Մհեր Աւետիսեան
2003-ից մինչ 2016 Ապրիլեան քառօրեան ընկած 13 տարիների վրայ յետադարձ հայեացք գցելով` կարելի է յանգել հետեւեալ եզրակացութեանը.-
2003-ին, երբ իշխանութեան եկաւ Իլհամ Ալիեւը, Արցախի հակամարտութեան կարգաւորման գործընթացին ինչ-որ չափով հետեւողները կամ դրանով հետաքրքրուողները հասկացան, որ ամէն ինչ սկսւում է զրոյից:
Այս զրոն չէր վերաբերում միայն բանակցային գործընթացին կամ խնդրի քաղաքական ասպեկտին, այլեւ, գուցէեւ առաւելաբար, խնդրի ռազմական կողմին` երկրների սպառազինութեանը եւ հայ – ատրպէյճանական շփման գծին:
Կրտսեր Ալիեւը փոխուեց ատրպէյճանական իշխանութիւնների ներքին հռետորաբանութիւնը, սկսեցին հնչել Ղարաբաղը կռուով հետ բերելու կոչեր, որոնք ուղեկցւում էին սպառազինութեան աճով եւ ռազմական ոլորտին յատկացուող օրէցօր աճող բիւջէով: Ինչ խօսք` այս ամէնին նպաստում էր նաեւ նաւթի եւ գազի վաճառքից ձեւաւորուող պետական պիւտճէի աճը:
Ալիեւեան այս հռետորաբանութիւնն ուղեկցւում էր շփման գծում միջադէպերի աճով` թէ յաճախականութեամբ եւ թէ մարտավարութեամբ:
Մեր կողմից անցկացուած դիտարկման արդիւնքում, որը հնարաւորինս հակիրճ կը ներկայացնենք ընթերցողին, յստակ երեւում է այն ռազմավարութիւնը, որը հակառակորդը կիրառում ու զարգացնում էր այս տասնամեակի ընթացքում` փուլ առ փուլ փոխելով մարտավարութիւնը:
Այս շուրջ տասնամեայ ռազմավարութեանը տանք «գորտի էֆեկտ» անուանումը:
Ինչու՞ «գորտի էֆեկտ»:
Եթէ գորտը գցենք տաք ջրի մէջ, նա կտրուկ ցատկով դուրս կը թռչի կաթսայից, իսկ եթէ գցենք սառը ջրով կաթսայի մէջ, նա չի փորձի դուրս թռչել: Իսկ եթէ կաթսան դնենք կրակին եւ տաքացնենք, սառնարիւն գորտի մարմնի ջերմաստիճանն աստիճանաբար ջրին հաւասար կը տաքանայ, եւ գորտը դա չի զգայ ու, ի վերջոյ, կը խաշուի: Ստորեւ կը տեսնենք, որ հակառակորդը մեր նկատմամբ անցած տարիների ընթացքում կիրառել է մի ռազմավարութիւն, որը էութեամբ համեմատելի է բերուած օրինակի հետ, այդ պատճառով էլ այն անուանեցինք «գորտի էֆեկտ»:
Այժմ ներկայացնենք սահմանային միջադէպերը` ըստ ժամանակահատուածի եւ ըստ մարտավարութեան:
2003-2008 թուականներին սահմանային միջադէպերը, որոնց հետեւանքով վիրաւորւում կամ զոհւում էին զինուորներ, հիմնականոմ պայմանաւորուած էին անփութութեան, երբեմն` ինքնագործունէութեան, անվտանգութեան կանոնների խախտման, կանոնագրային յարաբերութիւնների անտեսման երեւոյթներով: Թշնամու հետախուզական-դիւերսիոն գործողութիւնները կամ դիպուկահարները աւելի քիչ կեանքեր էին խլում:
Այս ժամանակահատուածը բնորոշուեց որպէս մաշող-հիւծող պատերազմ:
2008-ից սկսուեց մէկ այլ փուլ,որը տեւեց միչեւ 2012:
Այս մարտավարութիւնը կայանում էր նրանում, որ շեշտը դրուեց դիպուկահարների վրայ. յստակ կարելի է ասել, զոհերի եւ վիրաւորների 60-70% բաժին էր ընկնում դիպուկահարներին: Այս մարտավարութեօնը հակառակորդը կիրառում էր նաեւ Հայաստանի Հանրապետութեան հիւսիս-արեւելեան սահմանագօտու ուղղութեամբ:
Այս ժամանակահատուածը կոչուեց «դիպուկահարների պատերազմ»:
2012-ից սկսուեց եւ 2014-ի Օգոստոսի սկզբին գագաթնակէտին հասաւ արդէն մի այլ մարտավարական փուլ: Այս շրջանն առանձնանում էր իր ոճով:
Սահմանին գործօն էին հետախուզական գործողութիւնները, որոնց հետեւանքով ունենում էինք ոչ թէ մէկ զոհ կամ վիրաւոր, այլ մէկից աւելի վիրաւորներ կամ զոհեր:
Իր բնոյթով այս շրջանը արդէն կարելի է համարել մերձ շփումների շրջան:
Զինադադարից յետոյ շփման գծում առաւել շատ ընդհարումներ տեղի ունեցան այս ժամանաահատուածում: Եթէ մինչ այս ժամանակաշրջանը մեր կորուստների 70-80%-ը բաժին էր ընկնում հեռահար կրակոցներին, ապա այս ժամանակահատուածում տոկոսային պատկերը փոխուեց. արդէն 60-70%-ն էր բաժին ընկնում, այսպէս կոչուած, «մերձ շփման»ը, այսինքն` մերձամարտին:
Հետեւութիւն. հակառակորդն ընտրել է նոր մարտավարութիւն, նորացուել են օգտագործուող զինատեսակները (դիպուկահար հրացաններին զուգահեռ գործածւում են նռնակներ, մէկ անգամ օգտագործուող նռնականետեր, մերձ տարածութեան վրայ օգտագործուող զէնքեր եւ այլն): Եւ ամենաարեւորը` հակառակորդն իր գոծողութիւնները մօտեցրել էր մեր առաջնագծին, այսինքն` խախտուել էր առաջնագծերի միջեւ գտնուող չէզոք գօտու (ոչ յուսալի) չէզոքութիւնը:
Ինչպէս վերեւում ասուեց, այս փուլի գագաթնակէտը գրանցուեց 2014-ի Յուլիսի վերջին-Օգոստոսի սկզբին` տասնօրեայ ժամանակահատուածում:
Հակառակորդը մի քանի ուղղութիւններով իրականացրեց ինտենսիւ դիւերսիոն գործողութիւններ, որոնք, մեր դիրքապահների կողմից կասեցուեցին եւ ապա ետ շպրտուեցին: Հայկական կողմը հարկադրուած էր թշնամուն պատասխանել համարժէք գործողութիւններով:
Մեր կազմակերպուած եւ յստակ պատասխանը ձախողեց հակառակորդի ծրագրերը, եւ նա առժամանակ «հանգստացաւ»:
Այս տասնօրեայ դիմակայութիւնը մեր լրատուադաշտում բնորոշուեց «միքրոպատերազմ» կամ «յարակողական մարտեր» անուամբ, ինչը բնորոշ է ողջ փուլին:
Միքրոպատերազմների փուլն աւարտին հասաւ Օգոստոսեան բախումներից յետոյ:
Փուլի աւարտից յետոյ, ինչպէս նախորդ փուլերի աւարտից յետոյ, հաառակորդը կարծես կարճատեւ դադար վերցրեց` հիմնականում իր կորուստները աստիճանաբար ներկայացնելու, ինչպէս նաեւ ներքին իրավիճակի շիկացումից խուսափելու նպատակով:
Սակայն այս դադարների հիմնական նպատակը միջազգային հանրութեան գնահատականներին հետեւելը եւ դրանք հասկանալն ու վերլուծելն էր:
Իսկ միջազգային հանրութիւնն իր գնահատականներում գրեթէ միշտ հաւասարեցնում էր Արցախի եւ Ատրպէյճանի գործողութիւնները եւ նոյն յորդորով դիմում երկուսին` չմատնանշելով իրական ագրեսորին եւ հարկադրուած պաշտպանուողին:
Այս անդէմ յայտարարութիւններն աւելի էին ջուր լցնում Հէյտար Ալիեւի ջրաղացին:
Որոշ դադարին յաջորդեց նոր մարտավարական փուլ:
Այսպիսով` 2014-ի ամրան վերջերից, սահմանային միջադէպերի ժամանակ, հակառակորդն սկսեց օգտագործել ականանետեր, սկզբնական շրջանում 60 մ.մ. տրամաչափի, ապա` 82 մ.մ., աւելի ուշ գործի դրուեց 120 մ.մ. տրամաչափի ականանետ:
1994-ի զինադադարից յետոյ, յատկապէս առաջին ամիսներին, առաջնագծում թէեւ լինում էին թէժ բախումներ, միջդիրքային միքկրոմարտեր, սակայն հրետանի (հրանօթներ կամ ականանետեր) գրեթէ չէին օգտագործւում:
Սա բաւականին լուրջ առաջխաղացում էր հակառակորդի կողմից օգտագործուող զինատեսակների եւ մարտավարութեան առումով: Առաւել եւս այս ընթացքում ինտենսիւացան հետախուզական գործողութիւններն առաջնագծում:
Հակառակորդն այնքայ լկտիացաւ, որ գործողութիւններ սկսեց կազմակերպել նոյնիսկ հայկական ուժերի թիկունքում:
2015-էն սկսած հակառակորդը, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, օրը ցերեկով ականանետային կրակ բացեց Պաշտպանութեան Բանակի բարձրաստիճան սպաներից մէկի մեքենայի ուղղութեամբ, եւ նոյնիսկ մամուլով տարածեց Արցախի Պաշտպանութեան Բանակի գնդապետի մահուան մասին կեղծ լուրեր:
Այս դէպքից բխող կարեւոր եզրակացութիւնն այն էր, որ հակառակորդն իր ականանետային կրակի կառավարման համար օգտագործում է անօդաչու սարքեր. սա արդէն գիշերային լարուածութիւն չէր, այլ կոնկրէտ ծրագրուած բացայայտ գործողութիւն:
Անօդաչու սարքերի օգտագործումը շփման գծում հակառաորդի կողմից նոր քայլ էր, թէ մարտավարական, թէ ռազմատեխնիկական տեսակէտից:
2015-ի աշնան կէսերին հակառակորդը զինադադարից յետոյ առաջին անգամ գործի դրեց հաուբիցնէր եւ կրակի թիրախ դարձրեց արդէն ոչ թէ առաջնագիծը, այլ` ստորաբաժանման զօրանոցը, որը գտնուոմ էր թիկունքում` առաջնագծից 5-6 քլմ. հեռու:
Նոյն թուի ուշ աշնանն օգտագործեց Տ -72 հրասայլ` բաց կրակային դիրքից կրակ բացելով ոչ թէ դիրքամերձ ճանապարհի, այլ` միջհամայնքային նշանակութեան ճանապարհով ընթացող մեքենաների վրայ:
Այսպիսով` 2014-ի Օգոստոսի վերջին աւարտուած միկրոպատերազմին յաջորդեց ականանետային պատերազմը: Սրա գագաթնակէտը թիկունքում գտնուող զօրամասի ռմբակոծումն էր հաուբիցներից, որին կարճ ժամանակ յետոյ յաջորդեց տանկի կրակը:
2016-ի Յունուարն ու Փետրուարը աչքի չընկան արտառոց միջադէպերով, այս ժամանակահատուածը կարծես դադարի պահն էր նախորդ փուլի աւարտից յետոյ եւ նոր փուլի նախօրէին, այսպէս կոչուած, միջազգային հանրութեան արձագանքները լսելու եւ միգուցէ հայկական կողմին հանգստացնելու համար:
Գարնան սկզբին սկսուեցին եւ օրէ օր բազմացան միջադէպերը սահմանագծին եւ նրան յարակից թիկունքային հատուածում:
Կարճ տարեգրութիւն մինչ ապրիլեան քառօրեան. ինչ էին զրուցում պարզ արցախցիներն իրար հետ:
Մարտի 24-25 գիշեր
-Մարտունու շրջանի Հերհեր գիւղից. «Կարծես ականանետից կրակում էին Մարտունու ուղղութեամբ, լուսադէմին ձայները լսւում էին գիւղում»:
Մարտի 28-29
-Ականանետով կրակել են Մարտակերտի ու Թալիշի ուղղութեամբ:
Եւ, վերջապէս` Ապրիլի 2 -ի առաւօտեան, զրոյց Ստեփանակերտում.
Գիշերը կրակել են Թալիշի ուղղութեամբ (զրուցում են հանգիստ, կարծես խօսքը սովորական նիւթի է վերաբերում):
Այս ամէնից յանգում ենք երկու եզրակացութեան.
1. Ատրպէյճանը իր գործողութիւններով յստակ, ծրագրուած կերպով գնում էր դէպի Ապրիլեան իրադարձութիւնները:
2. Արցախի բնակիչը սպասում էր այդ իրադարձութիւններին:
Որ պիտի լինէր պատերազմական բռնկում, կարելի էր ենթադրել: Խնդիրն այն էր, թէ երբ կարող էր սկսուել:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԵՒ ԸՆԿԵՐ
Առաջադրանքը
«Կանգնում ենք մինչեւ վերջ, մինչեւ վերջին փամփուշտը, յետոյ անցնում ենք մերձամարտի» (Մերուժան Ստեփանեան – Հետախուզական դասակի հրամանատար, զոհուել է քառօրեայ պատերազմի ժամանակ):
Վստահօրէն կարելի է ասել, որ հակառակորդի կողմից հրահրուող գործողութիւններին միշտ տրուել է համարժէք պատասխան:
Սակայն կայ մէկ կարեւոր կէտ եւս:
Լարուածութեան աճ առաջնագծում. միջդիրքային բախումները, դիպուկահարների կրակը, հետախուզադիւերսիոն գործողութիւնները, ականանետային կրակը պարտադրեցին մեր զինուորներին առաջնագծում իրենց ծառայութիւնը տանել գրեթէ պատերազմական իրավիճակին հաւասար պայմաններում, ինչի շնորհիւ զինուորները պարզ դիրքապահներից վերածուեցին մարտական փորձ ունեցող մարտիկների, ովքեր գործնականում, արդէն իսկ իրականացրել էին դիրքի պաշտպանութիւնը յարձակման ժամանակ, դիրքի շրջանաձեւ պաշտպանութիւնը դիւերսիոն յարձակման ժամանակ, ականահարման ժամանակ գրագէտ եւ արդիւնաւէտ կերպով օգտուել թաքստոցներից եւ կազմակերպուած կերպով անցնել պաշտպանութեան: Այս եւ նման շատ զինուորական գիտելիքների եւ հմտութիւնների էին տիրապետել հայ զինուորները, որոնք ներկայ դիրքային ծառայութեան անբաժան մասն են դարձել:
Մեր զինուորները, իրենց հասանելիք առաջադրանքը գիտացելով, կարողացան այն կատարել, եւ դրա ապացոյց կարող ենք համարել ապրիլեան քառօրեան, երբ դիրքերի աւագները` ընդամէնը քսանամեայ սերժանտներ, կարողանում էին իրենց ջոկերով այնպէս կազմակերպել դիրքերի պաշտպանութիւնը, որ թէ քանակական, թէ ռազմական առաւելութիւն ունեցող հակառակորդը մի քանի գրոհներից յետոյ կարողացել էր տիրել ընդամէնը մի քանի դիրքի…
Օրինակը` «լալայկան» (Լելեթեփէ) պաշտպանող «հրեշտակների ջոկատը» եւ դիրքի աւագ Ադամ Սահակեանը:
Ընկերը
«Պապ, մեզ մօտ ախպերութիւն է»,- քառօրեայի ժամանակ նահատակուած հերոսներից մէկը այպիսի խօսքեր է ասել հօրը:
Մեր զինուորների մօտ փոխուեց եւ արմատացաւ մէկ այլ հասկացութիւն եւս` ընկեր, զէնքի ընկեր, ում ամենակրիտիկական պահին պիտի վստահես անգան կեանքդ:
Ապրիլեան քննութեան ժամանակ մեր զինուորները ցոյց տուեցին ընկերասիրութեան եւ նուիրումի բացառիկ օրինակներ:
Յիշենք գնդապետ Ուրֆալեանին մենակ չթողած, հրամանն անգամ անտեսած Քարամ Սլոյեանին:
Լինելով վիրաւոր, սակայն վիրաւոր ընկերոջը մինչեւ վերջ հնարաւորինս ապահով դիրք տեղափոխող Ռոպերթ Ապաճեանին յիշենք եւ բազում այլ դէպքեր ու հերոսների:
Այսպիսով` հակառակորդի կողմից մեզ պարտադրուած «գորտի էֆեկտ» ռազմավարութեանը մենք պատասխանեցինք մեր մէջ արմատացած զինուորական վարքականոնի կարեւորագոյն սկզբունքով` Առաջադրանք եւ Ընկեր: