո՞վ չի ընդունում: Նրանց եւ միւսների մասին շուտով կը խօսենք: